«Կանսերվայի կոկոշների» ձայնը՝ որպես ազդանշանային համակարգ. պարտության և հաղթանակի դասերի մասին
Երեկ ՀՀ Պաշտպանության նախարարությունը լրագրողական խումբ էր տարել ՀՀ հյուսիսարևելյան հատվածում (Տավուշ) տեղակայված N զորամաս և մարտական հենակետ:
Պաշտպանական գերատեսչությունը նպատակահարմար էր գտել, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները հետևեն նորակոչիկների շարային և ֆիզիկական պատրաստության պարապմունքներին, այնուհետև ծանոթանան ժամկետային զինծառայողների առօրյային և, բնականաբար, մարտական հերթապահության կրման պայմաններին:
Զորամասում ստեղծված են ծառայության համար կենցաղային հարմարավետ պայմաններ: Սպաները շեշտեցին՝ զորամասը զրոյից է կառուցվել:
Հիշեցնենք, որ Իջևանում տեղակայված զորանոցի կառուցման աշխատանքները մեկնարկել էին նախկին իշխանությունների օրոք, իսկ պաշտոնական բացումը նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2017 թվականին, երբ պաշտպանության նախարարը Վիգեն Սարգսյանն էր:
168.am-ի տեղեկություններով, այցի համար ընտրված մարտական հենակետի, այսպես ասած, լուծումները, ևս նախկին իշխանությունների օրոք են տրվել, հաշվի են առնվել դիրքային և վիզուալ վերահսկողության որոշակի առավելությունները, թեպետ ի սկզբանե ուսումնական նպատակով է այն սարքվել:
Գաղտնիության սկզբունքից ելնելով՝ չենք նշի դիրքի և անգամ վիզուալ վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական գյուղի անունները:
Դիրքը հակառակորդից, ինչպես մեզ ասացին՝ ոչ շատ մոտիկ է, ոչ էլ շատ հեռու՝ մոտ 800-900 մետր հեռավորության վրա է: Մեզ տեղեկացրեցին, որ այստեղ բոլորը պայմանագրային են:
Դիրքի ավագը լրագրողների հետ զրույցում չցանկացավ հակառակորդի շարժերի մասին մանրամասներ հայտնել: Մենք անգամ չիմացանք՝ վերջին անգամ կրակոցի ձայներ ե՞րբ են լսվել այստեղ:
«Լարվածություն, մեծ հաշվով, չի նկատվում: Սահմանների վիճակը նորմալ է, սակայն զգոնությունը ոչ մի վայրկյան չենք կորցնում: Այսինքն, մեր գիշերը ցերեկվանից չի տարբերվում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ծառայությունը երեք հերթափոխով է ընթանում, և, որ մարտական հենակետում զենք-զինամթերքի պակաս չկա:
«Դիրքը կահավորված է, ահագին առավելություններ կան՝ համեմատած նախորդ տարիների հետ»,- ասաց դիրքի ավագը:
168.am-ը հակադարձեց՝ ինչպես նկատեցինք, դիրքում չեն հրաժարվել գործող իշխանությունների կողմից այդքան քննադատված «կանսերվայի բանկաներից», կամ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ կանսերվի կոկոշներից», այսօրվա պայմաններում այն ի՞նչ արդյունավետություն ունի, դրա անհրաժեշտությունը կա՞:
«Դրանք որպես ազդանշանային համակարգ կամ ձայնային ազդանշան՝ օգտագործվում են, և եթե հանկարծ ուշադրությունդ այլ կողմի վրա լինի, ցանկացած շարժի դեպքում, եթե կպնեն դրանց, այդ ձայնային ազդանշանը կլսես: Քեզ օգնում է, որ ուշադրությունդ դեպի այդ կողմ դարձնես»,- պատասխանեց դիրքի ավագը՝ վստահեցնելով, որ դրանք համատեղվում են ժամանակակից միջոցների հետ, այսինքն, դրանք իրար փոխլրացնում են:
Սպաներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, խոսելով կանսերվայի բանկաներից, լրացրեց՝ եթե գնդացիր ես կիրառում, չի նշանակում, որ պիտի ձեռքիդ դանակը գցես, այն կարող է պետք գալ դեռ:
Պարտվել չի նշանակում՝ ամեն ինչի վերջ. կարելի է պարտվել և հետո պատրաստվել հաղթանակի
Իսկ թե ինչպե՞ս է ազդել 2020թ. 44-օրյա պատերազմը և դրա արդյունքը զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա, առհասարակ, բարոյահոգեբանական ինչ խնդիրներ ունեն այսօր զինվորները, Իջևանի զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը նշեց.
«Պատերազմից հետո ամենամեծ խնդիրը, որը կարող է առաջանալ, պարտվողի հոգեբանությունն է: Եվ մենք ինչքան էլ փորձենք ասել՝ այդ գործոնը չկա զինվորի մեջ, երևի թե ճիշտ չի լինի: Բայց, փառք Աստծո, մեր՝ սպա-հոգեբանների աշխատանքը ստացվում է: Երբ զինվորը տեսնում է համակարգված ծառայություն, հասկանում է… Ի վերջո, այսպիսի մի բան էլ կա՝ Գերմանիայի պես երկիրը համաշխարհային պատերազմներում պարտություն է կրել: Պարտությունը չի նշանակում ամեն ինչի վերջ: Պատերազմում կարելի է պարտություն կրել, բայց հետո շտկել մեջքը, ինչպես դա արեց Գերմանիան, որն այսօր Եվրոպայի ամենազարգացած երկրներից է: Այնպես որ՝ պարտությունը կյանքի կամ աշխարհի վերջը չէ: Մենք մեր զինվորներին բացատրում ենք՝ պատմության մեջ լինում են և՛ պարտություններ, և՛ հաղթանակներ: Հաղթանակը մեզ պիտի ավելի զգոնացնի, հաղթելու համար միշտ պիտի պատրաստ լինենք: Պարտությունն էլ իր դասերն է տալիս, այն ևս ավելի լավ պատրաստվելու դաս է: Կրկնում եմ՝ պարտվել չի նշանակում ամեն ինչի վերջ, կարելի է պարտվել և հետո պատրաստվել»:
Դիտարկմանը՝ արդյոք մենք պատրաստվո՞ւմ ենք, սպան դրական պատասխան տվեց՝ մեր զինվորը պատրաստ է, պետք է տեսնել զինվորների ոգևորությունը հերթափոխի օրը:
Իսկ այն, որ զինվորը կարող է պատրաստ լինել, բայց երկրում տիրող ընդհանուր մթնոլորտը, քաղաքական իշխանությունների կողմից հնչող հայտարարությունները չեն կարող չազդել զինվորի ոգևորության վրա, Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալն արձագանքեց.
«Մենք փորձում ենք զերծ մնալ քաղաքականությունից, այդ չափը պահում ենք»: