
Դավիթ Տոնոյանը առանց որևէ իրավական հիմքի մնում է կալանքի տակ. հայտարարություն

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Մեկ շաբաթից ավել՝ 09.08.2022-ից մինչ օրս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստ չի նշանակվում: Ավելին՝ հայտնի չէ, թե երբ կնշանակվի հաջորդ դատական նիստը և ում կողմից:
Արհեստածին Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման հետ կապված խառնաշփոթության արդյունքում, հաշվի առնելով, որ 2022 թ. հունվարից մինչ այս պահը քրեական գործով դատաքննության փուլն այդպես էլ չի սկսվել, դատավոր Մանվել Շահվերդյանը ձեռնպահ է մնում դատական նիստ նշանակելուց, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների՝ իրավասու չէ այլևս հիշյալ քրեական գործը քննելու: Սակայն գործը նաեւ չի ուղարկվում նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարան, ինչի արդյունքում Դավիթ Տոնոյանը շարունակում է առանց որևէ իրավական հիմքի մնալ կալանքի տակ:
Իրավական անկատարության և ամենաթողության այս մթնոլորտի պայմաններում սպասելի է, որ դեռ մեկ ամիս, գուցե և ավելի, կոպտորեն խախտելով քրեական վարույթի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության կարևորագույն սկզբունքը, Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ անազատության մեջ, ինչը կլրացնի վերջինիս անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումների շարքը»: