ԳԽ պատգամավորների արձագանքը Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում հրավիրել է հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Իսկ մինչ այդ, նույն օրը նրա նախաձեռնությամբ և «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբի» հրավերով նախատեսված է  Անկախության տարիներին ձևավորված Գերագույն խորհրդի պատգամավորական կազմով նիստ:

«Օգոստոսի 23-ը պատմական օր է հայ ժողովրդի պատմության մեջ` 1990 թվականից։ Օգոստոսի 23-ը պատմական օր կլինի նաև հայ ժողովրդի պատմության մեջ 2022 թվականից։ Այդ օրը բոլոր հայերը կլինեն Հանրապետության հրապարակում` տեր կանգնելու իրենց արժանապատվությանը, իրենց անկախությանը և իրենց երկրին։
#անկախության_հանրահավաք
#Օգոստոսի_23
#անկախության_շարժում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Էդգար Ղազարյանը։

168.am հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախկին անդամ, ԳԽ պատգամավոր Կիմ Բալայանն ասաց, որ նիստին անպայման մասնակցելու է։

Կարդացեք նաև

«Ուրեմն՝ «ԳԽ պատգամավորական ակումբը», որը ստեղծվել է 1996 թվականին, գործել է և պարբերաբար ԳԽ պատգամավորներով հանդիպումներ միշտ ունեցել ենք՝ թե տոնակատարությունների, թե տխուր առիթների կապակցությամբ։ Այս անգամ էլ բոլորին հրավիրելու ենք, կասկած չունեմ, որ բացակայողներ էլ կլինեն։ Սակայն քաղաքական բնույթի տեսակետից, օրինակ, երեկ նախագահության ընդլայնված նիստ էր, եկել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանը։ Դե բնական է, դա էլ ենք հասկանում։ Ես մտածում եմ՝ ամենաքիչը 100 հոգի կհավաքվեն»,- եզրափակեց Կիմ Բալայանը։

Դիմեցինք նաև ՀՀ նախկին փոխարտգործնախարար, ԳԽ պատգամավոր Շավարշ Քոչարյանին, սակայն  մեզ հետ հեռախոսազրույցում՝ հարցին, թե  մասնակցելո՞ւ է օգոստոսի 23-ի նախաձեռնությանը, պատասխանեց, թե չի ցանկանում որևէ  մեկնաբանություն տալ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ոչ միայն ԳԽ պատգամավոր է եղել, այլ նաև  «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» ՀԿ-ի  անդամ է առ այսօր:

168.am-ը նրան էլ դիմեց հարցով՝ մասնակցելո՞ւ է օգոստոսի 23-ին նախատեսված ԳԽ պատգամավորական նիստին, ինչին ի պատասխան՝ Հ. Աղազարյանը նախ ասաց, որ դեռ չի որոշել։

Երբ հավելեցինք,  որ նախաձեռնողը նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է, և հիմքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն է, Հովիկ Աղազարյանը  արձագանքեց. «Ես չեմ պատրաստվում Էդգար Ղազարյանի նախաձեռնած որևէ նիստի մասնակցել։ Ես ԳԽ պատգամավորական ակումբի անդամ եմ, բայց ոչ Էդգար Ղազարյանի ենթական։ Նա չունի այդ իրավունքը նման բան կազմակերպելու»։

Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին էլ հարցրեցինք՝ մասնակցելո՞ւ է Էդգար Ղազարյանի հրավիրած Գերագույն խորհրդի նիստին։ Հարցին հստակ պատասխան չհնչեց.

