Ի՞նչ է սպասվում Սոթքի հանքին.  տնտեսական, անվտանգային և քաղաքական մուլտիպլիկատիվ էֆեկտներն ու հետևանքները

Մոտ ապագայում, գալիք ձմռանը սպասվում է Սոթքի ոսկու հանքի հարցի վերջնական լուծում: Խնդիրն այն է, որ 2020 թվականի պարտության մատնած 44-օրյա պատերազմից հետո հանքի մի մասն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ 2007 թվականից հանքը շահագործում է ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, որը կես միլիարդ դոլարի չափով ներդրում է կատարել հանքում և Արարատի ոսկու կորզման կոմբինատում: Հավանաբար, ոչ պաշտոնական պայմանավորվածությունների արդյունքում, ընկերությանը ժամանակ տրվեց մինչև 2023 թվականը, որպեսզի ընկերությունը վերափոխի հանքի արտադրական սխեման և դուրս գա ադրբեջանական մասից:

Ի՞նչ է սա նշանակում:

Սովետական սահմանագծման արդյունքում հանքի մեծ մասը տեղակայված է Ադրբեջանի տարածքում: Խորհրդային տարիներին այն շահագործվում էր «Հայոսկի» կազմակերպության կողմից՝ հիմնականում փակ եղանակով: Դա թույլ էր տալիս ստորգետնյա անցումներով լիարժեք շահագործել հանքը՝ չխախտելով Խորհրդային Ադրբեջանի սահմանները: 1994 թվականից հանքի տարածքն ամբողջությամբ անցավ հայկական վերահսկողությանը, ինչը թույլ տվեց այն շահագործել բաց եղանակով: Դա ավելի դյուրին է և հնարավորություն է տալիս արդյունահանել ավելի մեծ քանակով հանքաքար:

Կարդացեք նաև

Ներկա պահին «Գեոպրոմայնինգ Գոլդն» ինտենսիվ կերպով պատրաստվում է անցնել փակ սխեմայով արդյունահանմանը, ինչը մոտ 4 անգամ կրճատելու է հանքաքարի արդյունահանումը: Եթե վերջին տարիներին ընկերությունը բաց եղանակով արդյունահանում և վերամշակում էր տարեկան 1,5-1,7 մլն տոննա հանքաքար, ապա փակ եղանակով պլանավորում է վերամշակել տարեկան միայն 400 հազար տոննա: Համապատասխանաբար, կախված ոսկու պարունակությունից, նվազելու է, այսպես կոչված, «դոռե» ոսկու արտադրությունը: 2018 թվականից ընկերությունը արտադրում է տարեկան մոտ 5 տոննա ոսկի, ինչը գերազանցում է խորհրդային տարիների արտադրողականությունը: Դա հնարավոր է դարձել հանքի բաց շահագործման և Արարատի ֆաբրիկայի տեխնոլոգիական նորացման արդյունքում, երբ ֆաբրիկան հագեցավ նորագույն «Ալբիոն» տեխնոլոգիայով:

Երկրաբանական հաշվարկների համաձայն, Սոթքի հանքը պարունակում 80-160  տոննա ոսկի: Սա վերջնական թիվ չէ, քանի որ հանքի շահագործման ընթացքում հնարավոր է, որ նոր բացվածքները մեծացնեն այդ գնահատականը: Այսինքն՝ այսօրվա ինտենսիվ շահագործման պայմաններում այնտեղ դեռ 20-25 տարվա աշխատանք էր սպասվում: Դեռ քառորդ դար հանքը պետք է ապահովեր Հայաստանի համար բյուջետային մուտքեր, համայնքային սոցիալական ծրագրեր ու առհասարակ՝ մուլտիպլիկատիվ էֆեկտ երկրի ողջ տնտեսության համար: Օրինակ, հանքավայրը սպառում է տարեկան մի քանի տասնյակ հազար տոննա դիզվառելիք, տասնյակ հազարավոր տոննա պայթուցիկ նյութեր, որոնց ներկրումից ՀՀ տարածք պետական բյուջեն զգալի եկամուտներ է դեռ ստանում: Հայաստանի երկաթուղու բեռնախադրումների ծավալի կեսը՝ Սոթքի հանքաքարն է (Սոթքից Արարատ) ապահովում, որի բացակայության ու Հայաստանի շարունակվող շրջափակման պայմաններում երկաթուղին հայտնվելու է ծանր պայմաններում, վերանայելու է իր ներդրումային ծրագրերը, հնարավոր է՝ նաև գնա աշխատակիցների կրճատման ճանապարհով:

Դերևս 1997 թվականից Բաքուն Սոթքի ոսկու հանքի շահագործման իրավունք է տրամադրել Anglo-Asian Mining ընկերությանը: Ընկերության կայքում դրա մասին պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն այն 2015 թվականից ինտենսիվ շահագործում է Հյուսիսային Արցախում գտնվող հանքերը («Գեդաբեկ»), ինչպես նաև Նախիջևանում, Գանձակում և այլն: Հավանաբար, սպասվող սահմանագծման և սահմանազատման աշխատանքների ավարտից հետո ընկերությունը կանցնի նաև Ադրբեջանին հանձված Սոթքի հանքի մեծ մասի շահագործմանը: Միաժամանակ Բաքվում հայց են պատրաստում Հայաստանի Հանրապետության ու «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության նկատմամբ՝ վնասի փոխհատուցման պահանջով:

Ակնհայտ է՝ Սոթքի ոսկու հանքի հարցի վերջնական լուծումը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության համար: Այն ունի տնտեսական, քաղաքական և ռազմավարական մեծ նշանակություն:

Իսկ ի՞նչ է անում ՀՀ գործող կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս ուղղությամբ: Ոչի՛նչ: Արցախը և Հայաստանը շարունակում են ռազմավարական, անվտանգային և տնտեսական նշանակության տարածքներ կորցնել, տնտեսական լրջագույն ռեսուրներ կորցնել, միջազգային խոշորագույն նախագծերից շարունակում են դուրս մղվել, շրջափակվել,  որի ծանրագույն հետևանքները դեռ առջևում են:  Այս ընթացքում նրանք հասարարակությանը շարունակում են մոլորեցնել՝ կերակրելով կեղծ օրակարգերով, «ապաշրջափակումների» մասին սուտ և ականջահաճո հեքիաթներով՝ ամեն օր հակառակորդին հանձնելով տնտեսական, անվտանգային կարևորագույն նշանակության մեր ռեսուրսները:

Տեսանյութեր

Լրահոս