ՀՀ-Ադրբեջան ու ԼՂ կարգավորման հարցերում կա երեք օրակարգ. վերլուծաբան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն աշխատանքային այցով Հայաստանում է։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պաշտոնական քննարկումների առանցքում են ԼՂ հակամարտության, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը վերականգնելու հարցերը։

Առանձին քննարկվել է ՀՀ-Ադրբեջան, այսպես կոչված, կարգավորման օրակարգը, որը զարգացնում է Բրյուսելը։

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Սոսի Ցինցաձեն նշեց, որ հստակորեն ուրվագծվում է բանակցային այն պատկերը, որն Արևմուտքն է պատկերացնում։

Կարդացեք նաև

Նրա կարծիքով՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորմամբ կզբաղվի Բրյուսելը, իսկ համանախագահները ՀՀ-ի հետ աշխատելով՝ կփորձեն վերականգնել ՄԽ-ն քննարկելու համար ԼՂ հետագա ճակատագիրը, խաղաղապահների և մի շարք այլ հարցեր։

«Բարդությունն այն է, որ այսօր այս հակամարտության շուրջ մի քանի գործընթաց կա՝ ռուսական, եվրոպական ու ԵԱՀԿ ՄԽ վերականգնմանն ուղղված աշխատանք։ Սա մեծ բարդություն է, քանի որ օրակարգերը տարբեր են, ներգրավված կողմերի շահերը՝ ևս։ Աշխարհաքաղաքական նման մրցավազքի երբեք ականատես չենք եղել։ Հարավային Կովկասում ՀՀ-ն ու Ադրբեջանն անցումային աշխարհաքաղաքական փուլում են:

Եթե Արևմուտքը հաջողի, կկարողանա վերականգնել ՄԽ-ն և փոխել խաղաղապահների կազմը, ամենալավ դեպքում՝ դուրս հանել խաղաղապահներին։

Այսինքն՝ կա երեք գործընթաց, որոնց զուգահեռ՝ չպետք է անտեսել ռուս-թուրքական երկխոսությունը, ինչը ևս էական գործոն է ռեգիոնում ու կարող է ազդել ՀՀ-Ադրբեջան զարգացումների վրա»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս