Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեի բնակիչներն ահազանգում են՝ Սոցապից զգուշացրել են՝ ազատել բնակարանները. նախարարությունը պարզաբանում է
Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեի բնակիչներն ահազանգում են՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պարբերաբար ներկայացուցիչ է մոտենում իրենց և զգուշացնում, որ առաջիկայում պետք է ազատեն իրենց բնակարանը: Ասում են՝ պահանջում են դուրս գալ կամ վարձ վճարել: Խոսքը 45 ընտանիքի մասին է:
Խնդրի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Լրատվական բաժնից հայտնեցին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան 3/14 շենքը պետական սեփականություն է և հանձնված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ օգտագործելու համար։ Նշված ֆոնդում կացարաններ հատկացվում են ժամանակավոր հիմունքներով (որպես սեփականություն հատկացվել չեն կարող)՝ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման։ Ըստ այդմ՝ նշված շենքից, որն ունի 45 կացարան, կարող է կացարան հատկացվել բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված որոշակի անձանց՝ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձանց, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության «0»-ից բարձր միավոր ունեցող որոշակի անձանց։
Կացարանները տրամադրվում են` ծերության նպաստի տարիքի հասած անձանց` անժամկետ, սատարող ընտանիքին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձանց, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին` 10 տարի ժամկետով: Մնացած դեպքերում՝ 5 տարի ժամկետով: Ժամկետը կարող է երկարացվել մեկ անգամ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, եթե ժամկետը լրանալու ամսվա դրությամբ՝ պահպանվել է տվյալ անձի կացարանի տրամադրման հիմքը: Կացարանը հատկացվում է համաձայն համապատասխան որոշմամբ ձևավորված հերթացուցակի, և կացարան հատկացված անձի հետ սոցիալական բնակարանային ֆոնդը սպասարկող կազմակերպությունը («Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը) կնքում է համապատասխան պայմանագիր, որում որպես պարտադիր պայման՝ ներառված է նաև պայմանագրի գործողության ժամկետը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նաև հայտնել են, որ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ՝ հատկացված շենքերում առկա է 144 կացարան (Երևանում՝ 45 կացարան, Մարալիկում՝ 89, Սպիտակում՝ 9, Արարատում՝ 1), իսկ հերթացուցակում ներառված անձանց թիվը շուրջ 400 է։
Նախարարությունից ընդգծեցին՝ բոլորը չէ, որ դուրս են գալու կացարանից, ամեն մեկի հետ տարբեր պայմանագիր է կնքվում, այսինքն, կախված նրանից, թե որ չափորոշիչներին են համապատասխանում, տարբեր ժամկետներով պայմանագրեր են կնքվում: Մեկի դեպքում գուցե պայմանագիրը լրանում է մեկ տարուց, մյուսի դեպքում՝ 5:
Դուրս եկողների փոխարեն բնակություն են հաստատելու սոցիալապես անապահով և հատուկ խմբերի դասված ուրիշ քաղաքացիներ: Նրանք կարող են լինել քաղաքացիներ, ովքեր կեցության խնդիր ունեն, մանկատան շրջանավարտներ են, և այլն: