«Հայաստանի նման երկրներ գալուց առաջ ներդրողները նայում են շուկայի մեծությունը, տարածաշրջանը, անվտանգային ռիսկերը, իրավական համակարգը, սեփականության անձեռնմխելիությունը». Արմեն Քթոյան
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո որքանո՞վ է Հայաստանը գրավիչ օտարերկրյա ներդրողների համար, ընդհանուր ներդրումային միջավայրը բարելավելու և գրավիչ դարձնելու համար բավարա՞ր է պատկան մարմինների իրականացվող քաղաքականությունը, ո՞ր ոլորտներն են ներդրողների համար առավել հետաքրքիր։
168.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է տնտեսագետ, ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանի հետ։
– Ձեր գնահատմամբ, Հայաստանում ներդրումային միջավայրն ինչպիսի՞ն է 44-օրյա պատերազմից հետո։ Օտարերկրյա ներդրողներն ինչո՞վ պետք է շահագրգռված լինեն, որպեսզի գան Հայաստան և ներդրումներ անեն։
– Հարցը բավականին լայն է։ Նախ պետք է հասկանալ, թե մեր տիպի երկրներում ներդրումային միջավայրի գրավչությունն ինչով է պայմանավորված։ Տարբեր երկրներում, զարգացող երկրների մասին է խոսքը, ներդրողների շրջանում արված հարցումները վկայում են մեկ բան, որ առաջնային գործոնը շուկայի մեծությունն է։ Շուկան, որը հնարավորություն կարող է տալ շահույթ ստանալ այնտեղ ներդրում անելուց։ Եթե դրա հնարավորությունը կա, ապա շատ գործոններ կարելի է կարգավորել, պայմանավորվել, հասկանալ, թե ինչպիսի խաղի կանոններ կան, և դրան հարմարվել։ Ինչպես ասացի, առաջնայինը շուկայի մեծությունն է, և այս մասով մենք խնդիր ունենք, և մեր շուկան ամենատարբեր հատվածներում հագեցած է։
Եթե նախկինում համարում էինք, որ ունենք ներդրումային միջավայր, ըստ էության ավելի շատ ոչ թե ներդրումային միջավայրն էր, այլ ներդրումների համար գրավիչ օբյեկտներ կային, բացի այդ, կար չհագեցած շուկա։ Արդյունքում և այդ ընթացքում ներդրումների կատարմամբ շուկաները հագեցվեցին, և օբյեկտները, որոնք ներդրումների համար գրավիչ էին՝ հանքագործություն, էներգետիկա, ՀԷԿ-եր և այլն, կարելի է ասել, այն մրցակցային առավելությունը, որն ունեինք ներդրումներ ներգրավվելու առումով՝ արդեն չկա։ Մեզ մնում են այն ավանդական ճյուղերը, որտեղ դեռ հագեցնելու տեղ կա, հատկապես համավարակից հետո, օրինակ, զբոսաշրջությունը, սննդարդյունաբերությունը կարող են գրավիչ լինել, հանքագործությունը ևս շարունակում է առանձին ասպեկտներով գրավիչ մնալ։
Առհասարակ կա ներդրումների 4 տեսակ, և մինչ այժմ Հայաստանում, եթե վերցնենք վերջին 20-30 տարիները և կատարված ներդրումները վերլուծենք, ապա դրանց մոտ 80 տոկոսն առաջին 3 տեսակի ներդրումներն են։ Դրանք այն ներդրումներն են, որոնք ես նշեցի՝ շուկան հագեցնելու, գրավիչ, ռազմավարական օբյեկտներ և այլն։ Ընդ որում, սա ոչ թե իմ գնահատականն է, այլ Համաշխարհային բանկինը։ Այս պահին այդ ուղղությամբ ներդրումներ գրավելու հնարավորություններ չունենք, մնում է մեկ ուղղություն, որը, այսպես ասած, կոչվում է արդյունավետություն խթանող ներդրումներ։ Այսինքն՝ ներդրողն ուսումնասիրում է, տեսնում՝ գուցե թերօգտագործվող ռեսուրս կա, բերում է տեխնոլոգիա, և այդ ռեսուրսը սկսում է արդյունավետ աշխատեցնել՝ ստանում է մրցակցային ապրանք կամ ծառայություն և այն արտահանում է։
– Ներդրումներից խոսելիս, սովորաբար կարևորվում են օտարերկրյա ներդրողները, բայց երկրի տնտեսության զարգացման համար արդյո՞ք նույնչափ կարևոր չեն ներքին ներդրողները։ Արդյո՞ք մեր երկրում նրանց համար ստեղծված են հարմարավետ պայմաններ։
– Բնականաբար, բայց այստեղ հարցը պետք է դիտարկել երկու հարթությունում։ Օտարերկրյա ներդրում՝ չի նշանակում, որ տեղացի ներդրողին պետք է անտեսեն, և այստեղ մենք խոսում ենք երկու առումներով։ Առաջինը՝ գործարար միջավայրն ընդհանրապես պետք է բիզնեսի համար նպաստավոր լինի՝ եթե դինամիկայի մեջ ենք վերցնում։ Երկրորդը՝ այդ գործարար միջավայրն ավելի նպաստավոր պետք է լինի քեզ համար, քան տարածաշրջանային այլ երկրներում, որոնք պոտենցիալ մրցակիցներ կարող են դիտվել ներդրողի համար։ Խնդիրն այն է, որ Հայաստանի նման երկրները չեն կարող բարձր տեմպերով, կայուն զարգանալ առանց արտաքին ներդրումների։
Մենք կարող ենք մեր ռեսուրսներով զարգանալ, բայց դա շատ թույլ տեմպ կարող է հաղորդել տնտեսությանը, և կարող է, չգիտեմ, եթե 50 տարի այսպես մնա, այո, մենք կհասնենք ինչ-որ բարեկեցության բարձր մակարդակի։ Եթե ուսումնասիրում ենք այլ երկրների օրինակը, որոնք մեր տիպի խոցելի վիճակում են, հետպատերազմյան ծանր վիճակ են հաղթահարել, և այդ օրինակը մենք համարում ենք տնտեսական հրաշք, ապա դրանց հիմքում կարևոր, չեմ ասում՝ վճռական, բայց դրսից ստացվող աջակցությունը կամ ներդրումներն են եղել։ Դրանք տասնամյակներ շարունակ հոսել են տվյալ երկիր և ապահովել անհրաժեշտ թթվածին, որպեսզի տնտեսությունը կարողանա ավելի արագ ադապտացվել իրողություններին, ավելի լավ շնչել և ավելի արագ զարգանալ։
-Բավարա՞ր եք գնահատում Հայաստանի ներդրումային միջավարում Կառավարության, տվյալ դեպքում՝ նաև Էկոնոմիկայի նախարարության վարվող քաղաքականությունը։
– Եթե փորձենք համեմատել այլ երկրների հետ և քաղաքականությունը դիտարկենք որպես գործողություններից մեկը, ապա չպետք է դիտարկենք միայն Էկոնոմիկայի նախարարության ասպեկտը։ Երբ խոսում էի գործարար միջավայրի մասին, այն տարբեր բաղադրիչներ ունի։ Ընդ որում, օրինակ ներդրողների համար վճռական հանգամանք է հանդիսանում սեփականության անձեռնմխելիությունը և ներդրումներն արագ դուրս բերելու հնարավորությունը։ Այստեղ Էկոնոմիկայի նախարարությունը քիչ դերակատարում ունի, ավելի կարևոր է դատաիրավական համակարգը։ Առհասարակ ինստիտուցիոնալ զարգացումը ամենատարբեր ուղղություններով ու բաղադրիչներով հանդիսանում է գործարար և ներդրումային միջավայրի կարևոր բաղադրիչներից մեկը։ Այն գործառույթները, որոնք կատարվում են այսօր Էկոնոմիկայի նախարարության կողմից, միտված են հետևյալին, այն ներդրողը, որը որոշել է գալ Հայաստան ներդրում կատարել՝ նրա հետ աշխատել, ուղեկցել, որոշ ռիսկեր վերացնել։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի աշխատի նրանց հետ, ովքեր որոշել են Հայաստանում ներդրում անել, այլև նրանց հետ, ովքեր չունեն Հայաստանում ներդրումներ անելու վերաբերյալ որոշում։ Այն կոնտինգենտի հետ նաև պետք է աշխատել, որպեսզի իրենք որոշեն և ընտրեն հենց Հայաստանը։ Մեր համակարգի գլխավոր աշխատելու տեղերից մեկը, կարծում եմ՝ սա է։
– Սովորաբար, ներդրողները բողոքում են ներդրումային ոլորտի օրենսդրական բացթողումներից։ Ոլորտում օրենսդրական ի՞նչ բացեր եք նկատել։
– Օրենսդրական փոփոխությունների կարիք միշտ էլ կա։ Մենք տարիներ ի վեր աշխատել ենք ոչ առաջնային, այլ երկրորդային բնույթ ունեցող օրենսդրական փոփոխությունների վրա, որ գուցե մեր երկրում ներդրողի պարագայում որևէ բան տվել է։ Այստեղ շատ ավելի կարևոր է, թե իրավական համակարգն ինչպես է գործում, և այստեղ ավելի շատ դատաիրավական ոլորտի մասով կայացման մաքսիմալ խնդիր կա, որը սեփականության անձեռնմխելիությունը կերաշխավորի։
Երկրորդ կարևոր խնդիրը գործող կարգավորումները բոլորի նկատմամբ հավասարաչափ կիրառելն է։ Այստեղ կրկին դատաիրավական ոլորտի խնդիրն է։ Իսկ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ասեմ, որ մենք այն փուլում չենք և չենք կարող աշխատել այն ներդրողի հետ, ում համար էական է օրենսդրության մեջ 1-2 դետալ փոխել։ Հայաստանի նման երկրներ գալուց առաջ ներդրողները նայում են շուկայի մեծությունը, տարածաշրջանը, անվտանգային ռիսկերը, իրավական համակարգը, սեփականության անձեռնմխելիությունը և այլն։ Նախկինում այս բոլոր ասպեկտներում մեզանում քայլեր արվել են, և միշտ էլ գխավոր խնդիրը եղել է օրենքների կիրառումը։ Խնդիրն օրենքների արդյունավետ կիրառման մեջ է։