Չի կարելի պատերազմից խուսափելու պատրվակով անընդհատ զիջել, երբ Ադրբեջանը շարունակաբար նոր տարածքների է հավակնում․ Աշոտ Մելքոնյան

Առանց Արցախի՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ չեն կարող լինել։ Ադրբեջանական դիրքորոշման համաձայն՝ Արցախի խնդիրը փակված է, մեզ ևս ստիպում են հաշտվել այդ հանգամանքի հետ։ Բաքուն ասում է՝ Արցախի խնդիր չկա, նույնիսկ նման վարչական միավոր կամ շրջան գոյություն չունի Ադրբեջանի կազմում, խնդիրն օրակարգից հանվել է, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դարձել են ուղղակի, և իրենց պատկերացմամբ՝ այդ «խոչընդոտը» մեկընդմիշտ վերացել է։ Նշանակում է՝ ըստ Բաքվի՝ հարաբերությունները պետք է կառուցվեն առանց Արցախի խնդիրը շոշափելու։ Ցավալիորեն, մեր իշխանության մեջ ևս օրեցօր աճում են այն ուժերը, որոնք ուզում են հաշտվել այս վիճակի հետ՝ պատճառաբանելով, թե այլ կերպ գործելը կարող է նոր պատերազմի բերել, որին մենք պատրաստ չենք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

«Ասում են, թե մենք իբր պետք է զիջողի կարգավիճակում լինենք՝ նոր պատերազմից խուսափելու համար, բայց այս մտայնությունը բացարձակապես արդարացված չէ։ Այս իրավիճակը հիշեցնում է Հովհաննես Թումանյանի անխելք կկվի պատմությունը։ Երբ աղվեսը գալիս և կկվի ձագերին է ուզում, կկուն մտածում է, թե մեկ ձագի զոհելով՝ կփրկի մյուսներին, հետո՝ երկրորդը, երրորդը, և այսպես շարունակ։ ժամանակն է, որ հասկանանք՝ ի վերջո պետք է խելացի կկու լինել և աղվեսին տանել գամփռի մոտ, որ պատառոտի նրան։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս զիջողական հոգեբանությունը, իրենց պատկերացմամբ, խնդրի լուծում է, մինչդեռ իրականում ուղիղ հակառակն է։ Հիշենք Ադրբեջանի հռետորաբանությունն առաջին դեմքի մակարդակով 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ և այսօր»,- ասաց պատմաբանը։

«Բաքվի հռետորաբանությունն օրեցօր ավելի ցինիկ ու լկտի է դառնում, և մեր երկրի ղեկավարի, իշխանության, զինվորականության հասցեին հնչեցրած բոլոր վիրավորանքներն ի վերջո հասցեագրվում են հայ ժողովրդին, մեր երկրին, համայն հայությանը։ Որքան զիջենք, թշնամին ավելի ցինիկ ու լկտի է դառնալու։ Պետք է հասկանալ, որ «Մեր ուժը մեր թուլության մեջ է» կարգախոսը բացարձակապես չի աշխատում։

Ցավոք սրտի, կան մարդիկ, որոնք պնդում են, թե խաղաղասեր են, կողմնակից են տարածաշրջանում հարևանների հետ խաղաղ և հանդարտ ապրելուն։ Իրականության մեջ՝ որքան մենք խոսում ենք խաղաղությունից, այնքան մեր հարևանը խոսում է հնարավոր պատերազմի և տարածքային հավակնությունների մասին։ Օրեցօր Ադրբեջանում հայտնվում են նորանոր քարտեզներ, որոնցում հայ-ադրբեջանական սահմանը Գեղարքունիքում հասնում է Սևանա լիճ, կիսում այն՝ արևելյան ափը թողնելով թշնամուն, ադրբեջանական են համարում նաև Վայոց ձորի և Սյունիքի մարզերը»,- նշեց Աշոտ Մելքոնյանը։

Ակադեմիկոսի կարծիքով՝ Ալիևը, միջազգայնագետ լինելով, շարունակաբար պատմությունից է խոսում, այսպես կոչված, «Գյոյչայից», «Էրիվանից», «Շարուր-Դարալագյազից», բայց համարժեք մակարդակով նրան պատասխան չի լինում․ «Տեղանունները թյուրքացվում են, հայաբնակ տարածքների մասին թյուր կարծիքներ են տարածվում, թե իբր Երևանը և Արևելյան Հայաստանը գերազանցապես թյուրքալեզու բնակչություն ունեին։ Այս ամենը հեքիաթի ժանրից է, և Երևանի պատմության մասին նոր հրատարակության մեջ ամբողջապես հերքված է այն կեղծ տեսակետը, թե Երևանի բնակչության մեծամասնությունը կամ Արևելյան Հայաստանի բնակչության 32 տոկոսն է միայն հայաբնակ եղել, մնացածը թյուրքաբնակ էր։ Նման բան չկա, եվրոպական սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը վկայում է, որ Իվան Շոպենի կեղծ տվյալները, որոնք բերվում են Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացումից հետո, արդյունք են պատերազմական վիճակի իրադրության, և երբևէ Երևանի կամ Արևելյան Հայաստանի բնակչության խճանկարում մահմեդականները չեն գերակշռել»:

«Միջին Ասիայում հերթական անգամ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ալիևը ժամանակին հարց բարձրացրեց, թե հայերն իբր սկսել են երկրպագել «ֆաշիստ» Գարեգին Նժդեհին։ Բնականաբար, եթե երկրի ղեկավարը համապատասխան տեղեկատվության տիրապետեր, նա կխոսեր Ռասուլզադեի մասին։ Եթե Երկրորդ աշխարհամարտի տարիներին ընդամենը հինգ-վեց հազար հայ լեգեոնական կար, ինչն էլ պայմանավորված էր Նժդեհի, Դրոյի և Արտաշես Աբեղյանի այն մտահոգությամբ, որ Թուրքիան կմասնակցի պատերազմին, իսկ դա էլ կնշանակի հայ ժողովրդի վերջնական ցեղասպանում, Ռասուլզադեն 42 հազարանոց մահմեդական ընդհանուր կորպուսի հրամանատար էր, մուսավաթական Ադրբեջանի խորհրդարանի նախագահը։ Ոչ ոք այդպես էլ ձայն չհանեց նրա մասին, ասես Ռասուլզադե չի էլ եղել»,- ամփոփեց Աշոտ Մելքոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս