
Թուրքիայի պաշտպանության նախարարն ԱՄՆ-ին և ՌԴ-ին մեղադրել է խոստումը չպահելու մեջ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը լրագրողների հետ զրույցում առիթը բաց չի թողել և կրկին ՌԴ-ին և ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում Թուրքիայի կողմից ահաբեկչական հռչակված զինյալ խմբավորումների դեմ պայքարում իրենց խոստումը չպահելու մեջ։ Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն։
«Մեր նախագահը ուրվագծել է շրջանակը, մենք կշարունակենք պայքարը, երբ ժամանակը գա»,- ասել է Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով Սիրիայում Թուրքիայի կողմից նոր ռազմական գործողություն սկսելու հարցը։
«Մենք ամեն ինչ արել ենք մեր սահմանները պաշտպանելու համար։ Մենք շարունակելու ենք դա անել։ Ահաբեկիչները տեղ չունեն տարածաշրջանի ապագայում»,- ասել է նա։
Մեկնաբանելով Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայությունը՝ Հուլուսի Աքարը մեղադրել է, որ այդ երկրների խոստումները անկատար են մնացել։ «Մենք համաձայնագրեր ունենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ 2019 թվականի հոկտեմբերից սկսած։ Մենք չենք տեսնում, որ այդ պետությունները կատարում են մեզ տված խոստումները»,- եզրափակել է նա։