Մտավորականության լռության գինը
Հայաստանն ապրում է իր պատմության թերևս ամենաողբերգական շրջանը: Արդեն երկու տարի կտոր-կտոր հանձնվում է հայրենիքը, ու հայտնի չէ՝ սա երբևէ վերջ կունենա՞, թե՞ ոչ: Հայրենազրկումն իրականացվում է փոքրաթիվ հայության ապարդյուն ընդվզման ներքո: Սկսած՝ «չենք ուզում նախկիններին» մինչև յուրաքանչյուր նոր երևան եկած ու համախմբման փորձ անող քաղաքական գործչի ի հայտ գալը մեր ժողովրդի զգալի հատվածն իր համար հարմար պատճառաբանությունն է գտնում՝ իր բողոքի ձայնը չբարձրացնելու, չընդվզելու, իր անտարբերությունն արդարացնելու համար:
Առհասարակ ազգերի պատմության նման ճակատագրական պահերին շատ կարևոր է լինում մտավորականության դերը, որը պետք է համախմբի, առաջնորդի ժողովրդին, ուղենիշ լինի նրա համար, իր վրա վերցնի նախաձեռնողականությունը՝ մարդկանց բացատրելու՝ ինչ օրհասական վիճակում է գտնվում պետությունը, երկիրը, և ինչ պետք է անել այն փրկելու համար:
Մեր օրերի Հայաստանում հասարակության այդ շերտը լեթարգիական քնի մեջ է: Մեր մտավորականության, գիտական մտքի գերակշիռ մասին չի հետաքրքրում՝ ինչ է լինելու հետո:
Մեզ մոտ հիմա գրողին ու հրատարակչին հետաքրքրում է պետական ֆինանսավորումն իր գիրքը հրատարակելու համար, դերասանին ու ռեժիսորին՝ պետական ֆինանսավորումը՝ հերթական պրեմիերան ներկայացնելու և տոմսերն անձնական կապերով ու միջնորդություններով պետական հաստատություններին հարկադրաբար վաճառելու համար, երգչին ու կոմպոզիտորին էլ՝ նույն պետական ֆինանսավորումը, նույն՝ տոմսերի վաճառքը՝ նույն նպատակներով:
Մեր մտավորականությանը չի հետաքրքրում, որ այս տեմպերով վաղն իրենք չեն ունենալու հայ ընթերցող, հանդիսատես ու ունկնդիր: Բոլորը լոյալ են, որովհետև բոլորին հետաքրքրում է պետական բյուջեից ֆինանսավորումը:
Մտավորականությունն ավանդաբար համարվել է ազգի սերուցքը: Ժամանակին Թումանյանը զբաղվում էր ցեղասպանված տարագիր որբերի ճակատագրով ու հայրենիքում տեղավորելու հարցերով, գրողներով գնում էին գավառները՝ անձամբ տեսնելու՝ ինչ կարող են անել, Հովհաննես Այվազովսկին՝ որպես բողոքի նշան, Բոսֆորն էր նետում թուրք սուլթանի պարգևները…
Հիմա մենք սերուցք չունենք. հիմա ազգի «սերուցքին» չի հետաքրքրում կամ քիչ է հետաքրքրում՝ ինչ է լինելու հետո: Կամ, լավագույն դեպքում, ասում են՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք մեր գործով ենք զբաղվում», մինչդեռ բոլորովին դեմ չեն կարծես, երբ քաղաքականությունն է զբաղվում իրենցով, կամ օրվա քաղաքական իշխանություններին հաճոյանալով՝ բյուջեից հովանավորչական գումարներ են ստանում: Ավելին, նրանք ձայն չեն հանում, երբ թշնամու կողմից պղծվում են մեր եկեղեցիները, հուշարձանները, երբ իմքայլական իշխանությունների առանձին ներկայացուցիչներ հարձակումների են ենթարկում, վարկաբեկում մեր պետականությունը՝ նսեմացնելով սերունդների ստեղծած արժեքները…
Խորհրդային շրջանում, երկաթյա խորհրդային վարագույրի ներքո Պարույր Սևակը գրում էր «Անլռելի զանգակատուն» և «Եղիցի լույս» պոեմները, Հովհաննես Շիրազը՝ «Դանթեական առասպելը», ուր նկարագրված էր եղեռնի ողջ սարսափը, երգում էր մեր կորսված հայրենիքի մասին, անգամ իր երեխաներին էր անվանակոչել Արևմտյան Հայաստանի կորսված տարածքների անուններով, համախորհրդային հռչակ ունեցող դերասանները, նկարիչները, գիտնականներն իրենց կարողություններն էին ի սպաս դնում մեր հայրենիքի պատմությունը մոռացության չտալու համար:
Հիմա մենք չունենք ոչ այդ տրամաչափի մտավորականներ, ոչ էլ առհասարակ որևէ ընդվզում դաշտում եղածների գերակշիռ մասի կողմից: Իշխանամերձ մշակութային որոշ գործիչների գործունեությանը փոքր-ինչ հետևելով՝ ակնհայտ է դառնում՝ ինչո՞ւ են նրանք այդպես սվիններով դիմավորում Արցախի 75 տոկոսից ավելին և Հայաստանից հատվածներ թշնամուն հանձնած, բանակը պարտության տարած, 5000-ից ավելի երիտասարդների կյանքեր զոհաբերած Փաշինյանին և նրա կառավարությանը, նրա թիմին ուղղված որևէ քննադատություն: Որովհետև նրանք այս կամ այն կերպ համագործակցում են՝ կամ գիրք են տպագրում, կամ համերգ են կազմակերպում, կամ որևէ այլ ծառայությունից են օգտվում… Ահա նրանց լռության գինը:
Ազգի ուղղահայաց դեգրադացիան չի շրջանցել նաև մեր մտավորականությանը, ու սա աղետ է:
Երբևէ մենք չենք ունեցել երկրի ապագայի հանդեպ այսչափ անտարբեր ուսանողություն, այդ ուսանողներին կրթող դասախոսական կազմ: Երբևէ չենք ունեցել այսքան լոյալ, անտարբեր գրողներ, գիտնականներ, նկարիչներ, երաժիշտներ, բժիշկներ, գիտնականներ…
Ինչ խոսք, ամոթ է, բայց տրամաբանական: Ինչպես մի առիթով էլի նշել ենք, ամեն ինչ տրամաբանական է, տրամաբանական չէ միայն մեր 5000 տարվա լինելիությունը: