Բաժիններ՝

Դրանք ընդամենը միջոց են, որպեսզի մեր մեջ բացահայտվի մարդը և կամ էլ «մարդը»

«Հացդ ջրի՛ն տուր՝ թող տանի»

Մենք կյանքում շատ ենք խոսում բարիք գործելուց և Աստծո կողմից մեզ շնորհվածը այլոց հետ կիսելուց։ Սա, անշուշտ, լավագույն բանն է, որ կարող է անել քրիստոնյան՝ Աստծուն էլ ավելի մոտենալու, Նրան նմանվելու համար։

Մեր ունեցած բարիքներն իրականում մերը չեն, և մենք շատ լավ գիտենք այդ մասին։ Դրանք ընդամենը միջոց են, որպեսզի մեր մեջ բացահայտվի մարդը և կամ էլ «մարդը»։ Չէ՞ որ ոչ բոլորն են պատրաստ կիսելու իրենց ունեցածը, թեև բոլորն են խոսում այդ մասին։ Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենց ունեցվածքը Աստված միայն ու միայն իրենց է բաշխել, որ կարիք չկա դրանցից աղքատներին, կարիքավորներին ու մերձավորներին բաժին հանելու, որ այն պետք է տնօրինվի կամայական կերպով։ Չհերքելով, որ իրենք հավատում են Աստծուն և իրենց հավատքի ճանապարհին ունեն Քրիստոսին՝ որպես կենդանի օրինակ՝ մարդիկ հաճախ են ժլատ գտնվում ունեցածը բաշխելու մեջ։ Ուրեմն՝ ինչո՞ւ է այսպես։

Բանն այն է, որ միշտ չէ, որ մեր ունեցածին նայում ենք մեր հավատքի տեսակետից։ Երբ ստանում ենք որոշ նյութական բարիքներ, ունենում ենք ավելի բարձր բարեկեցություն, սկսում ենք աշխարհին նայել նյութականության պատուհանից։ Ասում ենք՝ ի՛մն է, Աստված այն միայն ի՛նձ է տվել, ինչո՞ւ պիտի կիսվեմ այլոց հետ։ Հենց այստեղ է, որ մեր ունեցվածքը մեր աչքերում դառնում է միայն ու միայն մերը, մինչդեռ իրականում ամենքինն է։

Կարծես որպես արդեն հայտնի մի երևույթ՝ մենք լավ գիտենք, որ եսասիրությունն ու ժլատությունը երբեք ու երբեք ոչ մի լավ բանի չեն հանգեցնում։ Սովորաբար դրանք բերում են կա՛մ միայնության, կա՛մ հոգևոր կարիքի՝ որպես հետևանք՝ ունեցածը չգնահատելու ու չարժևորելու համար։

Աստվածաշունչ մատյանը նման երևույթներից զերծ մնալու համար մեզ սովորեցնում է․ «Հացդ ջրի՛ն տուր՝ թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն» (Ժողովող 11.1): Ուստի եթե ցանկանում ենք մշտապես մեզ հետ ունենալ Տիրոջը և օգտվել Նրա շնորհած բարիքներից, պատրաստ պիտի լինենք նաև մեր «հացը ջրին տալու», քանի որ ինչպես Սուրբ Գրքում է ասվում, «շատ օրեր անց պիտի նորից գտնենք այն»։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս