«Մեզ իսկապես անհանգստացնում է կառույցների խտությունը՝ հարավային քաղաք ենք, ու մեզ շատ է պետք ջուր ու կանաչ. սա անտեսում են». Ճարտարապետների պալատի նախագահ
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո, Կառավարության հերթական նիստի ընթացքում դեպքին և ընդհանրապես անվտանգության հարցերին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը, խոսեց նաև Երևանում կարուսելների ոչ բարվոք վիճակի և սպասվող վտանգների մասին։
«Ինչքան էլ թղթաբանությամբ, տեղեկանքներով ամեն ինչ նորմալ է, ինձ համար ակնհայտ է, որ առաջիկա ժամանակահատվածում մի աղետ ունենալու ենք էստեղ, որովհետև, եթե մենակ վիզուալ մեր կարուսելներին նայում ես՝ 70 տոկոսն աղետի կոնկրետ նախանշան ա, որ մի աղետ ունենալու ենք։ Եթե բախտներս կբերի, քանի հոգի ո՞նց կտուժի, զոհ կլինի՞, թե չի՞ լինի, հետո կասենք ՝ բա այսքան տարի մենք չէինք տեսնում․․․»,- իր խոսքում ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Նրա այս հայտարարությունից հետո շատերը կարծիք հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանն ավելի լավ է խոսի Երևանում կառուցվող էլիտար շենքերի մասին, որոնք իսկական աղետի բուն են։
Օրինակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր նման մի շենքի լուսանկար ու կից գրել էր.
«Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ։ Հիմա եմ զգուշացնում, որ չասեք՝ զգուշացնող չի եղել։ Քաղաքի կենտրոնում, խիտ երթևեկելի փողոցի գլխին կառուցվում է բազմահարկ շենք, իհարկե, առևտրի կամ բիզնես կենտրոն։ Շենքը կառուցվում է մետրոպոլիտենի վրա, շենքը կառուցվում է այնտեղ, որտեղ վարարելու մեծ հակում ունեցող Գետառն է հոսում։ Խորհրդային տարիներին այս հատվածում անգամ երկհարկանի շենք չեն կառուցել։ Ոչ թե չեն կարողացել, այլ չէր կարելի։ Հիմա կառուցում են։ Ո՞վ է թույլ տվել այստեղ բազմահարկ կառուցել։ Մի՞թե չգիտեք, որ այս շենքը հիմք, որպես այդպիսին, չունի։ Ես շինարարության ամենասկզբից հետևել եմ և տեսել, թե ինչպես հենասյունները հիմք դարձնելով՝ սկսեցին կառուցել այս անճոռնին։ Մի՞թե չգիտեք, որ այն մետրոպոլիտենի գլխին է և այնտեղ, որտեղ Գետառն է հոսում»,- գրել էր պատգամավորը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ կարուսելների թերությունները երկրի ղեկավարը նկատում է, իսկ շենք-շինություններինը չի նկատում, պատասխանեց՝ կան առաջնահերություններ, և, իհարկե, կարուսելները շատ վտանգավոր են, քանի որ խորհրդային ժամանակներից դրված են, և դրանց անվտանգության նկատմամբ վերահսկողությունն անպայման պետք է լինի, սակայն շենքերն ացնում են բազմաթիվ փորձաքննություններ։
«Այժմ մեր սեյսմիկ ֆոնը ոչ թե 7 բալ է, այլ 9 բալ է, այսինքն՝ այդ փորձաքննությունից հետո ամեն մեկն արդեն վտանգը շատ լավ պատկերացնում է, և լավ կոնստրուկտոր ու շինարարներ ունենք, ոչ բոլոր տեղերում, բայց ունենք, մեծ մասը լավ կազմակերպություններ են սարքում։ Ուրիշ բան է, երբ խոսում ենք խիտ կառուցապատումից, մեզ իսկապես անհանգստացնում է կառույցների խտությունը։
Երբ խոսում ենք քաղաքի արտաքին տեսքից, ապա, եթե ուշադիր լինեք, բոլոր քաղաքներում գրեթե նույն ձևով են սարքում, այսինքն՝ աշխատում են մաքսիմում այդ տարածքից քամել, հատկապես, երբ բնակելի շենքեր են կառուցում, այլ բան է, երբ ինչ-որ յուրահատուկ շենք են կառուցում, ինչը, ցավոք, հիմա մեզ մոտ չկա»,- նշեց Մկրտիչ Մինասյանը։
Ըստ նրա, այլ հարց է, երբ ազատ տարածքներում են շենք-շինություններ կառուցում, բոլորովին այլ հարց, որ արդեն քաղաքի կենտրոնում են խիստ խտությամբ կառույցներ անում։
«Կենտրոնում մի կառուցապատող տեսնում է թաշկինակի չափ տեղ, անպայման ուզում է այտեղ կառույց կանգնեցնի։ Առաջներում շենքերի արանքներում «կուրդոներ» էին թողնում՝ այսինքն՝ երկու շենքերի արանքում մի հատված, որտեղ կանաչ էր։
«Կուրդոներն» արվում է նրա համար, որովհետև մենք հարավային քաղաք ենք, ու մեզ շատ է պետք ջուր ու կանաչ, այ սա անտեսում են։ Արդեն 15 տարուց ավելի է, որ ուզում էինք քաղաքի կենտրոնի վերաբերյալ օրենք ներկայացնել, որպեսզի կենտրոնում կասեցվի առայժմ շինարարությունը, ու ոչ մի կերպ այդ օրենքը չենք կարողանում գլուխ բերել»,- եզրափակեց Մկրտիչ Մինասյանը։