«Գիտեք ինչ, լրիվ անորոշություն է, որովհետև Էդգար Ղազարյանն ինքը որևէ առնչություն չունի ո՛չ Գերագույն խորհրդի հետ, ո՛չ էլ հռչակագրի հետ, և իր կողմից կոչը կարող է լինել ուղղակի բարի ցանկություն, որ կառաջարկի այդպիսի մի բան անել։

Իրականում անկախության հռչակագիրը շատ կարևոր նշանակություն ունի մեր պետության համար, որովհետև դա ընկած է նաև մեր ընդունած բոլոր Սահմանադրության  հիմքում։ Պարտադիր չի հենց հոբելյանին կազմակերպել նման բան։ Նման բան պետք է կազմակերպեին այն ուժերը, որոնք հանրապետությանը բերել են անկախության, և նրանց ընդերքից է դուրս եկել հռչակագիրը։ Այսինքն՝ դա կարող էր լինել կամ Հայոց համազգային շարժման ղեկավարությունը, կամ Գերագույն խորհրդի ղեկավարությունը, կամ էլ այդ ժամանակվա կառավարության ղեկավարությունը։ Ես այդպիսի բան հիմա չեմ տեսնում, դրա համար լուրջ չեմ վերաբերվում այդ նախաձեռնությանը։ Իմ իմացածով եմ ասում՝ կարող է մի քանի պատգամավորներ հավաքվեն, գուցե ինչ-որ լուրջ բան են անելու, բայց այդ դեպքում զարմանալի է, որ ես չգիտեմ։ Այդ դեպքում դա կդառնա կոնյունկտուրային ինչ-որ հանրահավաք, ու վերջ, որը նսեմացնում է հռչակագրի արժեքը»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Դիտարկմանը, որ այս ամենի հիմքում Էդգար Ղազարյանը դրել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, Վազգեն Մանուկյանը նկատեց.

«Ստացվում է իմ նշած պատասխանը, այսինքն՝ կոնյունկտուրային հարցի համար, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ճիշտ պահանջ է, սակայն չարժե թնդանոթով ճանճ խփել։

Անկախության հռչակագիրն արժեք ունի, որից բխում են հետևանքներ, եթե հռչակագիրը մենք վերահաստատում ենք, որի ածանցյալները կարող են լինել նաև օգտակար Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար տարվող պայքարին։ Այս պայքարը և հռչակագրի քննարկումը տարբեր գործընթաց են,  սակայն այդ երկու հարցը կապել իրար հետ, նշանակում է, որ հռչակագիրը ձեռքին ընկած պատահական քլունգ է, որն ուզում են օգտագործել մի անգամ քլնգելու համար։ Ես այս մոտեցումներին համաձայն չեմ, դրանք իրար հետ կապված խնդիրներ են, բայց այնպես չէ, որ հռչակագիրը դու հռչակում ես միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար»,- շեշտեց Վազգեն Մանուկյանը։

Միաժամանակ նա հավելեց, որ  տասնյակ  տարիների ընթացքում կամաց-կամաց շեղվել են հռչակագրից, այնտեղ մեծ պահանջներ են դրվել պետության առջև, և ճիշտ կլիներ, որպեսզի հայ հասարակությունը հռչակագրի շուրջ սկսեր քննարկումներ, հասկանար, թե ինչն է ճիշտ արել, ինչը՝ սխալ, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խոչընդոտ այդ ճանապարհին։ Սրա փոխարեն, քաղաքական ինչ-որ հարց լուծելու համար առաջ է բերվում հռչակագիրը։

«Կարծում եմ՝ նրանք, ովքեր հիմա այդ հռչակագիրը բարձրացնում են, դրա իրական արժեքը չեն հասկանում, իրենց համար դա մի գործիք է, որը կարելի է  մի հատ օգտագործել, եղավ՝ եղավ, չեղավ՝ ոչինչ։ Սա է իմ կարծիքը, այս ամենն ասում եմ շատ քիչ տեղեկատվություն ունենալով, թե ինչպես է կազմակերպվում ու ինչ է կազմակերպում։ Կարող է կազմակերպում է  ավելի լուրջ, այդ դեպքում արդեն մտածելու հարց է, մասնակցելու և այլն»,- եզրափակեց Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը:

«Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ»,- նշվում է հռչակագրում:

Տեսանյութեր

Լրահոս