«Երիտասարդների այցը Արցախ ևս մեկ անգամ ապացուցեց, որ նրանք բնավ հետ չեն կանգնել պայքարից՝ պայքարելու են պետականության ու հայրենիքի համար». Արշակ Աբրահամյան

Հայաստանից ցանկացած այց Արցախ ոգևորում է արցախցիներին։ 168.am հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության երիտթևի ղեկավար Արշակ Աբրահամյանը՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության երիտթևի այցին Արցախ և տեղում ունեցած հանդիպումներին։

«ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչների այցին նախորդել էր մեր երիտասարդների այցը Երևան, որտեղ հանդիպեցինք ՀՀԿ երիտթևի հետ և տեղում պայմանավորվեցինք, որ իրենք էլ այցելեն Արցախ։ Իսկ այսօր արդեն Արցախի ԱԺ-ում նեղ կազմով հանդիպում ունեցանք նրանց հետ, ճշտեցինք ճանապարհային քարտեզը, ավելի հստակ գործողությունների պլան մշակեցինք, հստակեցրեցինք մեր գործողությունները, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվենք, որպեսզի Արցախում և Հայաստանում իրականացնենք միաժամանակյա գործողություններ։ Եվ հարկ եղած դեպքում կատարենք փոխայցելություններ։ Մենք մշտապես ասել ենք, որ Արցախի ձայնը միշտ լսելի պետք է լինի, հատկապես երիտասարդության ձայնը»,- նշեց Արշակ Աբրահամյանը։

Ըստ նրա, Հայաստանից Արցած մեկնած երիտասարդների հետ խարույկի շուրջ քննարկել են երկու հայկական պետությունների առջև ծառացած խնդիրները։ Հայաստանցի և արցախցի երիտասարդները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները և առաջարկել հարցերի լուծման իրենց տարբերակները։

«Բնականաբար, Հայաստանից ցանկացած այցելություն Արցախ լրացուցիչ պայքարի խթան է հանդիսանում։ Արցախցին չի հուսալքվում, զգում է, որ Հայաստանի ժողովուրդը, առավել ևս՝ երիտասարդությունը, ի տարբերություն ՀՀ իշխանությունների ու նրանց հայտարարությունների, արցախցու կողքին է։ Մենք էլ մեր հերթին անհրաժեշտության դեպքում կարող ենք գալ Հայաստան ու լինել մեր ընկերների կողքին։ Օրինակ, այս միջոցառումները լավ առիթ էին միմյանց հետ անձամբ ծանոթանալու համար, քանի որ շատ երիտասարդների գիտեինք միայն համացանցով։

Կարդացեք նաև

Կարծում եմ՝ այս ամենը միայն դրական արդյունք է տալու մեզ, մասնավորապես՝ արցախցի երիտասարդներին, քանի որ Արցախում իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները մի փոքր հուսալքության ալիք էր մտցրել ժողովրդի մեջ։ Բայց երիտասարդների այցն Արցախ ևս մեկ անգամ ապացուցեց, որ նրանք բնավ հետ չեն կանգնել պայքարից, պայքարելու են պետականության ու հայրենիքի պահպանության համար։ Մտքերի փոխանակության արդյունքում պարզ դարձավ, որ կան նոր նպատակներ, որոնց պետք է հասնել, իսկ այդ նպատակը մեկն է՝ Փաշինյանը, պարտված իշխանությունը պետք է հեռանան»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ՀՀԿ երիտթևի այցը մեծ ոգևորություն է առաջացրել արցախցի երիտասարդների շրջանում, նրանք ևս մեկ անգամ զգացել են, որ երևանցի այդ երիտասարդները ոչ միայն պայքարում են փողոցում, այլև գնում են Արցախ՝ տեղի երիտասարդների կողքին լինելու համար։

«Արցախում ապրող երիտասարդը տեսավ, որ իր նման երիտասարդները Հայաստանում գաղափարապես ու ֆիզիկապես իր կողքին կանգնած են, հետևաբար՝ չի վհատվում, չի հուսալքվում, պատրաստ է պայքարելու։ Հուսամ, այս այցերը կշարունակվեն»,- եզրափակեց Արշակ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները մի քանի օրով այցելել են Արցախ, հանդիպումներ ունեցել տեղի եիտասարդների հետ։

Տեսանյութեր

Լրահոս