Կառավարությունը մաքսատուրքից ազատեց 3 ընկերության. 2-ը պատրաստվում են վարդերի աճեցման գերժամանակակից ջերմատուն կառուցել
Կառավարության հերթական նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում հերթական արտոնությունները տրվեցին. գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար բավարարվեցին «ՄՈՒԼՏԻ ՖՈՒԴ», «ԴՈԼՈՄԻՏԻ», «ԴԻՋԻՓՐՈՓԵՐԹԻ» ընկերությունների ներկայացրած հայտերը:
Ներկայացված նախագծի համաձայն՝ 2016 թ. հիմնադրված «ՄՈՒԼՏԻ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով կառուցվելու է վարդերի աճեցման գերժամանակակից ջերմատուն:
«Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 50 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 79 մլն դրամ»,- նշվում է հիմնավորման մեջ:
«ԴՈԼՈՄԻՏԻ» ընկերության դեպքում արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․5 մլրդ դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 75 մլն դրամ: Այս նորաստեղծ ընկերությունը (2022 թ.) ևս նախատեսում է ներմուծվող ապրանքներով 3 հա տարածքում կառուցել վարդերի աճեցման գերժամանակակից ջերմատուն. արտադրությունն իրականացվելու է Արագածոտնի մարզում:
Հիմնավորումից տեղեկանում ենք, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է 2․8 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 150 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար, ստեղծել 60 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով:
«ԴԻՋԻՓՐՈՓԵՐԹԻ» ՍՊԸ-ն էլ ներմուծվող ապրանքներով Իսակովի 13/12 հասցեում կառուցելու է ՏՏ կենտրոնի նոր մասնաշենք, որտեղ, ըստ նախագծի հիմնավորման, նախնական հաշվարկով՝ կաշխատեն 1300-1500 աշխատակիցներ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․1 մլրդ դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 73 մլն դրամ: