Բաժիններ՝

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովին Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը ներկայացրել է Արցախի բնակչության հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունները

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որի կարգախոսն է «Քրիստոսի սերը առաջնորդում է աշխարհը դեպի հաշտություն և միասնություն», շարունակում է իր աշխատանքները Գերմանիայի Կառլսռուե քաղաքում։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը անցկացվող համաժողովին շուրջ 5000 մասնակիցներ ներկայացնում են 351 եկեղեցիներ և հարանվանություններ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունն իր ակտիվ մասնակցությունն է բերում համաժողովի հավաքներին, միջհարանվանական հանդիպումներին, ինչպես նաև ԵՀԽ-ի գործունեությունը համակարգող վեց հանձնաժողովների աշխատանքներին։

Համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել մասնավոր հանդիպում Ուղղափառ և Արևելյան ուղղափառ եկեղեցիների բոլոր ներկայացուցիչների միջև, որի ընթացքում քննարկվել են եկեղեցական երկու ընտանիքների միջև կապերի սերտացմանն ու ԵՀԽ-ի առաքելության մեջ առավել արդյունավետ փոխգործակցությանն առնչված հարցեր։

Համաժողովին Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն անդրադարձել է Արցախի բնակչության հանդեպ Ադրբեջանի կողմից շարունակ տեղի ունեցող ոտնձգություններին՝ հորդորելով համաժողովի ղեկավարությանը և բոլոր պատվիրակություններին գործնական քայլեր ձեռնարկել զսպելու Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը։

Սեպտեմբերի 4-ին ԵՀԽ ընդհանուր համագումարի հայկական պատվիրակության անդամները Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի հրավերով Քեհլ քաղաքում մասնակցել են Սուրբ Պատարագին, որից հետո կազմակերպվել է հանդիպում հայ համայնքի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս