«Էս տղան չի հասկանում՝ վրեժխնդիր առաջնորդը ծանր հետևանքով ավարտ է ունենում. ավարտը գալու է». Արամ Սարգսյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը և «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների վախվորած, պարտվողական կեցվածքը, դիմում ենք ՀՀ և Սփյուռքի քաղաքական, հասարակական կազմակերպություններին սկսել Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի ճանաչման համատարած գործընթացը, որը գործնական միավորում կձևավորի ի պաշտպանություն Արցախի և նախադեպ կստեղծի միջազգային հանրության համար։ Ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից՝ ազգովի պարտավորություն ենք վերցնում պաշտպանելու արցախահայությանը։
Սույն հայտարարությունը բաց է ստորագրության համար»,- ասված է տարածված հայտարարության մեջ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը, խոսելով Արցախի ճանաչման գործընթացի՝ իրենց պահանջի մասին, նշեց՝ Արցախը որևէ մեկն օրինական սուբյեկտ չի համարի այնքան ժամանակ, քանի դեռ առաջին հերթին Հայաստանը դա չի արել, իսկ անելու ձևն Արցախի ճանաչումն է։
«Ուստի, այս փուլում հաշվի առնելով ՀՀ իշխանության պարտվողական քաղաքականությունը, մեզ մեկ լուծոմ է մնում Արցախի պահպանության համար. պետք է ազգովի համախմբվել և Արցախի ճանաչումը դարձնել գործոն, որովհետև դա մեր փոխարեն որևէ մեկը չի անելու։ Պետք է հակազդել ՀՀ իշխանության այն որոշումներին, որոնք ազգի շահերին դեմ են»,- ասաց Սարգսյանը՝ այս հարցում կարևորելով սփյուռքի անմիջական մասնակցությունն Արցախի ճանաչման պահանջի ձևավորման հարցում։
Սարգսյանը համոզված է՝ պայքարի հարցում պետք չէ հիասթափվել, որովհետև, եթե Արցախի պաշտպանության հարցում ազգային շահերի դեմ գնացող իշխանության դեմ պայքարը հիմա՝ ևս մեկ անգամ չձևավորվի, դա արդեն կնշանակի, որ մենք ազգ չենք, իսկ քաղաքական գործիչներն էլ այդպիսի գործիչներ չեն, ու բոլորն ընտրել են թշնամուն հանձնվելու ուղին։
«Համախմբման կարիք կա. պետությունն այս վիճակից դուրս պետք է բերել։ Պետք է համախմբել բոլոր կարող ուժերին՝ ազգի ընտրանուն։ Մենք հասել ենք մի վիճակի, որ պետք է միավորվի ազգի ընտրանին՝ սերուցքը, և իրականացնի համազգային ժողով և իր առջև դնի պետության փրկության համար անհրաժեշտ անելիքները, որովհետև մի անձի պատճառով իրավունք չունի 5000 տարվա պետությունը գնա կործանման»,- ասաց Սարգսյանը՝ հատուկ շեշտելով՝ այս հարցում պայքարը կարող է երկար տևել՝ լի բռնաճնշումներով, սակայն հիասթափվելն ու ոչինչ չանելը հանձնվել է նշանակելու։
«Պետք է գիտակցել, որ քաղաքական գործընթացները երեք քայլով մատ չեն. Օրինակ՝ 7 տարի սպասել ենք, որ ՀՀՇ-ն ինքնասպան լինի, այնպես որ, ժամանակ կարող է պահանջվել, բայց միևնույն ժամանակ քաղաքականության մեջ բաներ կան, որոնք խախտել հնարավոր չէ. Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքը»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանում ընդդիմախոսների նկատմամբ ծավալվող բռնաճնշումներին, Արամ Սագսյանը հիշեց պատմության փորձն ու ընդգծեց.
«Էս տղան կամ չի հասկանում, կամ հասկանալով է անում. Վրեժխնդիր լինող կառավարիչը ծանր հետևանքով ավարտ է ունենում. իհարկե, կարող է ևս 2 տարի շարունակել, բայց միևնույն է, ավարտը ծանր է լինում: Օրինակ՝ հիշեք Ստալինին ու Բերիային. այո՛, ավարտը գալու է և գալու է ծանր հետևանքներով»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում