«Արդյոք ավելի պատվաբեր չէ՞ լինել ՀՀԿ անդամ կամ Սերժ Սարգսյանի համակիր, քան Նիկոլ Փաշինյանի». Նարեկ Սամսոնյան
Քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի կարծիքով՝ հանրությունը չէր սպասում, որ Էդգար Ղազարյանը գնալու է հրապարակ, և Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու:
«Որքան էլ հանրահավաքի հռչակված նպատակը բավականին բարձր նշաձող ուներ, այնուամենայնիվ, այդ ակնկալիքի բացակայությունը քիչ մարդու էր բերել հրապարակ, բայց քիչ մարդու՝ այդ համատեքստում: Իրականում, հանրահավաքի քանակը բավարար էր, և Էդգար Ղազարյանն իր դեբյուտային հանրահավաքում բավականին շատ մարդ հավաքեց: Եթե անգամ ելնենք նրանից, որ 3-4 հազար մարդ է մասնակցել կամ, ինչպես իշխանության գրպանային «քաղհասարակության» անդամներից մեկն էր ասել՝ 2500, այնուամենայնիվ, այդ թիվը բավարար էր՝ որպես գործիչ դեբյուտային հանրահավաք անելու համար:
Էդգար Ղազարյանը ֆիքսեց ընդդիմության թիվ մեկ խնդիրը: Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց, ինչի համար շատերը կարող են Էդգարին մեղադրել, ասել, որ չկատարեցիր քո խոստումը, այո’, այդ մեղադրանքները ճիշտ են: Բայց այստեղ կա թաքնված կարևոր հանգամանք. Էդգար Ղազարյանը ձևակերպեց ընդդիմության կարևոր խնդիրը՝ թեկնածուի խնդիրը, որ ընդդիմությունը չունի թեկնածու, և ինքն ինքնառաջադրվեց: Նա ասաց՝ դուք ընտրեք ձեր միջից լավագույնին, եթե ոչ, ես վատագույնը կլինեմ և պատրաստ կլինեմ լինել վարչապետի թեկնածուն՝ իմպիչմենթի համար: Նորից վերանանք նրանից, որ իրականում այս փուլում իմպիչմենթի համար որևէ նպաստավոր պայման չկա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նարեկ Սամսոնյանն անդրադարձավ տարբեր շրջանակների կողմից շրջանառվող այն թեզերին, թե իբր Էդգար Ղազարյանը ՀՀԿ-ի պրոյեկտն է:
«Դա սկսվել է Սեդա Սաֆարյանի քրոջից և շարունակվել Սուրեն Սուրենյանցով, որոնք ունեն քաղաքական հստակ կողմնորոշում՝ նրանք իշխանական թևի ներկայացուցիչ են: Առաջին անձը ՊՈԱԿ-ի հետ կապ ունեցող անձ է, հետևաբար, սա իշխանական քարոզչության առաջատար թեզն է: Թե ընդդիմադիր որ ուժը կփորձի վերցնել իշխանության բերած թեզը, դա արդեն իրենց խնդիրն է, չնայած՝ ես լավ գիտեմ, տիրապետում եմ կուլիսների խոսակցություններին, կան այդպիսի մարդիկ, դրանք չկայացած մարդիկ են, նրանց թվում է, թե ամենաուժեղն են, բայց հենց գալիս է հրապարակային դա ապացուցելու ժամանակը, իրենք չկան: Իրականում, նման բան չկա՝ ՀՀԿ-ն և նախագահ Սերժ Սարգսյանը որևէ ձևով չեն ուղղորդել Էդգար Ղազարյանին, ընդամենը եղել է հետևյալը: Նախագահ Սարգսյանն իր խոստումը միշտ պահում է, և նա բազմիցս հայտարարել է՝ այն անձը, որն ազնվությամբ կուզենա այս իշխանությունների դեմ կռվել, ես պատրաստ եմ իրեն օգնել:
Սերժ Սարգսյանը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է իր տված խոստումը կատարել: Այո, ՀՀԿ շատ անդամներ իրենց առաջնորդի քաղաքական խոստումը լավ հիշելով և պահելով՝ գնացել ու մասնակցել են երեկվա հանրահավաքին: Բայց դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանն ուղղորդում է Էդգար Ղազարյանին: Դա կեղծ թեզ է»,- ընդգծեց նա:
Նա նկատեց՝ արդյո՞ք այսօր ավելի պատվաբեր չէ լինել ՀՀԿ անդամ կամ Սերժ Սարգսյանի համակիր, թիմակից, քան Նիկոլ Փաշինյանի. «Ի վերջո, ժամանակը ցույց տվեց, որ այդ 30 տարվա թեզերը մեծամասամբ սուտ էին»:
Դիտարկմանը՝ բայց ժողովրդի մի մասի վրա այդ թեզերն ազդում են, նա արձագանքեց. «Այո, բայց կներեք, ժողովրդի այդ մասը մինչև 2018թ. ՀՀԿ-ին էր ընտրում, 2018-ի ապրիլի 23-ից հետո դարձավ հեղափոխական, վաղը-մյուս օրը, երբ այս հանցավոր դավաճանական խմբին հեռացնենք իշխանությունից, դառնալու են այդ իշխանությանը հեռացնող: Ժողովրդի վրա ազդում են ոչ թե այդ թեզերը, այլ այն, որ սա դեռ իշխանության է: Հենց ժողովուրդը տեսավ, որ սրան իշխանությունից հեռացնելու ռեալ բան կա, ամեն ինչ թողնելու են մի կողմ և գան հրապարակ»:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր որոշ գործիչների այն թեզերին, թե ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, որ հնարավոր լինի գործող իշխանություններին հեռացնել, նա ընդգծեց, որ դա սխալ թեզ է.
«Ինչպես այդ թեզը պնդող մարդկանց շատ այլ թեզեր և գործունեություն, որ մենք պրակտիկ տեսնում ենք, որ ամբողջովին պրավալներից է բաղկացած: Այդ թեզը ամենասխալ թեզն է: Դա նախ տեխնոլոգիապես է սխալ, դա քաղաքական գործունեության տրամաբանությունից է սխալ, դա սխալ է փորձից: Էմպիրիկ փորձը ցույց է տալիս, որ չկա նման բան: 2018թ. ժողովուրդն ամբողջությամբ դրսո՞ւմ էր, քանի՞ հոգի էին բողոքում՝ 7-8 հազար մարդ: Այդ ո՞նց եղավ, որ ամսի 23-ին 7-8 հազարը տասնապատկվեց՝ դարձավ 70 հազար մարդ: Այնքան պարզ է ամեն ինչ: Ժողովուրդը երբեք չի դուրս գալու՝ ինքնուրույն գործ անի: Ժողովուրդը դուրս էր եկել մայիս-հունիս ամիսներին, ի՞նչ արեցին: Բավականին շատ ժողովուրդ էր դուրս եկել: Էդ ո՞նց էր, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ դրա 10 տոկոսն էր դուրս եկել, ինքը կարողացավ դա անել: Իսկ միգուցե խնդիրը դա պնդող մարդկանց մե՞ջ է, իսկ միգուցե ինչքան շուտ իրենք հասկանան, որ խնդիրն իրենց մեջ է, այնքան ավելի շուտ կհանգուցալուծվի այս իրավիճակը:
Նարեկ Սամսոնյանը շեշտեց՝ երբեք չի՛ կարելի մեղադրել ժողովրդին. «Երբեք չի կարելի ժողովրդից սպասել ավելին, քան իրենք են պատրաստ տալ: Ժողովուրդը երբեք չի սխալվում: Ժողովուրդը 2018թ. էլ չի սխալվել, ժողովրդին խաբել են, դա այլ հարց է»:
Հարցին՝ 2021 թվականի՞ն էլ չի սխալվել ժողովուրդը, նա պատասխանեց. «Այո, 2021թ. էլ: Գիտե՞ք՝ ինչու չի սխալվել, որովհետև չի կարելի ընտրությունների՝ ակնհայտ, բացահայտ երևացող ելքը տեսնել և գնալ ու մասնակցել: Ժողովուրդը մեղավո՞ր է, որ ընդդիմությունը կերավ իշխանության կուտը, հազար անգամ կներեք: Եթե սկսենք մեղավորների փնտրտուքը, ամենամեծ մեղավորներն այսօր ամենաբարձրն են խոսում մեղքերից և ժողովրդից: Մայիսի 4-ին ժողովուրդն ի՞նչ պետք է աներ, մայիսի 9-ին ժողովուրդն ավել ի՞նչ կարող էր անել: Էլ ի՞նչ պետք է անի այս ժողովուրդը, որ չի արել: Ընդդիմության առաջնորդի հավակնություն ունեցող մարդիկ, ընդդիմությունը ղեկավարելու հավակնություն ունեցող մարդիկ, միակ ու անկրկնելի թեկնածու իրենց համարող մարդիկ պետք է մի բան հասկանան՝ ժողովուրդը միշտ արել է այն ամենը, ինչ իրենից պահանջվել է, մենք ենք կաղացել: Ամենամեծ խնդիրն անձնազոհության և վճռականության խնդիրն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում