ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի 70-ամյակի առթիվ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գեղանկարիչ, քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի 70-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ Վարպետ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:
Արդի հայ կերպարվեստն անհնար է պատկերացնել առանց իր ինքնատիպությունն ու ինքնուրույնությունը վաղուց հաստատած Ձեր ավանդի, որն իր արժևորումն ու ճանաչելիությունը ստացել է ոչ միայն հայրենի գեղանկարչության և արվեստագիտական մտքի համատեքստում, այլև միջազգային արվեստասեր հասարակության շրջանակում: Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ` Դուք մասնակցել եք Իսլանդիայում կազմակերպված «Հայաստանի արվեստ», Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում` «Հայաստանի կերպարվեստը», Շվեյցարիայում` «Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստը» ցուցահանդեսներին և բազում անհատական ցուցահանդեսներ ունեցել Երևանում, հայրենի Վանաձորում և Գորիսում, ինչպես նաև Փարիզում, Չիկագոյում, Բոստոնում, Հալեպում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում և այլուր:
Ձեր աշխատանքները զարդարում են Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի ժամանակակից արվեստի և Բոստոնի «Ալմա» թանգարանների, ՀՀ Նախագահի և Սբ. Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրերի ցուցասրահները:
Սիրելի՛ Վարպետ, մաղթում եմ Ձեզ անսպառ ստեղծագործական ներշնչումներ, լավատեսություն, բեղուն և երկար տարիների կյանք: