Անկախության շարժումը չի հակադրվում Դիմադրության շարժմանը, բայց մեր մարտավարությունը հանրահավաքներ անելը չէ․ Էդգար Ղազարյան
Անկախության շարժումը սպոնտան է ձևավորվել՝ պայմանավորված երկու հայկական պետությունների անկախության վերականգնման գործընթացի երեք ամսաթվերով։ Օգոստոսի 23-ն Անկախության հռչակագրի ընդունման, սեպտեմբերի 2-ը՝ Արցախի, սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի անկախության օրն է։ Այս շարժման իմաստը կապված է այդ երեք ամսաթվերի հետ և լայն իմաստով ենթադրում է այս շրջանում արագ գործողությունների իրականացում՝ փրկելու մեր պետության անկախությունը։ Մենք նպատակ չունենք հակադրվելու մինչև հիմա իրականացված գործընթացներին և շարժումներին։ Դիմադրության շարժմանը պետք չէ վերաբերվել որպես ձախողված նախաձեռնության՝ ի տարբերություն Հայրենիքի փրկության շարժման կամ արտահերթ ընտրության արդյունքների։ Դրանք ավարտուն գործընթացներ են՝ առանց հաջողության, մինչդեռ Դիմադրության շարժումը դեռևս ընթացքի մեջ է, չի ավարտվել, դրա դադարի մասին ազդարարում չի եղել, ընդհակառակը՝ հայտարարվել է, որ սեպտեմբերից նոր գործողություններ կմեկնարկեն։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը։
«Սկսած Հայրենիքի փրկության շարժումից՝ ես ոչ մի հանրահավաք ու ակցիա բաց չեմ թողել։ Երբ իմացել եմ ավտոերթերի մասին, իմ մեքենայի վրա դրոշ եմ դրել ու մտել ավտոերթի շարասյան մեջ, նախկին դեսպան լինելով՝ Երևանի կենտրոնում փողոցներ եմ փակել, հարցազրույցներ եմ տվել, ելույթներ եմ ունեցել։ Չկա մի գործողություն, որին ես մասնակցած չլինեմ։ Ես չեմ հակադրվում որևէ մեկին, ավելին՝ փորձել եմ իմ մասնակցությունն ու աջակցությունը բերել, բայց դա ինձ չի կաշկանդում, չի ստիպում, որ ես իմ գործողությունները կապեմ գոյություն ունեցող ֆորմալ նախաձեռնությունների հետ։ Մեր շարժման առանձնահատկությունն այն է, որ պարբերական երթեր, հանրահավաքներ, ակցիաներ չենք ծրագրում, վանկարկումներ, կրկնվող խոսքեր, կարգախոսներ չկան, փոխարենը՝ կա գործողությունների հստակ տրամաբանություն»,- ասաց քաղաքական գործիչը։
«Ինձ հարցնում են՝ հաջորդ հանրահավաքը ե՞րբ է, բայց միայն ելույթներ հնչեցնելու համար հանրահավաք կազմակերպելու անհրաժեշտություն չկա։ Իմ հարցազրույցներին տասնյակ-հազարավոր մարդիկ կարող են հետևել, դրա համար ամենևին պարտադիր չէ դուրս գալ փողոց, այս շոգին այդ անհարմարությունն ապրել։ Միայն խոսք լսելու համար չարժե մարդկանց անհանգստություն պատճառել։ Հանրահավաքը պետք է ենթադրի որոշակի գործողություն։
Օրինակ, օգոստոսի 23-ի հավաքի իմաստն այն էր, որ ես ունենայի ժողովրդի աջակցությունը և գնայի վարչապետի հետ հանդիպման՝ պահանջելու նրա հրաժարականը։ Ես անկեղծ եմ եղել մարդկանց հետ, նախապես հայտարարել եմ, որ ես պաշտոնապես դիմել եմ, բայց հանդիպման հաստատում չունեմ, ոչ էլ կա մերժում։ Ենթադրվում է՝ այդ հանդիպումը ցանկացած պահի կարող էր կայանալ, և անգամ այն պահին, երբ պարզվեց, որ վարչապետը ոչ թե Երևանում է, այլ Սևանի իր ամառանոցում, Երևան հասնելու համար կես ժամ էր անհրաժեշտ, և եթե նա այդ համարձակությունն ու ցանկությունն ունենար, հանդիպումը կարող էր կես ժամ անց տեղի ունենալ»,- նշեց Էդգար Ղազարյանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ բացի գլխավոր դատախազին զգուշացում և հիշեցում տալուց՝ նրա նկատմամբ որևէ այլ գործողություն անելն անիմաստ է․ «Ես կարող էի, օրինակ, ակցիայի մասնակիցներին առաջարկել երթով գնալ գլխավոր դատախազության շենքի մոտ, չնայած աշխատանքային օրն ավարտված էր։ Կարելի էր երկու օր անց այդտեղ կազմակերպել մի հատուկ հանրահավաք՝ այդ ուղերձը գլխավոր դատախազին փոխանցելու համար։ Բայց ես հանրահավաքում էլ հայտարարեցի, որ դա չի արվի ոչ միայն մարդկանց անհանգստություն չպատճառելու նկատառումներով, այլև այն պատճառով, որ դատախազի որոշումներն արդարադատության որոշումներ են և երբեք չպետք է կայացվեն փողոցային ճնշման ներքո։ Քանի դեռ Արթուր Դավթյանը պաշտոնավարում է որպես գլխավոր դատախազ, նա այդ որոշումը պետք է ընդունի՝ իբրև ՀՀ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական»:
«Փաշինյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու որոշումը պետք է թողնել Արթուր Դավթյանի ողջամտության, պետության, ժողովրդի պատմության, նրա զավակների, գերդաստանի, սերունդների առջև պատասխանատվության վրա։ Նա շատ կարճ ժամանակ ունի նման որոշում կայացնելու համար, բայց որևէ դեպքում չպետք է ասի, թե նման որոշում է կայացրել, քանի որ դա իրեն ստիպել է փողոցը։ Դա պետք է լինի արդարադատության որոշում։ Իսկ ահա սեպտեմբերի 1-ից հետո Աննա Վարդապետյանից թերևս ակնկալիք էլ պետք չէ ունենալ։ Գլխավոր դատախազ ընտրված Նիկոլ Փաշինյանի օգնականը հայտնի է ապօրինություններով՝ քննիչներին ցուցում տալու, ֆիզիկական անձանց բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները տնօրինելու և այդկերպ երկրի ներդրումային հեռանկարները խափանելու»,- ամփոփեց Էդգար Ղազարյանը: