ԱՄՆ դեսպանատունը ՀՀ-ում իր քաղաքացիներին հորդորում է զգուշանալ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է Հայաստանում գտնվող իր քաղաքացիների անվտանգությամբ։ Քիչ առաջ՝ մասնավորապես 21:30-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին արտակարգ կարգով նախազգուշացրել է խուսափել որոշ վայրերից, որոնց վերաբերյալ ժամեր առաջ ՀՀ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգեր էին ստացվել։ Ըստ ԱՄՆ քաղաքացիներին ուղարկված հրատապ էլեկտրոնային հաղորդագրության՝ նախազգուշական նամակը վերաբերում է հետևյալ տարածքներին՝ Զվարթնոց օդանավակայանին, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններին, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ Ազգային ժողովի շենքերին։
ԱՄՆ դեսպանատունը մասնավորապես հաղորդել է, որ տեղական իշխանությունների տվյալներով՝ ներկայումս արտակարգ փրկարարական ծառայությունները հետաքննում են «Զվարթնոց» օդանավակայանի, մետրոյի բոլոր կայարանների, քաղաքապետարանի և Ազգային ժողովի վերաբերյալ պայթուցիկ սարքերի սպառնալիքները:
«Գործողություններ, որոնք պետք է անել՝
• Հետևել տեղական մամուլին,
• Խուսափել մարդաշատ վայրերից,
• Տեղեկացնել ընկերներին և ընտանիքին Ձեր անվտանգության մասին,
• Տեղյակ եղեք Ձեզ շրջապատող միջավայրից»,-ասված է հաղորդագրությունում։
Ի դեպ, անվտանգային այս նախազգուշացումը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում դեռ չի տեղադրվել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեղեկացրել էր, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 18:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված և այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունն անգլերենով․
Alert received from US Embassy now:Location: Zvartnots airport, all metro stations, City Hall, and the National Assembly
Event: According to local authorities, emergency services are currently investigating bomb threats at Zvartnots airport, all metro stations, City Hall, and the National Assembly.
Actions to Take:
• Avoid the area.
• Monitor local media for updates.
• Avoid crowds.
• Notify friends and family of your safety.
• Be aware of your surroundings.