Ստուգելուց հետո նորից ստուգելու անհրաժեշտություն է առաջանում. վարորդները դժգոհում են գազաբալոնների վկայագրումից
Վարորդները բողոքում են, որ գազի բալոնը ստուգելուց հետո պարզվում է, որ խնդիրներ են առաջացել, ասենք՝ գազի արտահոսք, խափանված դետալներ և այլն։
«Ստուգելուց հետո ստուգելու անհրաժեշտություն է առաջանում: Ես տվեցի՝ ստուգեցին, բայց փոշմանել եմ, ինչ ասես փոխեցինք, դեռ գազի հոտը լցվում է ներս»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի փոխանցմամբ՝ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններին երբ զանգում ես՝ անհասանելի են, իսկ դա արդեն վնասում է քաղաքացուն:
«Ուղղակի անհեթեթություն է. հեղուկ գազի բալոնը նույն ձև պետք է տանես փորձարկման ու վկայագրման, ինչպես մեթան գազը: Հեղուկ գազի դեպքում ճնշումը փոքր է: Որպեսզի նման հերթեր չառաջանային՝ սկզբում կարող էին վկայագրել ճնշումով գազի բալոնները, որոնք իրոք վտանգավոր են, հիմնականում պայթյունները դրանց դեպքում են գրանցվել: Հեղուկի գազի դեպքում նման բան չի եղել, այլապես, եթե այդպես է՝ կենցաղային բալոններն էլ պետք է անցնեն ստուգման»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:
«Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանի կարծիքով՝ գազաբալոնների հարցը վերջին պահին կարող էին լուծել, բացթողումները շատ են:
«Վթարներից այսօր ավելի շատ մարդիկ են մահանում: Վարորդներին արգելված է վարելիս հեռախոսից օգտվել, բայց մեծ մասն օգտվում է: Երևանում վթարների 70 տոկոսը լինում է հեռախոսների պատճառով: Չմոռանանք օնլայն տաքսիների մասին, որ հեռախոսով են աշխատում»,- ընդգծեց Վահագն Սահակյանը:
Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը, ինչպես նաև տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու կարևորությունը և գազաբալոնների վկայագրման գործընթացի արդյունավետ ու պատշաճ կազմակերպումը՝ որոշում ընդունեց և շահառուներին տեղեկացրեց, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցների գազալցակայաններում լցավորումը ս.թ. օգոստոսի 1-ից հետո իրականացնելու համար գործարկվելու է գազաբալոնների վկայագրման հերթագրման համակարգը։ Համակարգում հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև իրենց հերթագրման օրը հնարավորություն կստանան լցավորվել գազալցակայաններում։ Հերթագրվել համակարգում հնարավոր է միայն 1 (մեկ) անգամ։ Նախարարությունը հնարավորություն էր տվել, ըստ տարածած հաղորդագրության, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում կարելի է հերթագրվել նաև առանց այցելելու կազմակերպություն՝ առցանց տարբերակով այցելելով նշված հղմամբ կայքէջը։
Նախարարությունը վստահեցրել էր նաև, որ Լիցենզավորված կազմակերպություններում հերթագրումն իրականացվում է բացառապես անվճար։
Միաժամանակ հորդորել էին հերթագրման համար լիցենզավորված կազմակերպության կողմից գումար պահանջելու դեպքերի մասին տեղեկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ նշելով լիցենզավորված կազմակերպության տվյալները։