Ադրբեջանը մերժում է Փաշինյանի մյուս առաջարկները. նրանք պահանջում են միջանցք Մեղրիով

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ադրբեջանական CBC TV–ի հետ զրույցում ասել է, որ կոմունիկացիաների թեմայի շուրջ ՀՀ իշխանությունները շարունակում են «խաղը»:

 «Հայաստանը ձգձգում է Մեղրիով ավտոմոբիլային ճանապարհի հարցը, փոխարենն առաջարկում են կոմունիկացիաներ բացել Նախիջևանով, որ Նախիջևանն օգտվի ճանապարհից ՀՀ տարածքով, Վրաստան… Այսինքն, 45 կմ-ի փոխարեն, որը կա Մեղրիում, և որը Նախիջևանը բաժանում է Ադրբեջանի հիմնական տարածքից, նրանք առաջարկում են մեզ մոտ 1000 կմ… և այնպիսի պայմաններում, երբ բացակայում է էլեմենտար անվտանգությունը: Այսինքն, ՀՀ տարածքով մուտք Վրաստան, հետո նոր հասնել Բաքու, դա մոտ 1000 կմ է: Դա խաղ է, և Ադրբեջանն անգամ չի արձագանքում այդօրինակ առաջարկներին, ՀՀ իշխանություններն անգամ պաշտոնական պատասխանի արժանի չեն: Կա պարտավորություն բացելու «Մեղրիի միջանցքը»՝ տրանսպորտային միջոցներով փոխադրումների համար, ապահովեք սեփական պարտականությունների կատարումը: Եթե դա չանեք, պատրաստ եղեք, որ ուժեղ «գլխացավ» եք ունենալու»»,- ասել է Մուսաբեկովը:

168.am-ը գրել էր, որ Մեղրին և Ագարակն իրար կապող մայրուղու հատվածում ռուսական սահմանապահ ծառայությունը հսկիչ կետեր է ավելացրել, և, որ լուրեր են շրջանառվում, թե այդ ամենը կապված է ճանապարհը, այսպես ասած, «միջանցքի» ձևաչափով ադրբեջանցիների հետ ընդհանուր օգտագործման նախապատրաստելու, հետագայում տրամադրելու խնդրի հետ։

Նշենք, որ 2021-ի հուլիսի 29-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան, Հայաստանը՝ Ադրբեջանով դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան:

«Ինչպես Հայաստանն Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր»,- ասել էր Փաշինյանը։

168.am-ը ներկայացրել էր, թե ի՞նչ կերպ է այսօր Ադրբեջանը «մտնում» Իրան, ինչի՞ համար է պետք Հայաստանը:

Ավելին, այս տարվա մարտին Ադրբեջանի և Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, այսպես կոչված` «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին:

Փաստաթղթի նպատակը Նախիջևանի հետ նոր երկաթուղային և ճանապարհային կապեր հաստատելն էր, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր անցկացնելը:

Այս նպատակին հասնելու համար նախատեսված է Արաքս գետի վրայով կառուցել չորս կամուրջ (երկու ճանապարհային և երկու երկաթուղային), ինչպես նաև՝ կապի և էներգետիկ ենթակառուցվածքներ։

Այդ կամուրջները ՀՀ պետական սահմանից 5 կմ հեռավորության վրա են լինելու:

Ի դեպ, սրան նախորդել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հյուսիս-Հարավ նախագծի վերաձևակերպման մասին:

«Ուզում եմ ասել, որ վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, Հյուսիս-Հարավ նախագիծը, ըստ էության, մենք վերաձևակերպել ենք և դարձրել ենք Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագիծ: Հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք: Ըստ էության, սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ՝ Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք, կամ, եթե կարճ ասենք՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը, կկապի հյուսիսը հարավին, այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա: Եվ մենք այս նախագիծը տեղավորում ենք ահա այս ընդհանուր կոնտեքստում»,- հայտարարել էր Փաշինյանը՝ հավելելով, որ Արևելք-Արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, «բայց հընթացս քաղաքական պայմանավորվածությունների և համաձայնությունների ձեռքբերման համատեքստում շատ արագ կիրականացնեն նաև այդ հատվածը»:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն արձագանքել էր Փաշինյանի այս հայտարարությանը՝ պնդելով, որ նա մանիպուլյացիայի է դիմում:

«Հյուսիս-Հարավը և Արևելք-Արևմուտքը որոշվում է աշխարհագրությամբ, ոչ թե փաշինյանական ցանկություններով: Փաշինյանն իշխանության եկել է մեդիայից: Նա սովոր է մանիպուլյացիայի, և հաճախ կորցնում է իրականության և քարոզչության միջև ընկած սահմանը»,- day.az-ի հետ զրույցում ասել էր քաղաքագետ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։

Դեռ անցած տարի մենք անդրադարձել էինք եռակողմ հայտարարության մեջ ապաշրջափակման մասին կետերի սրբագրումներին:

Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան նոյեմբերյան համաձայնագրի 9-րդ կետում ասվում է.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России.

Մինչդեռ նախնական տարբերակում նման ձևակերպում է եղել.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения обеспечивает транспортное сообщение между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России.

Նիկոլ Փաշինյանը Հայաստանին զրկել է ինչ-որ բան պարտադրելու իրավունքից և վերածել լուռ համաձայնություն տվողի, և այս դեպքում Մեղրիի միջանցքին չհամաձայնելու պնդումները որևէ զորություն չունեն:

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել էր.

««Զանգեզուրի միջանցքը», որը ձգվում է Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևան, և հետո՝ Թուրքիա, իրականում hատվում է երկաթուղային գծի հետ, որը կարող է միանալ նախագծին: Բայց սա՝ ոչ թե ՀՀ տարածքում, այլ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության: Բանն այն է, որ Հայաստան-Իրան երկաթգիծը (նախագծի հայկական հատվածը) անցնում է Նախիջևանի տարածքով: Այդ գիծը գոյություն ուներ դեռ խորհրդային ժամանակներից և դադարել է գործել պատերազմը սկսվելուց հետո: Բայց ի տարբերություն Զանգեզուրով անցնող ճանապարհի՝ այն հիմնականում պահպանվել է: Հայաստանում վստահ են, որ այս ճանապարհներով շարժը հնարավոր է վերականգնել առավելագույնը մեկ տարում: Բայց սա՝ եթե խոսքը երկաթգծային ճանապարհի մասին է»:

Տեսանյութեր

Լրահոս