«Ադրբեջանը ցանկանում է հասնել նրան, որ Արցախն ամբողջությամբ հայաթափվի, և յուրացվի Արցախի այն հատվածը, որտեղ այսօր ապրում է արցախցին». Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի գնահատմամբ՝ օգոստոսի 1-ից սկսված գործողություններն Արցախի ժղովրդի դեմ Ադրբեջանի կողմից վարվող ընդհանուր հայատյաց քաղաքականության հերթական քայլերից է։ Այսինքն՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ տարվող ռազմավարության ընդհանուր դրսևորումն է։
«Այդ ամենով Ադրբեջանը ցանկանում է հասնել նրան, որ Արցախն ամբողջությամբ հայաթափվի, և յուրացվի Արցախի այն հատվածը, որտեղ այսօր ապրում է արցախցին։
Միջազգային կառույցները պատշաճ կերպով տեղեկացվում են իրավիճակի մասին թե՛ հրապարակային մեր հայտարարություններով կամ հարցազրույցներով, թե՛ ուղիղ հասցեական նամակներով, որոնք ուղարկում են տարբեր կազմակերպություններ։ Ցավոք, հասցեական որևէ պատասխան չենք ստացել և կարող ենք արձանագրել, որ համարձակության պակաս կա ասելու այն, ինչ իրականում տեղի է ունենում։ Երկու կողմերին ուղղված կոչերն իրականում որևէ պրակտիկ ազդեցություն ու նշանակություն չեն ունենում։ Մեր ջանքերը՝ այդ անհասցե հայտարարությունները հաղթահարելուն ուղղված, դեռևս հաջողության չեն հասնում, բայց մենք ավելի մեծ ջանքերով կշարունակենք այդ իրավիճակը շտկելու ուղղությամբ գործողությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ն ընդգծեց, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում համատարած խախտվում են մարդկանց իրավունքները։
«Այն, որ Արցախի ժողովուրդը մշտական հոգեբանական ու ֆիզիկական վախի մթնոլորտում է ապրում, սա արդեն իսկ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, և սրա առաջին պատասխանատուն Ադրբեջանն է՝ իր ագրեսիվ վարքագծով»,- շեշտեց Գեղամ Ստեփանյանը։
Այսօր եթե Ուկրաինայում որևէ խաղաղ բնակիչ է զոհվում կամ վիրավորվում, ամբողջ աշխարհը դրան արձագանքում է, արդյո՞ք Արցախում էլ նույն խաղաղ բնակիչը չի ապրում, որ աշխարհն աչք է փակում նրա նկատմամբ Ադրբեջանի իրականացրած գործողություններին եթե նույնիսկ արձագանքում են, ապա միայն կողմերին ուղղված նույնաբովանդակ կոչով՝ «Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեէսկալացիա հաստատելու և երկխոսությունը վերսկսելու համար»: Մեր այս հարցին Գեղամ Ստեփանյանը պատասխանեց՝ միջազգային տարբեր կազմակերպությունների ու դերակատարների հենց այդ վարքագիծը ցույց է տալիս, որ հաճախ պետություններն ու կառույցներն ուղղակի մարդու իրավունքների օրակարգն օգտագործում են որպես գործիք, այլ ոչ թե՝ նպատակ։
«Քաղաքական նպատակների համար մարդու իրավունքների պաշտպանությունն օգտագործում են որպես գործիք, և դրա մեջ չկա ազնվություն կամ անկեղծություն։ Մարդու իրավունքներ են պաշտպանում այնտեղ, որտեղ իրենց քաղաքական շահերը համընկնում են, և ուղղակի անտեսում են այնտեղ, որտեղ քաղաքական շահեր չունեն։ Սա է իրավիճակը, և սրանով է պայմանավորված այն, որ Ուկրաինայում լինի, թե այլ երկրում ընթացող հակամարտությունը, դրանց մասին մշտապես խոսվում է, իսկ Արցախի պարագայում՝ ուղղակի անտեսվում, որովհետև այս կամ այն երկրներն Ադրբեջանի նավթից կախվածություն ունեն կամ Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ավելի մեծ հետաքրքրություններ ունեն»,- եզրափակեց Գեղամ Ստեփանյանը։