Կառավարությունն էլի ձախողել է
Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում կատարել բյուջեով նախատեսված ծախսերը։ Առաջին կիսամյակում ծախսերը կրկին թերակատարվել են։
Նախատեսված 1 տրիլիոն 73 միլիարդի փոխարեն՝ իրականացվել է 910 մլրդ դրամի ծախս։
Ծախսերը թերակատարվել են 163 մլրդ դրամով։ Եթե սա վերածենք տարադրամի, ապա կստացվի առնվազն 350 մլն դոլար։
Առաջին կիսամյակի ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 84,8 տոկոս։
Թերացման պատճառը եղել է ոչ թե եկամուտների պակասը, այլ ծախսերի ցածր կատարողականը։
Եկամուտները նույնիսկ գերակատարվել են։ Ճշգրտված պլանի համեմատ՝ շուրջ 42 մլրդ դրամով ավելի եկամուտ է ապահովվել։ Ու չնայած դրան, չի հաջողվել կատարել նախատեսված բոլոր ծախսերը, ինչի հետևանքով, դեֆիցիտի փոխարեն, բյուջեն առաջին կիսամյակում փակվել է պրոֆիցիտով։ Եկամուտներն ավելի քան 72 մլրդ դրամով գերազանցել են ծախսերը։ Այն դեպքում, երբ հակառակը պիտի լիներ. ծրագրավորված էր առաջին կիսամյակը փակել ավելի քան 132 մլրդ դրամ դեֆիցիտով։
Ծախսերի չկատարման պատճառներին կառավարությունը սովորաբար խուսափում է անդրադառնալ։ Անկախ նրանից, թե դա ինչի հետևանք է, ի վնաս տնտեսության է։
Գումարները, որոնք պիտի ներդրվեին տնտեսության մեջ տարբեր ծրագրերի իրականացման միջոցով և ապահովեին հավելյալ շրջանառություններ, դուրս են մնացել տնտեսությունից։ Դրա հետևանքով տնտեսությունը չի ստացել լրացուցիչ թթվածին, որը կարող էր ստանալ, եթե ժամանակին կատարվեին նախատեսված բոլոր ծրագրերը։
Ավելին, կառավարությունը շարունակել է նախկին արատավոր պրակտիկան։
Ծախսերը չի կարողացել կատարել՝ գումարները բանկերում ավանդ է դրել, ինչի արդյունքում առաջին կիսամյակում ստացել է գրեթե 16 մլրդ դրամի տոկոսավճար, որը 139,9 տոկոսով գերազանցել է կիսամյակային ցուցանիշը։
«Ծրագրված ցուցանիշի գերազանցումը պայմանավորված է 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջեի մուտքերի գերակատարմամբ և ելքերի կիսամյակային ծրագրային ցուցանիշի համեմատաբար ցածր կատարողականով, որոնց պայմաններում առաջացել են լրացուցիչ ժամանակավոր ազատ դրամական միջոցներ, ինչպես նաև պարտատոմսերի՝ ծրագրավորվածից ավել տեղաբաշխմամբ, որոնք ներդրվել են՝ ապահովելով լրացուցիչ տոկոսային եկամուտներ:
Տոկոսագումարների գերակատարմանը, ինչպես նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճին նպաստել է նաև ավանդի ներդրման տոկոսադրույքի աճը: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավանդի ներդրման տոկոսադրույքն աճել է 2,86 տոկոսային կետով՝ ապահովելով 2,8 մլրդ դրամով ավելի մուտքեր: 2022 թվականի առաջին կիսամյակում ներդրված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8,98 տոկոս` 2021 թվականի առաջին կիսամյակի 6,13 տոկոսի դիմաց»,- արձանագրել է ֆինանսների նախարարությունն առաջին կիսամյակի բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ:
Բյուջեի ծախսերի թերակատարման մեջ, ինչպես միշտ, մեծ բաժին է ընկել կապիտալ ծախսերին։
Առաջին կիսամյակում նախատեսված է եղել իրականացնել ավելի քան 169 մլրդ դրամի կապիտալ ծախս, որից իրականացվել է ընդամենը 100 միլիարդը։ Մնացած 69 միլիարդը չի կատարվել։
Կապիտալ ծախսերի կատարողականն էլ ավելի ցածր է, քան ընդհանուր բյուջեինը։ Դրանք առաջին կիսամյակում, ծրագրվածի համեմատ, թերակատարվել են գրեթե 41 տոկոսով։
Կապիտալ ծախսերի թերակատարման պատճառները հիմնականում նույնն են, ինչ նախորդ տարիներին. չեն կարողանում պատշաճ կազմակերպել պետական գնումները, որպեսզի ծրագրերը հետ չմնան ու ժամանակին իրականացվեն։ Դրա համար շատ հաճախ գնում են մեկ անձից գնումներ կատարելու ճանապարհով։ Այդպիսի միլիարդավոր դրամի գնումներ են անում, բայց էլի չեն հասցնում տեղավորվել նախատեսված ժամկետներում։
Առաջին կիսամյակն արդեն անցյալում է ու ակնհայտ է, որ այս տարի ևս կառավարությունը խնդիրներ ունի կապիտալ ծախսերի կատարման առումով։
Տարեսկզբի առաջին 6 ամիսներին հաջողվել է կատարել ընդամենը 100 մլրդ դրամի կապիտալ ծախս։ Այն դեպքում, երբ տարվա կտրվածքով նախատեսված է 347 միլիարդ։
Սա նշանակում է, որ տարեկան պլանը կատարելու համար կառավարությունը պիտի հասցնի երկրորդ կիսամյակում իրականացնել 247 մլրդ դրամի կապիտալ ծախս՝ գրեթե 2,5 անգամ ավելի շատ, քան արել է առաջին կիսամյակում։
Պարզ է, որ դա այլևս անհնարին է լինելու, ու տարեվերջին կրկին ունենալու ենք կապիտալ ծախսերի բավական լուրջ թերակատարում։ Այդ մասին դեռևս բյուջեի պլանավորման ժամանակ էին մասնագետները զգուշացնում կառավարությանը, բայց կառավարությունն անդրդվելի գտնվեց։ Գրեթե 55 տոկոսով ավելացրին կապիտալ ծախսերը, ու այսօր արդեն տեսնում ենք, որ չարաշահել են իրենց հնարավորությունները։ Ամեն տարի բախվում ենք նույն պատմությանը, բայց հետևություններ այդպես էլ չեն արվում։ Տարվա սկզբին հայտարարում են կապիտալ ծախսերն ավելացնելու մասին, իսկ տարվա վերջին տեսնում ենք, որ դրանք մնացել են անկատար։
Որքան էլ 2021թ. համեմատ այս տարվա առաջին կեսին կապիտալ ծախսերի որոշակի աճ ունենք, դա ոչ մի պարագայում չի կարող արդարացում լինել կառավարության համար։ Կապիտալ ծախսերը բյուջեի առանցքային ծախսերն են, որոնց կատարումը շատ կարևոր է՝ հետագա տնտեսական զարգացումների ու կայուն աճերի ապահովման համար։ Մի բան, ինչից մեծապես կաղում է Հայաստանի տնտեսությունը։ Մեր տնտեսության երկարատև և կայուն աճի հիմքերը շատ թույլ են։ Դրանք հիմնված են հիմնականում այնպիսի ոլորտների վրա, որոնք իրավիճակներից կախված՝ շատ հաճախ են ենթարկվում կտրուկ փոփոխությունների։
Այդ է պատճառը, որ բարձր է տնտեսության աճի տատանողականությունը։ Չկան կայուն և ամուր աճի բավարար հիմքեր։ Այնինչ՝ կապիտալ ծախսերը բյուջեի այն ծախսերն են, որոնք տնտեսության մեջ ստեղծում են այդպիսի հնարավորություններ։ Ու եթե այսօր այդ ծախսերը չեն կատարվում, նշանակում է՝ հետաձգում է նաև այն հիմքերի ստեղծումը, որոնք շատ անհրաժեշտ են մեր տնտեսությանը՝ հետագա անհարմարություններից խուսափելու համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