Եվրոպական երկրները Ֆրանսիային օգնության են եկել՝ պայքարելու բնական հրդեհների դեմ

Եվրոպական երկրների ավելի քան 360 հրշեջներ ժամանել են Ֆրանսիայի հարավ-արեւմուտք՝ օգնելու ֆրանսիացի գործընկերներին բնական սաստիկ հրդեհների դեմ պայքարում: Այդ մասին հաղորդում է BFMTV-ն:

«Ընդհանուր առմամբ ավելի քան 360 գործընկերներ Գերմանիայից, Լեհաստանից, Ռումինիայից եւ Ավստրիայից օգնում են ֆրանսիացի հրշեջներին»,-հաղորդում է հեռուստաալիքը: Մասնավորապես, 65 հրշեջ եւ 24 մասնագիտացված մեքենա ուղարկվել են Գերմանիայից, 146 հրշեջ եւ 49 մեքենա՝ Լեհաստանից, 77 հրշեջ եւ 14 մեքենա՝ Ռումինիայից, 73 հրշեջ եւ 14 մեքենա՝ Ավստրիայից: Բացի այդ, հրդեհների դեմ պայքարելու համար երկուական մասնագիտացված ինքնաթիռներ են մոբիլիզացվել Հունաստանից ու Շվեդիայից:

Ֆրանսիայի 19 դեպարտամենտներում գործում է եղանակային վտանգավորության նարնջագույն մակարդակ. այդ միջոցը սահմանվում է մարդկանց ու տնատնտեսություններին հասցվող հավանական վնասի առաջացման դեպքում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրյակին հայտարարել է, որ ԵՄ-ից օգնություն է սպասում հրդեհների մարման համար, որոնք առաջացել են անոմալ տապի եւ երաշտի պայմաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս