«Որտեղ հաց, այնտեղ կաց»-ի սինդրոմը
2020թ. նոյեմբերի 10-ից և հատկապես 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից հետո մեծագույն հիասթափությունը մտածող հայ սեգմենտի համար հայ ազգի՝ կատարյալ լինելու կեղծ թեզից էր:
30 տարի մենք վստահ ենք եղել, որ «հող հանձնողին կհանձնենք հողին», կամ, որ չի կարող լինել որևէ ղեկավար, ով «թղթով հող կհանձնի»: Պարզվեց, որ այդ ղեկավարը կա, և հող հանձնողին հեչ էլ պարտադիր չէ հանձնել հողին:
Հավաքական հայ ժողովուրդը հաշտվեց կորստի հետ, քաղաքական ուժերից ոմանք կերան արտահերթ ընտրությունների գնալու կուտը, որոշներն էլ ստիպված մասնակցեցին դրան, ու ունեցանք ստորացված, պարտված, ծնկած ապիկար իշխանության վերընտրություն:
Իրականում մեր ողբերգությունը խորն արմատներ ունի, ու դրա պատճառը, թերևս, մեր գենետիկ կոդի մեջ է պետք փնտրել: Դժվար է խոստովանել, բայց մենք սա ենք եղել փաստորեն 100 տարի առաջ, 500, 1000 ու անգամ 3000 տարի առաջ: Ծովից ծովից քարից քար մնացած Հայաստանը դրա լավագույն ապացույցն է:
Առհասարակ հայ առածանին լավագույնս բնորոշում է մեզ: Եվ պատահական չէ, որ միայն հայերն ունեն՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքը: Այն նոր չի ստեղծվել, 30 տարի առաջ չի ստեղծվել, ունի դարերի պատմություն: Եվ այդ 4 բառի մեջ հավաքական հայ ժողովրդի բնութագիրն է: Մենք չենք պայքարում կամ քիչ ենք պայքարում. Մեր երկրում խնդիրների լուծման առաջին իսկ ձախողված փորձից հետո թողնում-հեռանում ենք այլ երկիր, որտեղ հաց կա: Թող սա չընկալվի՝ որպես մեղադրանք. Ընդամենը փաստի արձանագրում է, որը, թերևս, բացատրում է մեր այսօրվա ողբերգության ակունքները:
Մենք հեշտ ենք հրաժարվում մեր ունեցածից, ու թերևս դրանով ենք տարբերվում հրեաներից: Նույնքան հեշտությամբ հրաժարվեցինք Արցախից, Հայաստանի տիտղոսակիր տարածքներից ու դեռ շարունակում ենք հրաժարվել: Հրեաներն ատամներով պահում են դժվարությամբ ձեռք բերած հայրենիքը, թեպետ պակաս պայթյունավտանգ գոտում չեն ապրում: Բայց հրեաների մտքով չի անցնում թողնել-հեռանալ ու երկիրը հանձնել, ասենք, արաբներին:
Այսօր մենք հրաժարվեցինք Բերձորից, Ալիևը հաղթական գրառում կատարեց, մենք Ֆեյսբուքում վշվշացինք, երկու օր էլ պաթոսախառն ստատուսներ կձոնվեն Բերձորի, Սուսի ու Աղավնոյի կորստին, կհրապարակվեն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու, այլ սրբավայրերի, մշակութային կոթողների լուսանկարներն ու տեսանյութերը, ու վերջ… Մինչև հաջորդ հանձնում:
Երևանում կյանքը եռում է… Մարդիկ ամուսնանում են, հարսանիք, կնունք, ծնունդ, այլ միջոցառումներ են անում, իրենց հանգստից լուսանկարներ են հրապարակում, երեկոյան սրճարաններում ժամանակ են անցկացնում… Զուգահեռ իրականությունում մարդիկ տներն էին այրում՝ թուրքին չթողնելու համար, մյուսներն էլ՝ բարձում բեռնատարներն ու կրկին բռնում գաղթի ճանապարհը…
Այդպես էր նաև դարասկզբին, երբ երիտթուրքերը կոտորում էին X բնակավայրի հայերին, լուրերը հասնում էին կողքի գյուղ կամ քաղաք, բայց մարդիկ վստահ էին, որ հենց իրենց բան չի լինելու: Չփրկվեցին… Չեն փրկվելու նաև հիմա… Բայց Երևանում կյանքը եռում է…
Մենք սովոր ենք գաղթելու. «Որտեղ հաց, այնտեղ կացն» անվրեպ է աշխատում: 1990-ականներին էլ էր այդպես: Մինչ ազատագրվում էր Արցախը, իսկ երկրի մյուս հատվածներում չկար լույս, գազ, հաց, Հայաստանը դատարկվում էր: Մի անգամ էլ ֆիքսենք՝ մի հատվածն Արցախ էր ազատագրում, մյուսը՝ մեծ մասը, արտագաղթում էր լույսի, գազի ու հացի հետևից…
Այնպես որ՝ ամեն ինչ, թերևս, օրինաչափ է, օրինաչափ չէ միայն մեր 5000 տարվա լինելիությունը: