Բաժիններ՝

Երբ հայր ու որդի, դիմակներով ու ձեռնոցներով, մտան հերթական տունը, նրանց սպասում էին դարանակալած ոստիկանները․․․

Վերջին ամիսներին ոստիկանության Վաղարշապատի բաժնում պարբերաբար ստացվում էին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ու կից համայնքներում կատարված բնակարանային գողությունների վերաբերյալ հաղորդումներ: Դրանց մի մասը միայն փորձ էր. լինում էին դեպքեր, երբ տանը մարդ էր լինում, կամ պարզապես արժեքավոր բան չէին հայտնաբերում: Իսկ դեպքերի վերլուծությունը հուշում էր, որ գողությունները նույն խմբի անդամների գործն է:

Վաղարշապատի ոստիկաններին օգնության ձեռք մեկնեցին Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները:

Օգոստոսի 18-ն էր, երեկոյան ժամը 21.40-ը, երբ 39-ամյա հայրն ու 17-ը չբոլորած որդին, դիմակներով ու ձեռնոցներով, մտան Առատաշեն գյուղի հերթական տունը: Նրանց սպասում էին դարանակալած ոստիկանները: Ձերբակալման պահին, կիսախավարում, հայրը մետաղյա ձողով հարվածեց քրեական հետախույզներից մեկին, ինչը, սակայն, չխանգարեց, որ հայր և որդի ձերբակալվեն ու տեղափոխվեն ոստիկանություն: Դրանից հետո միայն գլխի վնասվածքներ ստացած ոստիկանը տեղափոխվեց Վաղարշապատի հիվանդանոց:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` գողության փորձի և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով:

Նախաքննական մարմնի հետ քրեական հետախույզների համագործակցությունը տվեց նոր արդյունք: Պարզվեց, որ 39-ամյա հայրը նոր չի ոտք դրել հանցավոր ուղի: Տարիներ առաջ, 2000-ականներից ի վեր, 30 և 28 տարեկան երկու համագյուղացու հետ խումբ կազմած, արդեն իսկ կատարել էր մի քանի գողություններ: Իրավապահները ձեռնարկեցին միջոցառումներ նաև նախկինում կատարված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:

Պարզվեց ևս մեկ հանգամանք, որն արդեն կատարվել էր մեր օրերում: Այս խմբի անդամներից երկուսի միջև ծագում են անձնական խնդիրներ, և, այսպես ասած` մեղավոր կողմին պատժելու համար մյուսները դիմում են փորձած մեթոդին` գողությանը: Գողանում են հանցընկերոջ «Ֆորդ» մակնիշի մեքենան:

Մեքենան հայտնաբերվել է, և՝ ոչ միայն: Իրավապահների գրագետ ու հետևողական աշխատանքի արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որոնց շնորհիվ ձերբակալվել, հետո նաև կալանավորվել է խմբի անդամներից ևս մեկը` առատաշենցի 30-ամյա տղամարդը: Ի դեպ, նրանց հանցավոր գործողություններից ընդհանուր առմամբ տուժել է 18 անձ:

Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս