Բաժիններ՝

Ինչո՞ւ չեղարկվեց քաղաքապետի աքլորականչը

Հուլիսի 23-ին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր իր նոր որոշման մասին առ այն, որ մայրաքաղաքը պետք է շուտ արթնանա:

«Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի: Այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում»,- մասնավորապես գրել էր նա՝ հավելելով, որ բացի այդ, մեր համաքաղաքացիները օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին դարձյալ կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից:

Գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց. մարդիկ իրավացիորեն ընդվզեցին այդ որոշման դեմ՝ համարելով, որ քաղաքապետի այդ որոշումը խախտում է իրենց մի շարք, այդ թվում և՝ սահմանադրական իրավունքներ:

Փաստաբան Հայկ Ալումյանն էլ էր անդրադարձել թեմային՝ իր ֆեյսբուքյան էջում հարցադրում անելով՝ «Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում չկա՞ մեկը, ով քաղաքապետին կբացատրեր առավոտյան 7-ին Երևանի բնակիչներին, առանց նրանց համաձայնության, արթնացնելու իրավաբանական հետևանքները»:

Կարդացեք նաև

168.am-ը Հայկ Ալումյանին հարցրեց՝ իրագործվելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող էր ունենալ քաղաքապետի այս որոշումը, մարդու ի՞նչ իրավունքների խախտմանն է առնչվում նշյալ որոշումը:

Ըստ փաստաբանի՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը պաշտպանում է անձի անձնական կյանքն ապօրինի միջամտություններից: Սա չի նշանակում, որ միջամտություն առհասարակ չի կարող լինել, բայց սա նշանակում է, որ միջամտությունը պետք է բավարարի երեք պարտադիր պահանջի՝ նախ, այն պետք է նախատեսված լինի ՕՐԵՆՔՈՎ, երկրորդը՝ հետապնդի նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավաչափ նպատակներից մեկն ու մեկը, և երրորդը՝ լինի համաչափ, այսինքն՝ կոնկրետ այդ միջամտությունը պետք է ԱՆՀՐԱԺԵՇՏ լինի՝ այդ իրավաչափ նպատակին հասնելու համար, այլ կերպ ասած, այդ իրավաչափ նպատակին հասնելու այլ, ավելի մեղմ միջամտություն նախատեսող միջոց պետք է չլինի:

«Տվյալ դեպքում ի՞նչ էր առաջարկում Երևանի քաղաքապետը: Նա փաստացի առաջարկում էր արթնացնել երևանցիներին առավոտյան ժամը 07:00-ին: Սա ինքն իրենով միջամտություն է անձանց անձնական կյանքին, հետևաբար, պետք է համապատասխաներ վերը նշված բոլոր երեք չափանիշներին: Այդ չափանիշներից գոնե մեկին չհամապատասխանելու դեպքում այդ գործողությունը հեշտությամբ հնարավոր կլիներ վիճարկել դատարանում: Մինչդեռ տվյալ դեպքում քաղաքապետի այս նախաձեռնությունը վերը նշված չափանիշներից ոչ թե մեկին է հակասում, այլ՝ բոլոր երեքին: Այսինքն, այդ գործողությունը նախատեսված չէ օրենքով, չի հետապնդում Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավաչափ նպատակներից մեկն ու մեկը, իսկ եթե քաղաքապետը նույնիսկ կարողանար որևիցե իրավաչափ նպատակ մատնանշել այս կամ այն խավին առավոտյան ժամը 07:00-ին արթնացնելու համար, ապա հասկանալի չէ, թե ինչո՞ւ պետք է ՈՂՋ քաղաքն արթնացվի, ներառյալ՝ ծերերի, երեխաների, հիվանդների, ամբողջ գիշեր հերթափոխի գտնված և առավոտյան քնած անձանց և այլ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանի տպավորությամբ՝ բարեբախտաբար, քաղաքապետը շուտ հասկացավ իր նախաձեռնության ոչ իրավական լինելը և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր չձեռնարկեց:

Եվ իսկապես, Քաղաքապետարանի վերջին գործակարգավարական նիստում Հրաչյա Սարգսյանն անդրադարձավ իր այդ որոշմանն ու դրա վերաբերյալ մեր համաքաղաքացիների արձագանքներին:

Նրա խոսքով՝ ինքը չէր պատկերացնում, որ իր գրառումն իրականում այդքան մեծ իրադարձություն է լինելու.

«Նույնիսկ Քիմ Քարդաշյանին էին հարցրել՝ ի՞նչ կարծիք ունի»,- ասել էր Հրաչյա Սարգսյանը:

Հրաչյա Սարգսյանը նկատեց՝ միգուցե իր ընկալումները մի փոքր սխալ էին, սակայն կցանկանար մանրամասնել, որ Երևանի աշտարակում հնչում է «Էրեբունի-Երևան» հիմնը, որի խոսքերի հեղինակը Պարույր Սևակն է, իսկ երաժշտությանը՝ Էդգար Հովհաննիսյանը, և յուրաքանչյուր ժամը մեկ 3-4 վայրկյան այդ ղողանջներն են հնչում:

«Ինչ վերաբերում է նրան, որ այդ զանգերը խանգարում են տարբեր մարդկանց, և հիմա առավոտյան ժամը 7-ից արթնացնելու են, կցանկանայի մի բան ասել: Իրականում այդ թեմայով լավ հումորներ կային: Բայց այդ համակարգն իմ հայտարարությունից 25 օր առաջ արդեն աշխատում էր, և վստահ եմ՝ իմ հայտարարությունից հետո մարդիկ նույն ձև արթնացել են, և իրենց կյանքում այդքան շատ բան չի փոխվել: Պարզապես իմ ֆեյսբուքյան էջում հայտարարել էի, որ կա ներդրված նման համակարգ»,- ասել էր Երևանի քաղաքապետը:

Ըստ երևույթին Քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից ինչ-որ մեկը, այնուամենայնիվ, Հրաչյա Սարգսյանին բացատրել էր իր զավեշտալի որոշման իրագործման իրավաբանական հետևանքները:

Տեսանյութեր

Լրահոս