Բաժիններ՝

Երևանի թիվ 170 ավագ դպրոցն անվանակոչվեց ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով

«STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 9-ին Երևանի թիվ 170 ավագ դպրոցն անվանակոչվեց մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի համոզմամբ՝ դպրոցի անվանակոչումը պատվաբեր և պարտավորեցնող է: «Ցանկանում եմ՝ բոլորս քաջ գիտակցենք, որ կրթությունը, գիտությունը մեզ համար առաջնահերթ ուղղություններ են: Այսօր ՀՀ կառավարությունն անում է հնարավորը, նույնիսկ անհնարը վերոնշյալ ոլորտների զարգացման համար, քանի որ մեր բոլոր խնդիրները կապված են այդ բնագավառներում բացթողումների հետ: Պետք է բարձր պահել թե՛ ականավոր գիտնական Ալեքսանդր Քեմուրջյանի անունը, թե՛ մեր երկրի պատիվն ու առաջ գնալ, զարգանալ, ունենալ մշակութային ու գիտական հաջողություններ»,-շեշտեց նախարարը:

«STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն էլ ընդգծեց՝ շատ քչերը գիտեն, որ պատմության մեջ առաջին մոլորակագնացը, որը մարդիկ պատրաստել են, լուսնագնացն է եղել, որի նախագիծը իրականացրել է Ալեքսանդր Քեմուրջյանը: Նա հիշեցրեց, որ «Թայմ» պարբերականը «Լունախոդն» անվանել է հեղափոխություն աշխարհի գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: «Կարճ ժամանակ անց Մարս ուղարկվեց մի տիեզերանավ, որի մեջ դրված էր Քեմուրջյանի պատրաստած PROP-M փոքր ռոբոտը, որը պետք է շարժվեր Մարսի վրա, հետազոտեր այն: Հույս ունեմ, որ այս դպրոցում աշակերտներն այնպես կսովորեն ու կաշխատեն, որ ապագայում կպատրաստեն ռոբոտներ, որոնք Պլուտոնի վրա կաշխատեն»,-ասաց Իսրայելյանը:

Միջոցառմանը ներկա էր նաև Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, որը մի քանի անգամ եղել է Հայաստանում: «Դպրոցը հորս անունով անվանակոչելը մեծ պատիվ է մեր ընտանիքի համար: Հայրս հորդորում էր ամբողջ կյանքում սովորել և շեշտում էր, որ ամենաառաջին քարը պետք է դնել դպրոցում: Նա ասում էր՝ ինչպես դնեք այդ քարը, այդպես էլ կշարունակեք սովորել: Նա մինչև իր կյանքի վերջը սովորում էր, իսկ սովորել պետք է ոչ միայն մեծահասակներից, այլև երիտասարդներից»,-պատմեց Քեմուրջյանը:

Նա հավելեց՝ Ալեքսանդր Քեմուրջյանը մշտապես հովանավորել է երիտասարդներին՝ կարծելով, որ առանց նրանց հնարավոր չէ ստեղծագործել, տեխնիկա ստեղծել: «Հավանաբար ոչ ոք չգիտի, սակայն երբ նախագծվում էր լուսնագնացը, հայրս իր շուրջ էր համախմբել մարդկանց, որոնց միջին տարիքը 26 էր»,-նշեց Վլադիմիր Քեմուրջյանը, որը բազմաբովանդակ գրքեր նվիրեց դպրոցին, իսկ Ամերիկայից ժամանած գիտնական Սքոթ Ռոբերթսն էլ աստղադիտակ նվիրեց դպրոցին:

1963-1973 թվականներին Ալեքսանդր Քեմուրջյանի ղեկավարած ճարտարագետների խումբն աշխատել է լուսնագնացների և փոքր մարսագնացների ավտոմատ կառավարվող շասիների նախագծման և ստեղծման ուղղություններով։ Արդյունքում տաղանդավոր ճարտարագետի ղեկավարած խումբը ստեղծում է աշխարհում առաջին տիեզերական նշանակության ռոբոտ-տրանսպորտ հանդիսացող լուսնագնացները, մարսագնացները։ Տիեզերական այս նոր տեխնիկայի շնորհիվ հնարավոր է դառնում ստանալ տվյալներ Լուսնի և Վեներա մոլորակի գրունտների վերաբերյալ։

Սեպտեմբերի 5-9-ը Երևանում ընթացող «STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնը նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: «Մարս 3» կայանի PROP-M մարսագնացը նախագծել է Ալեքսանդր Քեմուրջյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս