Չի կարելի նույնացնել պետությունն ու իշխանությունը, անթույլատրելի է կառավարիչներին ընկալել իբրև պետություն․ Ռուբեն Աղուզումցյան

Այսօրվա իրադրությունը ճիշտ գնահատելու և վերլուծելու համար պետք է անդրադառնալ մեր պատմությանը, իսկ այն ապացուցում է, որ բարդ կյանքն առաջացնում է գոյատևման հզոր հոգեբանական մեխանիզմներ, այդ պատճառով հայերս արտակարգ լավ ենք հարմարվում ամեն ինչին։ Անկախ նրանից՝ հայը երկրագնդի որ մասում է գտնվում, միանգամից հարմարվում է իրավիճակին, իսկ օրինապաշտ հայերն ավելի լավ են ապրում։ Այն ազգերը, որոնք ծանր պատմություն ունեն, ստիպված ձևավորել են հոգեբանական այնպիսի մեխանիզմներ, որոնք ապահովում են նրա գոյատևումը։ Հայրենիքի մասին խոսակցությունները վերացական են, մինչդեռ հայրենիքը խիստ կոնկրետ հասկացություն է։ Ցավոք, մեր կրթության և դաստիարակության ընթացքում մենք, առանց հայրենիքի գաղափարը նյութականացնելու, առարկայացնելու, խոսում ենք լոկ ընդհանուր հասկացությունների շուրջ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հոգեբան, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը։

«Հայերս շատ ենք խոսում հայրենասիրությունից, մինչդեռ կենցաղային մշակույթ չունենք, մեկս մյուսի նկատմամբ պատշաճ վերաբերմունք չենք դրսևորում։ Երևանյան դպրոցներից մեկի ավագ դասարաններում աշակերտների շրջանում հարցում են անցկացրել, տասը գաղափար են ներկայացրել՝ ընտանիք, ընկերներ, աշխատանք, առողջություն, հայրենասիրություն և այլն, և առաջարկել են դրանք դասակարգել ըստ կարևորության։ Այդ տասնյակում ընտանիքը եղել է առաջինը, հայրենասիրությունը՝ վերջինը։ Հիմքերի հիմքը պետք է լինի ընտանիքը, անձն այդպես է ձևավորվում։ Հարմարումը գոյատևման և զարգացման կարևորագույն հիմքերից մեկն է, իսկ հայերս հարմարվելու ունիվերսալ կարողություն ենք ձեռք բերել։ Երբ հարմարումն անհնար է, դա մարդու հոգեֆիզիոլոգիայի համար մեծագույն դժվարություններ է ստեղծում։ Անվտանգության կարևորագույն գործոններից մեկը տեղեկատվության ամբողջականությունն ու ճշգրտությունն է։ Այսօր մենք ինֆորմացիոն անորոշության մեջ ենք»,- ասաց գիտնականը։

«Սոցիալական, տնտեսական, քաղաքական, ռազմական ոլորտներից հակասական մեկնաբանություններ ենք ստանում չորս կողմից, հակառակորդներն էլ իրարամերժ տեղեկատվություն են տալիս։ Ինֆորմացիոն սթրեսն ամենասարսափելի սթրեսն է, մենք այսօր տեղեկատվական հակասության մեջ ենք, չգիտենք՝ ո՞ւմ հավատալ, ի՞նչն ընդունել որպես հիմք, որ գոյատևենք և մեր հարմարումը կազմակերպենք։ Վերջին տարիների իրադարձությունները չեն բերել այն գիտակցմանը, որ ճիշտ եզրակացություններ անենք և համախմբված գործենք։ Մի շարք ազդեցություններ ավելի մեծ խառնաշփոթի են մատնում մեզ։ Մենք շատ ենք ուրիշի լծի տակ եղել, դա մեր մեջ ինչ-որ առումով ստրկական միտումներ է առաջացրել։ Մենք, իհարկե, ստրուկ չենք կարող լինել, քանի որ մտածող ենք, բանական, խելքով։ Բայց դա գոյատևման տեսանկյունից խիստ անհատական բնույթ է կրում։ Մենք անհատական մտածողության կրող ենք, անհատականացված ենք, դա օգնել է մեզ գոյատևել որպես ազգ, բայց խանգարել է պետություն կառուցելիս»,- նշեց Ռուբեն Աղուզումցյանը։

Պրոֆեսորի կարծիքով՝ չի կարելի նույնացնել պետությունն ու իշխանությունը, անթույլատրելի է կառավարիչներին ընկալել իբրև պետություն․ «Շատ լուրջ խնդիր է պետական աշխատողների հոգեբանական որակները սահմանելը։ Արդյո՞ք բոլորին կարելի է դառնալ պետական կառավարիչ՝ առանց գնահատելու նրանց անձնային որակները։ Մասնագիտական և անձնային որակների մեջ անձնայինն ավելի կարևոր է, իսկ մասնագիտական որակներին կարելի է արագորեն սովորեցնել։ Մենք այդպես էլ չհասկացանք, որ յուրաքանչյուրիս գործողությունը նշանակություն ունի պետական կառավարիչների ընտրության հարցում։ Մենք մեզ ոչ թե կերտող, այլ պահանջող ենք համարում։ Մենք մեզ հասարակության և պետության մաս չենք զգում։ Հայերս տարբերվել ենք մյուս ազգերից կրթության հանդեպ ձգտումով, բոլոր ընտանիքներում երեխաների ապագան կապված է եղել կրթության հետ, նրանց բուհ են մղել, անգամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն են վերացրել, դա մտածված քաղաքականություն է»:

«Արցախում այսօր վիճակը նույնիսկ ավելի կայուն է, քան մեզ մոտ։ Մեր գնացքը գնացել է, իսկ մենք փորձում ենք հասնել նրան։ Մենք ոչ թե կանխագուշակում ենք ապագան կամ պրոֆիլակտիկայով ենք զբաղվում, այլ պայքարում ենք հետևանքների դեմ։ Հայերիս հոգեբանական դիմանկարն առաջինը տվել է Ղազար Փարպեցին 5-րդ դարում, հետո՝ գեներալ-նահանգապետ Վիտտեն 19-րդ դարավերջին, Լոուրենս Արաբացին, ապա՝ Հովհաննես Թումանյանն ու Դերենիկ Դեմիրճյանը։ Սակայն առայսօր հայի հոգեբանական դիմանկարի գիտական հետազոտություններ չկան։ Ժամանակները փոխվում են, հայերս՝ ոչ, մեր խնդիրներն էլ չեն փոխվում։ Մինչև մենք՝ ամեն մեկս, չփոխվենք, որևէ այլ բան չի փոխվելու, և սպասելիքները զուր են: Մեր բնակչության հոգեբանական վիճակն այսօր իրոք ծանր է»,- ամփոփեց Ռուբեն Աղուզումցյանը:

Տեսանյութեր

Լրահոս