Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ հեռակա ուսուցման ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփվել են և, ըստ այդմ, մայրաքաղաք Երևանի և մարզերի 22 բուհեր և բուհերի մասնաճյուղեր դիմած 3793 դիմորդից ընդունվել է 2059-ը կամ 54,3 տոկոսը: Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բուհերին հատկացվել էր 7726 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ այս տարի ևս կիրառվել է մեկ մասնագիտություն, մեկ բուհ սկզբունքը, ինչը ենթադրում է, որ դիմորդն առաջին փուլում հայտագրում էր մեկ բուհ և իր նախընտրած մեկ մասնագիտությունը, և արդեն լրացուցիչ փուլով հնարավորություն է տրվում հիմնական փուլի մրցույթը չհաղթահարած դիմորդներին՝ դիմելու և համալրելու թափուր մնացած տեղերը: Ընդունելության քննությունները բոլոր բուհերում սահմանված են եղել միասնական չափանիշներով, երկու միասնական քննության պարտադիր պայմանով: