Լարսում հերթեր են, խայտառակ իրավիճակ, նախարարությունը կրկին լռում է

Տարվա բոլոր եղանակներին Լարսից եկող դժգոհությունների պակաս չկա: Երեկ տեղեկացանք, որ մի քանի հազար բեռնատար ավտոմեքենաներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում նաև հայկական բեռնատարները, շուրջ երկու շաբաթ է՝ մնացել են Վրաստանի տարածքում և սպասում են Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) անցնելու իրենց հերթին։

Վարորդները դժգոհում են սննդի, ջրի, տարրական պայմանների բացակայությունից: Կան պնդումներ, որ սահման մուտք են գործում միայն վրացական և թուրքական համարանիշներով մեքենաները, իսկ հերթում մնում են ռուսական, բելառուսական, հայկական մեքենաները:

Թեմայի առնչությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից որևէ պարզաբանում ստանալու մեր փորձերը մնացին անպատասխան, իսկ Վերին Լարսի անցակետում իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ տվող միակ պաշտոնյան՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը, ազատված է աշխատանքից:

Տեղեկացրել էինք նաև, որ հուլիսի 15-ից Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանի «Վերին Լարս» անցակետում 12 նոր երթևեկելի գոտի էր բացել:

Կարդացեք նաև

«Էքսպորտ Արմենիա» ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը 168.amի հետ զրույցում անդրադառնալով իրավիճակին՝ նշեց, որ ենթադրելի էր նման իրավիճակը.

«Այժմ դեպի Վրաստան 12 նոր գծեր են բացել. մինչև բացելն էլ ես ասել եմ՝ բացելուց հետո դեպի Վրաստան եկողները պետք է հետ գնան, այսինքն՝ պարզ էր, որ հակառակ ուղղությամբ իրավիճակն ավելի է վատթարանալու: Մի կողմի թողունակությունը շատացրել են, բայց դեպի դուրս թողունակությունը նույնն է մնացել. ուրեմն հերթերն էլ կկրնապատկվեն, կեռապատկվեն»:

Անդրադառնալով վարորդների պնդումներին, թե կանխակալ վերաբերմունք կա, քանի որ բաց են թողնում միայն վրացական ու թուրքական մեքենաները՝ Էմիլ Ստեփանյանը դա հիմնականում պայմանավորեց պետությունների տնտեսական բլոկների՝ վրացական իշխանությունների հետ ուղիղ աշխատանքով:

Իրավիճակն «Էքսպորտ Արմենիա» ասոցիացիայի համահիմնադրի համոզմամբ՝ այդուհանդերձ, օբյեկտիվ է և պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ. այն հոսքերը, որոնք մինչև հակամարտությունը սպասարկվում էին նաև այլ ուղիներով, այժմ հիմնական ուղին Վերին Լարսն է:

«Մի ժամանակ, մեծ հաշվով, Վերին Լարսը միայն Հայաստանի խնդիրն էր. Վրաստանը կարող էր Ադրբեջանով գնալ, Թուրքիան դեպի ՌԴ այլ ուղիներով կարող էր գնալ. այժմ բոլորը Վերին Լարսով են գնում, ու այն դարձել է գլխացավանք ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Թուրքիայի համար: Այդ պատճառով այժմ շանսերը մեծ են, որ այս անգամ հնարավոր է՝ այնպիսի լուծումներ գտնեն, որից կշահի նաև Հայաստանը: Մեզ մոտ հարցով պետք է զբաղվեն ՊԵԿ-ը, Էկոնոմիկայի նախարարությունը և փոխվարչապետը, որովհետև այդ ճանապարհն այսօր Հայաստանի վերգետնյա թոքերն են: Պետք է ամենօրյա կապ լինի, և նույնիսկ կարծում ենք՝ այդտեղ մշտական ներկայացուցչի անհրաժեշտություն ևս կա»,- եզրափակեց Էմիլ Ստեփանյանը:

Ի դեպ, Վերին Լարսում խնդիրների մասին տեղեկացրել էինք նաև նախորդող երկու ամիսներին: Դեռ մայիսին հայկական և ռուսական կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել բաց թողնել հայկական բեռնատարները Լարսով տարանցմամբ, իսկ մաքսային ձևակերպումներն իրականացնել Չմի բնակավայրում գտնվող Վլադիկավկազի մաքսակետում (Վերին Լարսից 6 կմ հեռավորության վրա)։

Նկատենք՝ Լարսով անցնող ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն էր. այլընտրանքային մյուս ճանապարհները փակ են քաղաքական կամ ենթակառուցվածքների բացակայության պատճառներով, իսկ օդային տարբերակը թանկ է, իրականություն չի դարձել նաև մուլտիմոդալ փոխադրումների մասին կառավարության խոստումը:

Արդեն հուլիսն ավարտվում է, իսկ Վահան Քերոբյանը դեռևս պարզաբանում է, որ հայկական կողմը ցայսօր սպասում է այս երթուղով բեռնափոխադրումներ իրականացնելու թույլտվության:

Հիշեցնենք նաև, որ դեռևս 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, ասուլիսի ընթացքում անդրադարձել էր Վերին Լարսի հարցին՝ նշելով. «Արդեն իսկ նոր սխեմայի մասին կա գրավոր համաձայնագիր, որի կողմ չէ Հայաստանի Հանրապետությունը։ Խոսքը Վրաստան, Ռուսաստան և շվեյցարական ընկերություն համաձայնության մասին է։ Շվեյցարական ընկերությունը պայմանականորեն պետք է օգնի, որ վրացական և ռուսական մաքսային ծառայությունները հնարավորություն ունենան իրենց գործառույթներն իրականացնել։ Նրանք պետք է Վրաստանի տարածքում կապարակնքեն բեռները, Ռուսաստանի տարածքում հանեն այդ կապարակնիքները՝ վրաստանցի մաքսավորների ներկայությամբ»։

Մինչ օրս միայն դատարկ ելույթներ ու խոստումներ են հնչում ՀՀ գործող իշխանությունների կողմից, գործնական քայլեր չեն արվում, որի արդյունքում տուժում է ՀՀ քաղաքացին՝ գյուղացին, արտադրողը, արտահանող ընկերությունները:

Տեսանյութեր

Լրահոս