Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը հետաձգվեց. վերջինս ճնշման խնդիր ունի

Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով երկրորդ դատական նիստը: Ավետիք Չալաբյանը թեպետ մասնակցում է դատական նիստին, սակայն ըստ վերջինիս պաշտպան Վարազդատ Հարությունյանի՝ ունի առողջական խնդիրներ:

«Այսօր բժշկական կենտրոնում նրա արյան զարկերակային ճնշումը եղել է 170/100»,- ասաց պաշտպանը:

Դիմելով նախագահող դատավորին՝ Վարազդատ Հարությունյանն ասաց, որ եթե դատարանը հարմար կգտնի, կարող է հետաձգել դատական նիստը՝ պայմանավորված իր պաշտպանյալի առողջական խնդիրներով, ապա նրան փոխանցեց Չալաբյանի առողջական վիճակի վերաբերյալ «Նաիրի» բժշկական կենտրոնից տրված տեղեկանքը:

«Պարոն Չալաբյան, նախ կարող եք նստած պատասխանել, Դուք առողջական խնդիրներ ունեք, և եթե հիմա ասեք, որ պետք է հետաձգել դատական նիստը, այդ միջնորդությունը կքննարկվի: Դուք ի վիճակի՞ եք մասնակցել դատական նիստին»,- դիմելով Ավետիք Չալաբյանին՝ ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Ավետիք Չալաբյանը պատասխանեց՝  ինքը երախտապարտ կլիներ, եթե դատավորը մեկ շաբաթով հետաձգի նիստը՝ առողջական վիճակը բարելավելու նպատակով: Դատախազը չառարկեց:

Դատարանը գտավ, որ այսօր դատական նիստը չի կարող տեղի ունենալ՝ կապված Ավետիք Չալաբյանի ճնշման տատանումների հետ:

«Այնուամենայնիվ, որպեսզի այս վիճակը շարունակ չկրկնվի, հաջորդ դատական նիստին ես խնդրում եմ մանրամասն տեղեկատվություն ներկայացնել Ավետիք Չալաբյանի առողջական վիճակի վերաբերյալ»,- ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 1-ին՝ ժամը 14:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս