«Շատ ճիշտ հարց են քննարկում՝ թափոնները քննարկում են թափոնների մասին նախագիծ». Մեխակ Մխիթարյան
Մինչ թշնամին հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով հարձակումներ է իրականացնում, խորհրդարանական երկիր Հայաստանի ԱԺ-ում քննարկում են տարբեր հարցեր, բացի սահմանին տեղի ունեցող զարգացումներից՝ Կոռուպցիան վերացնելուց մինչև թափոնների հարց։
Նման իրավիճակում արդյո՞ք խորհրդարանը չպետք է փոխեր իր օրակարգը և ամբողջությամբ չանդրադառնար սահմանին ստեղծված իրավիճակին։
168.am-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանը պատասխանելով հարցին՝ նկատեց՝ զարմանալու որևէ բան չկա։
«Կարծում եմ՝ շատ ճիշտ հարց են քննարկում՝ թափոնները քննարկում են թափոնների մասին նախագիծ, այսքանով արդեն ամեն ինչ ասված է։ Ես դրանց չեմ համարում պատգամավորներ, համարում եմ մեր երկրի թափոններ, տգետներ։ Իրենք իրենց նախագիծն են քննարկում, այլ բան չունեմ ասելու»,- նշեց Մեխակ Մխիթարյանը։
ԳԽ նախկին պատգամավորի բնորոշմամբ, այսօր Հայաստանում իրավիճակն օրհասական է, քանի որ երկիրն ու պետականությունը կորցնելու վտանգի առջև են կանգնած։
«Եթե այս ամենը մարդկանց մեծամասնությանը չի հուզում, ապա երկրի այն մտահոգ քաղաքացիները, որոնք մտածում են մեր երկրի ապագայի ու իրենց զավակների մասին, պետք է համախմբվեն ու ոտքի կանգնեն։ Հիմա, ավելի քան երբևէ, պետք է ոտքի կանգնեն, և ոչ թե կանգնենք՝ ինչպես արեցինք Դիմադրության, Փրկության շարժման ժամանակ՝ միտինգներ անենք և այլն, պետք չէ, մենք հիմա պետք է կանգնենք մեր երկիրը փրկելու։ Սա ազատագրական պայքարի ժամանակահատված է։ Մեր ներքին թշնամին համագործակցելով արտաքին թշնամու հետ, երկիրն ու ժողովրդին տանում է կործանման։ Չգիտեմ՝ ընդդիմությո՞ւն կլինի, դիմությո՞ւն, թե՞ սովորական քաղաքացիներ, եթե հիմա չհամախմբվենք՝ կկորցնենք ամեն ինչ։ Սրանց նախ պետք է քշենք, ուղղակի ցախավելով պետք է քշենք, սրանք կանգնեցնենք, հետո որ պետություն չկորցնենք։ Սա է իմ կարծիքը»,- եզրափակեց Մեխակ Մխիթարյանը։