Թուրքիայի նպատակն է Հայաստանից կորզել ամեն ինչ՝ ոչնչի դիմաց. Վահրամ Տեր-Մաթևոսյան

Միֆ է տեսակետը, թե Հայաստանը Թուրքիայի համար տնտեսապես հետաքրքիր երկիր չէ. պնդում եմ՝ միֆ է, որովհետև ժողովրդագրական առումով Հայաստանին սահմանակից թուրքական երեք նահանգների՝ Կարսի, Արդահանի և Իգդիրի հավաքական բնակչության թիվը զիջում է այդ նահանգներին սահմանակից ՀՀ 4 մարզերի բնակչության թվին, և Թուրքիայի այդ երեք նահանգներում կան սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք լուծելու համար է, որ Հայաստանի հետ բաց սահմանն անհրաժեշտ է Թուրքիային։

168 TV «Ռեվյու հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև ծավալված բանակցային գործընթացների շուրջ հնչող մտահոգությունների մասին, նման պնդում արեց Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Ի պատասխան հարցին, եթե Թուրքիային անհրաժեշտ էր բացել Հայաստանի հետ սահմանն իր ծայրամասային նահանգների զարգացման համար, այդ դեպքում ինչո՞ւ 1993 թվականին Թուրքիան փակեց այդ սահմանը, և ի՞նչն էր նրան խանգարում սահմանը բացել այս տարիների ընթացքում, Վահրամ Տեր Մաթևոսյանն ընդգծեց.

«Հայ-թուրքական սահմանի վրա 1991-1993 թվականներին ընդամենը բաց անցակետեր են եղել, այն էլ՝ ցպահանջ։ 1993 թվականին Թուրքիան ընդամենն այդ սահմանային անցակետերը փակեց, հետևաբար, սխալ է ասել, թե սահմանը բաց է եղել, Թուրքիան էլ այն փակել է. կրկնում եմ՝ խոսքը գնում էր ընդամենը ցպահանջ անցակետերի փակման մասին»։

Կարդացեք նաև

Ըստ Վահրամ Տեր-Մաթևոսյանի՝ հայ-թուրքական բանակցությունների մասին խոսելիս կարևոր է հասկանալ, որ, թեև Թուրքիան վստահեցնում է, որ բանակցում է առանց նախապայմանների, իրականում նրա նախապայմաններն է՛լ ավելի են շատանում, ինչից ակնհայտ է դառնում, որ հայ-թուրքական գործընթացը նախապայմաններով լեցուն գործընթաց է։

«Թուրքական դիվանագիտության նպատակն է Հայաստանից կորզել ամեն ինչ՝ ոչնչի դիմաց։ Հայաստանից պահանջում են նորանոր զիջումներ։ Թուրքիան ցանկանում է ժամանակ շահել նաև իր մի քանի նախապայմանի բավարարման համար։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրան, որ Արցախն ու Սյունիքը թուրքական նախապայմանների այսբերգի երևացող մի մասն են։ Իրականում Թուրքիայի նպատակն է հարցականի տակ դնել Հայաստանի պետականության հիմքերը, դրա համար է բարձրաձայնում Հայաստանի անկախության հռչակագրի վերանայման հարցը։ Երկրորդ խնդիրը Ցեղասպանության ճանաչումն է, որի մասին հղում է արված՝ ինչպես մեր անկախության հռչակարգում, այնպես էլ՝ անվտանգության ռազմավարությունում։ Թուրքիան կգնա հայ-թուրքական սահմանի բացման, եթե վստահ լինի, որ Կարսի պայմանագրին հղում անելով՝ Հայաստանը Թուրքիային տարածքային պահանջներ չի ներկայացնի, որովհետև որքան էլ ՀՀ իշխանությունները հայտնեն, թե տարածքային պահանջներ չունեն Թուրքիայից, միևնույն է, Թուրքիայից ասելու են՝ չունեք՝ եկեք թղթի վրա արձանագրենք»,- թուրքական իրական նպատակները դնելով հայ-թուրքական բանակցությունների հիմքում՝ մանրամասնեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Թուրքագետը նաև վստահեցրեց՝ հայ-թուրքական բանակցություններն ուղիղ կապված են Ադրբեջանի հետ, ուստի բացառվում է հայ-թուրքական ճակատում դիվանագիտական հարաբերությունների հաստատում՝ առանց Ադրբեջանի համար ցանկալի շոշափելի առաջընթացի։

«Անհրաժեշտ է, որ մենք վերանայենք մեր բանակցային օրակարգը՝ փորձելով հասկանալ, թե ինչ ռեսուրսներ ունենք՝ ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ՝ հայ-թուրքական օրակարգերն առաջ տանելու ժամանակ՝ բանակցային փակուղուց դուրս գալու համար»,- ասաց Տեր-Մաթևոսյանը՝ հատուկ ընդգծելով՝ Թուրքիայի հետ սահմանների բացումը կամ ընդամենը անցակետի բացումը պարտադիր պետք է իրականացնել բացառապես երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո։

«Առանց դրա, մենք, անցակետ կամ ամբողջական սահման բացելով, ավելի մեծ կախվածության մեջ կհայտնվենք Թուրքիայից՝ առանց որևէ էական արդյունքների: Եթե Թուրքիայի ցանկությամբ է պայմանավորված անցակետերի բացումը կամ փակումը, ապա դա վստահելի չէ, որովհետև եթե սահմանների անցակետերի բացման են գնում՝ առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ապա Հայաստանը կարող է վերածվել Գազայի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ Սյունիքով միջանցքն Ադրբեջանի պատկերացմամբ անցնում է ոչ միայն Մեղրիի տարածքով, այլ նաև Հայաստանի այլ տարածքներով ևս։

«Ադրբեջանի պատկերացրած միջանցքը շատ ավելի բազմակողմ է. միայն Մեղրին չէ. Ավելին, Մեղրին միայն մեկն է, հետևապես, եթե Ադրբեջանը ռազմական ագրեսիայի քայլեր ձեռնարկի, Իրանի համար կարող է մանևրի դաշտը բավականին նեղանալ»,- խոսքը եզրափակեց թուրքագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս