«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվն հասել է 34-ի․ ԱԻՆ

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տասնմեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և երեսունչորս տուժած։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» և «էրեբունի» ԲԿ-ներ։

Տեսանյութեր

Լրահոս