«Աստղադիտում փողոցում»՝ շարժում Երևանում. Նախաձեռնում են աստղասերները
«Գուդրայք Ջոն» աստղասերների հասարակական կազմակերպությունը, հաշվի առնելով, որ Երևանում ներկայում շատ մարդիկ ունեն աստղադիտակ, առաջարկում է բակերում, մայթերին կազմակերպել աստղադիտումներ՝ դրանով սկսել «Աստղադիտում փողոցում» շարժումը։ Նպատակն է՝ դարձնել քաղաքը մի մեծ աստղադիտարան։
Հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Բունիաթյանն ասում է՝ նկատել է, որ շատերն են դիտակ գնում, հետաքրքիր կլինի շաբաթը մեկ կամ 15 օրը մեկ անգամ բակում երեխաների, թոռների համար աստղադիտում կազմակերպել:
«Սա մի ամբողջ շարժում կարող է լինել: Հետո բոլոր նրանք, ովքեր մասնակցել են, կարող են, օրինակ, Էրեբունու ամրոցում հավաքվել առաջիկայում: Գիտեք, մարդը կարող է չմտածել այդ մասին, բայց ես, երբ դիտակը դրել եմ մայթին՝ տեսել եմ, որ նույնիսկ ավտոբուսից են մարդիկ իջել, որ նայեն, նոր գնան տուն: Մեր առաջարկը նոր բան չէ, ամբողջ աշխարհում արվում է նման բան՝ մոտ 45 տարի: Առաջին անգամ արվել է ԱՄՆ-ում. Կալիֆոռնիայում մետրոյի մոտ աստղագետներից մեկը դրել է աստղադիտակ, աստղ ցույց տվել, ու այդպես սկսվել է «աստղագիտությունը մայթին» շարժումը»,- մեզ հետ զրույցում ասաց Ռուբեն Բունիաթյանը:
Հարցին՝ դիտակներ գնելու հիմքում աստղագիտությունը սիրե՞լն է, թե՞ հարևանը գնել է, ես էլ գնեմ մտածելակերպն է իշխում, «Գուդրայք Ջոն» աստղասերների հասարակական կազմակերպության ղեկավարը պատասխանեց. «Մեր շենքում 18 տարի դիտակ կա՝ հարևաններից ոչ ոք չի առել: Միգուցե ես ունեմ՝ դրա համար: Ամեն դեպքում այսօր դիտակները համեմատաբար մատչելի են, քան 15 տարի առաջ: Սա կապված է նաև տեխնոլոգիաների զարգացման հետ: Ի դեպ, ամեն տարի սեպտեմբերի 18-ին, այս տարի նույնպես կնշենք աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, դիտումներ կկազմակերպենք: Չմոռանանք, որ այդ օրը ՀՀ-ում պաշտոնապես հայտարարված է Աստղագիտության օր: Վերջին 2 տարում Կասկադում դիտում չենք կազմակերպել՝ կորոնավիրուսի պատճառով, քանի որ մարդկային կուտակումը չէր խրախուսվում: Դրա փոխարեն՝ դիտում կազմակերպել ենք Չարենցի կամարի մոտ: Գնացի, այնտեղ ով կար՝ մասնակցեց դիտմանը, մասսայական միջոցառում չեղավ: Այս տարի կփորձենք կրկին Կասկադում կազմակերպել»:
Ռուբեն Բունիաթյանի կարծիքով՝ աստղադիտումը դրական առումով ինչ-որ բան փոխում է մարդու մոտ:
«Չէի ասի, որ մեկ անգամ աստղերին նայելով՝ մարդը բարիանում է, սակայն իր ազդեցությունը բոլոր դեպքերում թողնում է: Համեմատության կարգով մի օրինակ բերեմ. «Տարիներ առաջ փոքրիկ երթուղայինով գնում էի, վարորդը միացրել էր մի կլկլոց, խնդրեցի, որ անջատի, ու այդ ընթացքում մի աղջիկ ասաց, թե՝ դե՛, երաժշտություն է, ճանապարհ ենք գնում, կլսենք, ապա հարցրեց, թե ի՞նչ երաժշտություն եմ սիրում, պատասխանեցի, որ դա էական չէ, սակայն մի ձայներիզ կտամ, թող վարորդը միացնի՝ լսեք: Մոտս Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան էր: Հնչեց բավականին երկար, ու ոչ ոք չասաց՝ անջատիր: Նույնը երևի դիտումների դեպքում է: Մեր նպատակն է՝ հասարակության մեջ աստղագիտության հանդեպ հետաքրքրություն և սեր արթնացնելը, աստղադիտումների միջոցով փողոցը, հանրային տարածքները մշակութային միջավայրի վերածելը: Աստղագիտությունն այն գիտությունն է, որը կարող է ընդլայնել մարդկանց աշխարհայացքն ու մտահորիզոնը»: