
Չինաստանը պատրաստ չէ մասնակցել ՌՀՍ-ի նոր պայմանագրի քննարկմանը

Այս փուլում արդարացի չէ Չինաստանից պահանջել՝ միանալու ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մասնակցությամբ ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ նոր պայմանագրի քննարկմանը, քանի որ Չինաստանի միջուկային զինանոցը շատ ավելի պակաս է, քան ԱՄՆ-ինը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը:
«Չինաստանի միջուկային զինանոցն այն մասշտաբների չէ, ինչ որ ԱՄՆ-ինն է: Արդարացի եւ բանական չէ Չինաստանից խնդրել՝ այս փուլում միանալու բազմակողմ զինաթափման գործընթացին»,-ասել է դիվանագետը:
Խուա Չունյինն ընդգծել է, որ, չնայած դրան, Չինաստանն ակտիվորեն աջակցում է միջուկային չտարածման միջազգային համակարգին:
Նա նաեւ հավելել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակել բոլոր կողմերի հետ սերտ շփումներ պահպանել սպառազինությունների կրճատման հարցերի ուղղությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: