«Իրանցիները «3+3» ձևաչափը կօգտագործեն, որպեսզի խափանեն ադրբեջանաթուրքական ծրագրի իրականացումը». Վարդան Ոսկանյան

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին «Report» գործակալությանը հայտնել էր, որ «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը կանցկացվի Թեհրանում մինչև այս տարեվերջ:

««3+3» ձևաչափը լավ հնարավորություն է՝ տարածաշրջանի երկրների նախաձեռնություններն իրականացնելու և գործողությունները համաձայնեցնելու համար։ Ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը կանցկացվի Իրանում մինչև այս տարվա ավարտը»,- ասել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը։

168.amի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը, խոսելով «3+3» ձևաչափով հանդիպումն Իրանում անցկացնելու մասին, նշեց, որ Իրանն այդ ձևաչափը դիտարկում է՝ որպես իր ունեցած գործիքակազմի բաղադրիչներից մեկը՝ ազդելու Հարավային Կովկասում առկա իրավիճակի վրա, որովհետև իրանական գործիքակազմը բավականին սահմանափակ է։

«Չեմ կարծում, որ իրանցիներն այդ ձևաչափով շատ խանդավառված են կամ մեծ հույսեր են կապում դրա հետ, սակայն, այդուհանդերձ, եղած գործիքներից մեկը կարծես թե Իրանում դիտարկում են հենց այդ ձևաչափը, որովհետև 44-օրյա պատերազմից հետո հարավկովկասյան տարածաշրջանում ակնհայտ աճել է թուրքական գործոնը և փաստացի Թուրքիան նաև ռազմական ներկայություն ունի Ադրբեջանում, ուստի իրանցիները փորձում են օգտագործել նաև այդ հարթակը՝ սեփական շահերն առաջ մղելու համար։ Այդ շահերը, փառք Աստծո, բազմաթիվ կետերով համընկնում է Հայաստանի շահերի հետ, հետևաբար՝ իրանական կողմի նախաձեռնությունները որևէ պարագայում որևէ վտանգ չեն պարունակում ՀՀ շահերի տեսանկյունից, ընդհակառակը՝ դրանք կարող են շատ հարցերում օգտակար լինել։ Մասնավորապես՝ գիտեք, որ «թուրանական միջանցքի», որն այլևս չի կարելի կոչել «զանգեզուրյան միջանցք», այն «թուրանական միջանցքի» ծրագիր է, որին հստակ դեմ արտահայտվող, նաև իր ունեցած միջոցներով հակազդող միակ պետությունն Իրանն է։

Կարդացեք նաև

Կարծում եմ՝ իրանցիները «3+3» ձևաչափը կօգտագործեն, որպեսզի խափանեն ադրբեջանաթուրքական այդ ծրագրի իրականացումը, քանի որ իրանական կողմում շատ հստակ դիրքորոշում կա՝ նախանշված Իրանի հոգևոր առաջնորդի կողմից»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Ըստ իրանագետի՝ Իրանի հոգևոր առաջնորդի յուրաքանչյուր հայտարարություն ուղղակի ցուցում է՝ իրանական ամբողջ քաղաքական համակարգի, նաև՝ իրանական լրատվամիջոցներում, հասարակական տիրույթում, նաև քարոզչական տիրույթին, խոսքը մասնավորապես վերաբերում է Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի  հայտարարությանը՝  «եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականություն տարվի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում Իրանի դեսպանի հայտարարությանը, ըստ որի՝ նա ողջունել է Ադրբեջանին՝ «տարածքային ամբողջականության վերականգնման» համար, Վարդան Ոսկանյանը պարզաբանեց՝ իրանական և ադրբեջանական լրատվամիջոցներն այդ հայտարարության վերաբերյալ բոլորովին տարբեր բաներ են գրել, հետևաբար պարզ չէ՝ իրանցի դեսպանը նման հայտարարություն արե՞լ է, թե՞ այլ կերպ է ասել։

«Ամեն դեպքում ճիշտ կլինի՝ դատողություններ արվեն տեսանյութի հիման վրա, որտեղ կա դեսպանի կենդանի խոսքը։ Ադրբեջանում Իրանի դեսպանը շատ դեպքերում թույլ է տվել կոպտագույն սխալներ, եթե նման հայտարարություն արվել է, որովհետև դրան գրեթե զուգահեռ Իրանում Ադրբեջանի դեսպանն արել էր նմանատիպ հայտարարություն, ընդ որում, ոչ միանշանակ թվիթերյան գրառման ձևով։ Այնտեղ կար հապավում անգլերեն՝ I A, ինչը ենթադրում է «Իրանական Ադրբեջան» եզրույթը։ Վերջին շրջանում Բաքվի քարոզչամեքենան ուղղակի հակաիրանական արշավ էր սկսել՝ խոսելով, այսպես կոչված, «հարավային Ադրբեջանի» մասին։

Կրկնում եմ՝ եթե Ադրբեջանում Իրանի դեսպանը նման հայտարարություն է  արել, ապա այն չի բխում ոչ միայն հայկական կողմի շահերից, այլև Իրանի շահերից։ Այդ անձը բազմիցս և խիստ քննադատության է ենթարկվել իրանական մամուլում, խոսքը վերաբերում է  այն կոպտագույն սխալին, որը նա թույլ է տվել ադրբեջանցի ոչնչացված ընտանիքին փոխանցելով Ղասեմ Սոլեյմանի անվան մեդալը, որն այդ ընտանիքը  վերադարձրեց, ըստ էության, անարգելով իրանցի հռչակավոր գեներալի հիշատակը, վիրավորելով իրանական պետությանը։ Հետևաբար, եթե նա նման հայտարարություն է արել, ապա դա դեմ է նաև Իրանի շահերին»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Նշենք, որ «3+3»՝ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա, ՌԴ-Իրան-Վրաստան ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարի դեկտեմբերին, որին մասնակցել են 5 երկրների նախարարների տեղակալները, բացակայում էր Վրաստանի ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս