«Մեր կարուսելների 70 տոկոսը աղետի նախանշան ա, առաջիկայում մի աղետ ունենալու ենք»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ համայնքը կարող է  ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնող կամ ծառայություն մատուցող անձանցից առգրավել, ապա դատական կարգով բռնագրավել ծառայություն մատուցելիս վաճառվող ապրանքը։

Զեկուցող՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ նշված օրենքների նախագծերի փաթեթներով առաջարկում են վարչական իրավախախտումների մասին օրենքում, ՏԻՄ օրենքում, Երևանի ՏԻՄ օրենքում, ինչպես նաև Քաղաքացիական օրենսգրքում կատարել փոփոխություններ։

«Առևտրի և ծառայությունների մասին օրենքով սահմանված է, թե փողոցներում, բացօթյա հատվածներում ինչ տեսակի առևտուր և որտեղ կարելի է  իրականացնել, թվարկված են ապրանքատեսակները՝ ծառեր, ջուր և այլն։ Երևան համայնքը և մեր բազմաթիվ համայնքներ բախվում են այս խնդրին, որ փողոցային առևտուրն անընդհատ կա, և ինչքան էլ տույժեր, վարչական ակտեր են կիրառում, խնդիրը չկարգավորված է մնում։

Քաղաքապետարանի գործընկերներն առաջարկում են, որ ոչ միայն կարողանան տուգանք կիրառել, այլև այն ապրանքը, որն այդ պահին կհայտնաբերեն, իրավունք ունենան առգրավել․․․»,- ասաց Գնել Սանոսյանը։

Կարդացեք նաև

Իր հերթին՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ վերջին 2 տարիներին իրենց կողմից կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ իրենց ձեռքի տակ եղած գործիքակազմը բավարար չէ, որ խնդրին լուծում տան, ուստի մշակվել է այս նախագիծը․

«Շատ դեպքերում տուգանքները չենք կարողանում գանձել քաղաքացիներից, 90 տոկոս դեպքերով իրենք իրենց անունով գույք չեն ունենում, գնում սնանկ են դառնում։ Խնդրի լուծումը մենք տեսնում ենք, որ ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելիս կարողանանք այդ ապրանքները բռնագրավել, որով, կարծում ենք՝ այս խնդիրը վերջնականապես կկարողանանք լուծել։ Սա սննդին է վերաբերում, խաղալիքներին է վերաբերում, կենդանիներին է վերաբերում, արդեն կենդանիներ են վաճառում։ Միևնույն ժամանակ կնշեի, որ բամբակ են փողոցում վաճառում, տեղում պատրաստում, որը փոքր գազի բալոններով են իրականացնում։ Պայմանական՝ Հյուսիսային պողոտայում, Աբովյան փողոցի վրա այդ վաճառքը, որ իրականացնում են՝ գազի բալոններով, մենք չգիտենք, թե ինչ տեխնիկական անվտանգություն է պահպանվում․․․․»։

Լսելով նախարարի և քաղաքապետի հիմնավորումները, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում ամենամեծ խնդիրն ինստիտուտներ և ստանդարտներ սահմանելն է․

«Այն պրոբլեմները, որ մենք ունենում ենք, ունենում ենք այն ժամանակ, երբ աղետ կամ աղետի նման մի բան ա լինում, հետո մենք հետահայաց նայում ենք, ասում ենք՝ բա էսքան տարի խի՞ էինք կոմպրոմիսների մեջ։ Ի վերջո, մենք այդ վճռականությունը պե՞տք է ունենանք երկրում ստանդարտներ սահմանելու։

Մենք խոսում ենք անվտանգության, հակահրդեհային կանոնների մասին, բայց պետք է արձանագրենք, որ, եթե մենք սկզբունքային այս գիծը շարունակենք՝ հազարավոր օբյեկտներ Հայաստանի Հանրապետությունում ուղղակի պետք է դադարեցնեն գործունեությունը, հազարավո՛ր։ Այստեղ գալու է հարցը՝ բա էդքան մարդ ընտանիք է պահում, բա էդքան մարդ հացի փող է աշխատում, և այդպես շարունակ։ Հաջորդ փուլում գալու է՝ ըհըն, էս բիզնեսը փաստորեն փակում են, որ վարչապետի հորեղբոր տղու դասարանցին բիզնես դնի և այլն։ Ամեն անգամ մենք գնում և բախվում ենք այսպիսի իրավիճակների, ասում ենք՝ ո՞նց կլինի, երկրի տնտեսության կեսը փակենք, բայց ի վերջո եկեք մի բան որոշենք, որ չթողնենք աղետը գա, նոր ասենք՝ բա էսքան ժամանակ․․․

Նույն 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ կապված իրավիճակներ ենք, չէ՞, քննում, հիմա հետահայաց նայում ենք, ասում ենք՝ լա՛վ, բա էդքան տարի ինչի՞ ենք էդ կոմպրոմիսներին համաձայնվել, իմանալով, որ մեր բանակում, Զինված ուժերում ինչ երևույթներ կան, ասել ենք՝ լավ դե, եկեք բանակին բան չանենք, անվտանգության հարց ա, հետո էդ մեր կոմպրոմիսը մեր գլխին պայթել ա, ճի՞շտ ա։ Ամեն անգամ էդ կոմպրոմիսը գալիս ու մեր գլխին պայթում ա․․․

Պետք ա սկզբունքային որոշումներ կայացնել և գնալ առաջ և էդ բաներին չտրվել։ Իսկ ո՞վ է ասել, որ փողոցային առևտրով պետք է ընտանիք պահեք, հես ա ասում է՝ (մատնանշում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին.- Ն․Խ․) բորդյուր շարող չունենք, կապիտալ ծախսերի իրականացման մենք աշխատուժի լուրջ պրոբլեմ ունենք, շինարարական կազմակերպություններն էսօր Հայաստանի Հանրապետությունում աշխատուժի լուրջ պրոբլեմ ունեն։ Այսինքն՝ այնպես չի, որ երկրում աշխատելու տեղ չկա, պետք ա դադարեցնե՛լ, կասեցնե՛լ․․․

Ես չե՛մ ասում՝ անտրամաբանական՝ գերանդին առնենք՝ աջ ու ձախ ամեն ինչ փակենք, արգելենք, բայց պետք է հստակ անվտանգության կանոնները՝ սննդի անվտանգությունից սկսած, տեխնիկական անվտանգությունով շարունակած, պետք է գնանք նոր ստանդարտների․․․»։

Նիկոլ Փաշինյանը մեկ այլ խնդրի վրա էլ հրավիրեց Կառավարության անդամների ուշադրությունը՝ կարուսելների վիճակի ու սպասարկման․

«Ինչքան էլ թղթաբանությամբ, տեղեկանքներով ամեն ինչ նորմալ է, ինձ համար ակնհայտ է, որ առաջիկա ժամանակահատվածում մի աղետ ունենալու ենք էստեղ, որովհետև, եթե մենակ վիզուալ մեր կարուսելներին նայում ես՝ 70 տոկոսը աղետի կոնկրետ նախանշան ա, որ մի աղետ ունենալու ենք։ Եթե բախտներս կբերի, քանի հոգի ո՞նց կտուժի, զոհ կլինի՞, թե չի՞ լինի, հետո կասենք ՝ բա այսքան տարի մենք չէինք տեսնում․․․»։

Նշենք, որ օրենսդրական փաթեթը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս