«Էն, որ սիրտդ պիտի ապրեր հանուն երեխաների, ու եկավ մի օր, որ տնից էլ բնազրկեցին». զոհված զինծառայողի՝ Աղավնոյից գաղթած այրի
Վաղը Աղավնոն, Սուսը և Բերձորը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ու Արցախի իշխանությունների լուռ համաձայնության ներքո պաշտոնապես կանցնեն Ադրբեջանին:
Այս օրերին մեզնից շատերը՝ արտասվելով, մյուսները՝ ատամները սեղմած հետևում են տեսանյութերին, թե ինչպես են մարդիկ թողնում իրենց՝ տասնյակ տարիներով ստեղծած տունուտեղը ու հերթական անգամ բռնում գաղթի ճամփան դեպի անհայտություն:
Օգոստոսի 20-ին Աղավնոյի իր տունը լքեց նաև Աիդա Ավագյանը՝ երեխաների հետ, որոնցից մեկը՝ 10 տարեկան: Աիդա Ավագյանի ամուսինը՝ Համլետ Առաքելյանը, նահատակվել է Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում: Չորս երեխաների հայրը, որոնցից երկուսն այդ ժամանակ անչափահաս են եղել, պատերազմի հենց առաջին օրն է զորակոչվել և զոհվել իր ծննդյան հաջորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին, Ջրականում:
Հուղարկավորված է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում՝ իր ծննդավայրում:
«Բարեկամներիս օգնությամբ նախ իրերը դուրս բերեցինք գյուղից, ապա մեկ շաբաթ անց մենք դուրս եկանք մեր տանից»,- մորմոքում է կինը:
Աիդա Ավագյանն Աղավնոյում ապրում է 2016թ.-ից:
«Մենք ապրում էինք Կոռնիձորում: Մի օր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այն ժամանակ դեռ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ եկան բնակիչների հետ հանդիպման: Ամուսինս նախագահին հարցրեց՝ մենք որ գանք, Աղավնոյում բնակվենք, մեզ տուն կտա՞ք: Արայիկ Հարությունյանը պատասխանեց՝ միանշանակ: Ամուսինս Աղավնոյում գրանցվեց 2015թ., մենք տեղափոխվեցինք ապրելու 2016թ. Ապրիլյան քառօրյա մարտական գործողություններից հետո: Ամուսինս շինարար էր, ես էլ զբաղվում էի հողագործությամբ: Ամեն ինչ շատ լավ էր մինչև չարաբաստիկ պատերազմը: Շա՜տ գոհ էինք Աղավնոյի մեր կյանքից, շատ…»,- ասում է Աիդա Ավագյանը:
Հիմա Երևանում է, երեխաները Գորիսում են, ինքն այստեղ զբաղվում է իրենց կեցության խնդիրներով: Պատրաստվում է մեկնել Գորիս ու վերադառնալ արդեն երեխաների հետ: Վարձով են ապրելու: Բնակարանի գնման սերտիֆիկատ դեռ չեն տվել, ասել են՝ 2 ամսվա ընթացքում կտրվի: 10 տարեկան տղան այստեղ է դպրոց գնալու:
«Տղաս տան դուռը փակել ու բանալին հետը տարել է: Հարցնում եմ՝ Շահեն, որտե՞ղ կուզես ապրել, ասում է՝ պապայիս սիրած գյուղում՝ Աղավնոյում»,- պատմում է մայրը:
Հիմա Շահենը 10 տարեկան է, քույրերը՝ 18, 20 և 22: Միասին կփորձեն նոր կյանք սկսել Երևանում:
«Օգոստոսի 5-ից գիտեինք արդեն, որ դուրս ենք գալու: Ահավոր էր: Էն, որ սիրտդ պիտի ապրեր հանուն երեխաների, ու եկավ մի օր, որ տնից էլ բնազրկեցին: Երբևէ մտքովս չէր անցնի, որ գյուղը կլքենք: Մտածում էի՝ հրաշք կլինի: Ամուսնուս զոհվելուց հետո դեռ ուշքի չեկած՝ այս մի հարվածը ստացանք: Ամենաթանկ հիշողություններս մնացին Աղավնոյում»,- ասաց Աիդա Ավագյանը: