Աղավնո, վերջին հրաժեշտ. կադրեր՝ հազարավոր բառերից ավելի
«Արմենպրեսը» գրում է․ Ամեն անգամ Բերձորով Արցախ գնալիս երևի բոլորս էլ ուշադրություն ենք դարձրել Աղավնոյի կարմիր կտուրներով տներին։ Բոլորս էլ ինչ-որ պահի երանի ենք տվել այնտեղ ապրողներին ու այդ սարերի-ձորերի արանքում այդպիսի տեսարան ունեցող սիրուն ու հարմարավետ տներին։ Վերջին ժամանակները, սակայն, այնտեղ ապրողների համար, մեղմ ասած, «լավ» ժամանակներ չեն։ Օգոստոսի 25-ը վերջին օրն է, մարդիկ պետք է թողնեն իրենց տունն ու հեռանան․․․
Հաճախ լուսանկարչությունն անվանում են «համամարդկային լեզու», քանի որ լույսը ֆոտոխցիկի միջոցով կառավարելու արդյունքում ստացած պատկերները երբեմն պատմում են ավելին, քան հնարավոր է փոխանցել խոսքերի միջոցով։ Պարադոքսալ է, որ իրականության վիզուալիզացիայի միջոցով ստացված պատկերներն արդեն իրենք իրենցով դառնում են տվյալ ժամանակաշրջանի համր ու միևնույն ժամանակ այդքան խոսուն պատմիչները։
Մինչ Աղավնոյի բնակիչները վերջին իրերն են դուրս բերում տներից, Ավետիսը սովորականի նման խաղում է հարազատ գյուղում
Աղավնոյի բնակիչ կանայք փորձում են տանից հեռանալիս ոչինչ չմոռանալ, անգամ՝ հայելին
Վերջին օրերին Աղավնոն զրկվել էր նաև մշտական էլեկտրականությունից․ գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը միացնում է այդ օրերի էլեկտրականության միակ այլընտրանքը՝ հոսանքի գեներատորը:
Աղավնոյում բնակվող այս ընտանիքը, ի թիվս այլ իրերի, տեղափոխում է նաև տան դաշնամուրը:
Աղավնոյից հեռացող այս կնոջ պատգամը մեկն էր՝ «Ես ուզում եմ խաղաղ ապրել»
Այս օրերին Աղավնոյում բեռնատարներ կարող ես հանդիպել ամեն քայլափոխի
Իր առաջին քայլերն անող փոքրիկը փորձում է հասկանալ, թե ինչու են այրվում իրենց տան իրերը
Աղավնոյի բնակիչները նախընտրում են այրել սեփական տան այն իրերը, որոնք չեն կարող տեղափոխել
Բնակիչներից մեկը գլուխն ափերի մեջ առած լաց էր լինում տան պատի տակ
Աղավնոյի դպրոցը սեպտեմբերին 1-ին հայ երեխաների չի դիմավորի
Գյուղից հեռանալիս՝ վերջին անգամ երևում են Աղավնոյի այդքան գեղեցիկ կարմիր կտուրները
Տաթև Դուրյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում