Բերձորից և Աղավնոյից Սյունիքի մարզ է տեղափոխվել 27 ընտանիք, նրանց մեծ մասը հաստատվել են գյուղական վայրերում. Սյունիքի փոխմարզպետ
Օգոստոսի 25-ին, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերն առանց բնակիչների ամբողջությամբ հանձնվեցին թշնամուն, դրանից հետո Բերձորից և Աղավնոյից երկու տասնյակից ավելի ընտանիք հաստատվեց Սյունիքի մարզում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը՝ հավելելով.
«Ներկա պահին այդ տարածքներից Սյունիքի մարզ է տեղափոխվել 27 ընտանիք, 19-ը՝ Աղավնոյից, մյուսները՝ Բերձոր քաղաքից։ Այս ընթացքում արդեն այցելել ենք 16 ընտանիքի, գրառել ենք այն անհրաժեշտ կենցաղային իրերը, որոնց կարիքն այդ ընտանիքներն ունեն։ Օգնել ենք 7 ընտանիքներին՝ տրամադրելով կենցաղային իրեր՝ մահճակալներ, լվացքի մեքենա, սառնարան և այն անհրաժեշտ իրերը, որոնց կարիքն ունեցել են։ Մեր այդ այցերը շարունակվում են»,- ասաց Նարե Ղազարյանը։
Հարցին՝ ինչպե՞ս են կարգավորում տեղահանված բնակիչների զբաղվածության հարցը, հատկապես այն մարդկանց, որոնք նախկինում եղել են կա՛մ պետական աշխատող, կա՛մ այլ զբաղվածություն են ունեցել, նրանց համար կա՞ն աշխատատեղեր Սյունիքում, փոխմարզպետը պատասխանեց, որ փորձում են պետական աշխատողներին այս կամ այն հաստիքին տեղավորել։
«Այսպիսի մի հարց կա, քանի որ այդ մարդկանց ասվել է, որ իրենց վճարելու են պարապուրդի գումար, մարդ կա՝ դեռ չի ցանկանում աշխատել, քանի որ իրենք էլ են ուզում հարմարվեն, հասկանան՝ ինչ են ուզում։ Ասում են՝ նոր ենք տեղավորվել, հասկանանք՝ ինչ է լինելու։
Մարդ կա, որ շինարարությունում բանվոր է աշխատել, մենք նրան տեղավորել ենք այդ աշխատանքին, նա իր աշխատանքը շարունակում է Սյունիքում։ Իսկ մնացածի մասով դեռ մարդիկ էլ չեն կողմնորոշվում՝ ինչ են ուզում»,- հավելեց Նարե Ղազարյանը։
Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ տեղափոխված բոլոր այդ ընտանիքները բնակարանների և տների համար վարձ են տալիս՝ միջինը 50-60 հազար դրամ, գյուղական վայրերում վարձն ավելի մատչելի է, իսկ օրինակ՝ Գորիսում ու Սիսիանում համեմատաբար բարձր՝ 70-80 հազար դրամ։
«Տների վարձերի հարցով մարզպետարանը չի զբաղվում, մենք ուղղակի աջակցում ենք այն ամենով, ինչն իրենց համար առաջնահերթ է, օրինակ, եղել են ընտանիքներ, որ խնդրել են իրենց կոմունալները վճարել, մենք նման հարցերով զբաղվում ենք»,- պարզաբանեց Ն. Ղազարյանը։
Ինչ վերաբերում է այդ ընտանիքների համար տների կառուցմանը, Նարե Ղազարյանն ասաց, որ Արցախի Հանրապետության կառավարությունը տեղահանված բնակիչներին պետք է բնակարանների սերտիֆիկատ տրամադրի, հետևաբար՝ այս պահին Սյունիքի մարզպետարանն այդ հարցով չի զբաղվում։
Միաժամանակ նա ընդգծեց, որ տեղափոխված ընտանիքների մեծ մասը ցանկություն է հայտնել բնակություն հաստատել գյուղական վայրերում, մի քանի ընտանիք է Սիսիանում ու Գորիսում հաստատվել։
«Հավանաբար գյուղական վայրերում են հաստատվել, որպեսզի հետագայում կարողանան անասուն պահել, հող մշակել: Կապանում որևէ ընտանիք չի հաստատվել»,- եզրափակեց Նարե Ղազարյանը։