
«Նույնիսկ Քիմ Քարդաշյանից էին կարծիք հարցրել․ հումորները շատ լավն էին»․ Հրաչյա Սարգսյան

Այսօր մինչ Երևանի Քաղաքապետարանի ամենշաբաթյա գործակարգավարական նիստին անցնելը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ցանկացավ անդրադառնալ այն խոսակցություններին, որոնք ծավալվել էին հուլիսի 23-ին իր հայտնի ֆեյսբուքյան գրառումից հետո:
«Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի:
Այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում:
Բացի այդ մեր համաքաղաքացիները օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին դարձյալ կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից»,- գրել էր Երևանի քաղաքապետը:
Նրա խոսքով՝ ինքը չէր պատկերացնում, որ իր գրառումն իրականում այդքան մեծ իրադարձություն է լինելու:
«Իհարկե, ուրախալի է, որ մեր երևանաբնակները և ոչ միայն երևանաբնակները, մարզերից բոլորը Երևանին մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում և Երևան համայնքում տեղի ունեցող իրադարձություններին իրենց վերաբերմունքն են ցուցաբերում»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ դա շատ լավ է և գովելի է, և ինքը համոզմունք ունի, որ նույն ջանասիրությամբ քաղաքացիները մեկը մյուսին նկատողություն են անելու, օրինակ, աղբը թափելու, կանգառի սրահները փչացնելու համար, ու համատեղ փորձելու են Երևանում ծառացած խնդիրները լուծել:
Հրաչյա Սարգսյանը նկատեց՝ միգուցե իր ընկալումները մի փոքր սխալ էին, սակայն կցանկանար մանրամասնել, որ Երևանի աշտարակում հնչում է «Էրեբունի-Երևան» հիմնը, որի խոսքերի հեղինակը Պարույր Սևակն է, իսկ երաժշտությանը՝ Էդգար Հովհաննիսյանը, և յուրաքանչյուր ժամը մեկ 3-4 վայրկյան այդ ղողանջներն են հնչում:
«Վարչական շրջաններում տեղադրվել է համակարգ, որտեղ այդ նույն ղողանջները ժամը մեկ հնչում են: Ես կարծում եմ, որ դա քաղաքին մի լավ կոլորիտ է»,- ասաց Երևանի քաղաքապետը:
«Ինչ վերաբերում է նրան, որ այդ զանգերը խանգարում են տարբեր մարդկանց, և հիմա առավոտյան ժամը 7-ից արթնացնելու են, կցանկանայի մի բան ասել:
Իրականում այդ թեմայով լավ հումորներ կային: Բայց այդ համակարգն իմ հայտարարությունից 25 օր առաջ արդեն աշխատում էր, և վստահ եմ՝ իմ հայտարարությունից հետո մարդիկ նույն ձև արթնացել են, և իրենց կյանքում այդքան շատ բան չի փոխվել: Պարզապես իմ ֆեյսբուքյան էջում հայտարարել էի, որ կա ներդրված նման համակարգ»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Վերջինս կրկին շեշտեց՝ կարևորում է նման ուշադրությունը Երևանի նկատմամբ:
«Նույնիսկ Քիմ Քարդաշյանին էին հարցրել՝ ի՞նչ կարծիք ունի»,- ասաց Երևանի քաղաքապետը: