
«Գյուղի վրա այս պահին չեն կրակում, սակայն գյուղի վերևի հատվածներում կրակոցները կան». Վերիշենի վարչական ղեկավար

Սյունիքի մարզի Վերիշեն գյուղին մերձակա դիրքերում թշնամին կրակում է, սակայն դրանք այդ պահին գյուղին չեն հասնում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Վերիշեն գյուղի վարչական ղեկավար Արտակ Զադայանը։
«Իրավիճակն այս պահին նորմալ է, գյուղի վրա այս պահին չեն կրակում, սակայն գյուղի վերևի հատվածներում կրակոցներ կան»,- նշեց Վերիշենի ղեկավարը։
Նրա փոխանցմամբ, երբ թշնամին կրակում էր գյուղի ուղղությամբ, բնակչության շրջանում տուժածներ չեն եղել, սակայն որոշակի տներ վնասվել են։
«Գյուղում մարդիկ չեն տուժել, մի քանի շենք-շինություն է վնասվել, մնացածը նորմալ է»,- նշեց Արտակ Զադայանը։
Նշենք, որ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ ժամը 12։00-ի տվյալներով փոխհրաձգության ինտենսիվությունն էապես նվազել է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 49 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։ Մինչ այս պահն այլ տվյալներ ՊՆ-ն չի հաղորդել։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։