«Պատկերացրեք մի աշխարհ, որում կրթության վրա ծախսվում է այնքան գումար, որքան պատերազմների վրա». Գարիկ Իսրաելյան
Երևանում մեկնարկել է արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը: Սեպտեմբերի 5-10-ը Երևանի համալսարանները և ՀՀ կրթական կենտրոնները կհյուրընկալեն STARMUS VI փառատոնի մասնակից բանախոսներին, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով։
Այս պահին ընթանում է STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի, Դերեք Շերինյանի, Ռոն Թալ «Բամբլֆութի» և Տիգրան Համասյանի (առցանց) մասնակցությամբ ասուլիսը։
Փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը նախքան հարցերին անդրադառնալը նշեց իրադարձության՝ արվեստի և գիտության մասին լինելու փաստը, սակայն չկարողացավ խուսափել պատերազմի մասին հիշատակումից:
Հարցին՝ թե ինչո՞ւ են պատերազմներ լինում, աստղաֆիզիկոսը որպես գլխավոր պատճառ՝ նշեց կրթության ոչ լիարժեքությունը:
«Մենք բավարար քանակությամբ գումար չենք ծախսում կրթության վրա: Պետությունները գիտության համար բյուջեից 1 տոկոս են տրամադրում, որը բացարձակապես բավարար չէ: Չի կարելի բյուջեից 10-15 տոկոս ծախսել ռազմական արդյունաբերության վրա, իսկ հետո ասել՝ 1 տոկոսով կբարձրացնենք կրթության բյուջեն, և կարծել, որ դա բավարար է: Պատկերացրեք մի աշխարհ, որում կրթության վրա ծախսվում է այնքան գումար, որքան պատերազմների վրա: Պարզապես պատկերացրեք դա»,- ասաց Գարիկ Իսրաելյանը:
ԱՆԻ ԳԱԲՈՒԶՅԱՆ