Չավուշօղլուի հերթական խոստովանությունը. Երևանը չի արձագանքում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հերթական խնդրահարույց հայտարարություններն է արել: Թուրքական TRT Haber հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացն իրականում եռակողմ գործընթաց է, դրա մեջ է նաև Ադրբեջանը։

Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է ցույց տա, որ տարածաշրջանում խաղաղություն է ուզում, ու պետք է հստակ քայլեր անի այդ ուղղությամբ։ «Ասելը հերիք չէ։ Հայաստանը պետք է որոշ հստակ քայլեր անի, այդ թվում՝ Զանգեզուրի նախագծի, համապարփակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մենք անկեղծ ենք, ուզում ենք տեսնել, թե Հայաստանը որքանով է անկեղծ»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Խոսելով հայ-թուրքական կարգավորման գործընթացն Ադրբեջանի հետ կոորդինացնելու մասին, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Հայաստանն ու մյուսները չպետք է մոռանան, որ սա իրականում եռակողմ գործընթաց է և պետք է կոորդինացվի Բաքվի հետ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը «մեկ ազգ, երկու պետություն են»։

Նրա խոսքով՝ իրենք տարածաշրջանում բոլորի, այդ թվում՝ Հայաստանի, օգտից բխող խաղաղություն ու կայունություն են ուզում։ «Եթե տարածաշրջանում խաղաղություն պիտի լինի, բոլորը եռակողմ ձևաչափով քայլեր պետք է անեն այդ ուղղությամբ»,- նշել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուն հարցազրույցի ընթացքում այս անգամ օգտագործել է ոչ թե «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, այլ «Զանգեզուրի նախագիծը»։

Այս համատեքստում թուրք նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում միջանցքը շատ մեծ կարևորություն է ձեռք բերել հիմա՝ հատկապես Ուկրաինայի ճգնաժամից հետո, քանի որ Ռուսաստանով դեպի Արևմուտք ապրանքաշրջանառությունն անհնար է։ Գալով կարգավորման համար իրենց տեսանկյունից անհրաժեշտ կոնկրետ քայլերին՝ թուրք նախարարը խոսել է իրենց կողմից Հայաստանից ակնկալվող քայլերի մասին.

«Մինչև այս պահն ուղերձներ ու հայտարարություններ կան, ճիշտ է, ճնշում էլ կա. դրսից՝ Սփյուռքը, ներսից՝ ֆանատիկ խմբերը: Սակայն ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, Հայաստանի կողմից այդ կոնկրետ քայլերը դեռևս չենք տեսել՝ ներառյալ Զանգեզուրի նախագիծը, մյուս նախագծերի կամ համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում: Այսինքն՝ արդեն Փաշինյանի գլխավորած Հայաստանի իշխանությունն այս հարցերում խաղաղության համար դրական քայլեր պետք է անի, խոսքերը բավարար չեն»:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳՆ-ն չի արձագանքել Թուրքիայի արտգործնախարարի այն դիտարկումներին, թե գործընթացը եռակողմ է:

Ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով գործընթացին ու Թուրքիայի ԱԳ նախարարի մեկնաբանություններին, ասաց, որ թուրքական կողմը մշտապես ասում է, որ Ադրբեջանը կա գործընթացում, և այստեղ արդեն Հայաստանն է ընտրում՝ ինչպե՞ս դրան արձագանքել, շարունակե՞լ այդ պայմաններում, թե՞ ոչ:

Ըստ նրա, ամեն դեպքում երկկողմ հանդիպումներից հետո նշվող ձևակերպումները, թե գործընթացն ուղիղ է, առանց նախապայմանների, չի համապատասխանում իրականությանը, քանի որ երրորդ կողմի անուղղակի մասնակցությունը և նրա խնդիրների փոխկապակցվածությունը հայ-թուրքական գործընթացին, նշանակում է, որ այնուամենայնիվ թուրքական կողմից նախապայմաններ կան:

Մյուս կարևոր հանգամանքը, նրա խոսքով, այն է, որ միայն տպավորություն են փորձում թողնել, թե Թուրքիան քայլեր է անում, և հերթը Հայաստանինն է:

«Իմ կարծիքով՝ Թուրքիան սպասում է Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթացի, այլապես կբացեր սահմանը, և հարաբերությունները տեղում կկարգավորվեին, քանի որ մնացած բոլոր հարցերը տեխնիկական են, եթե չկան քաղաքական տարաձայնություններ: Իսկ հայկական կողմը, թերևս, միայն խաղաղության և խաղաղ երկխոսության պատրաստակամություն է հայտնում, սակայն հակառակ կողմից գեղեցիկ հռետորաբանությամբ փաթեթավորված, ցանկանում են առաջ մղել իրենց մաքսիմալիստական ռեգիոնալ օրակարգերը»,- ասաց Մալաշենկոն:

Խոսելով «Զանգեզուրի միջանցք» կամ «Զանգեզուրի նախագիծ» բառախաղի ու թյուրքական ծրագրերի մասին՝ վերլուծաբանն ասաց, որ, իհարկե, այդ գաղափարից  Թուրքիան ու Ադրբեջանը դժվարությամբ կհրաժարվեն: Սակայն, նրա համոզմամբ, «միջանցք» ձևակերպումից հրաժարվելը կարող է պայմանավորված լինել իրանական կողմի դիրքորոշմամբ և զգուշացումներով:

«Այդ առումով էական էին օրերս Թեհրանում Պուտին-Ռայիսի-Էրդողան բանակցությունները և դրա շրջանակում Իրանի հոգևոր առաջնորդի ուղերձները, որը հատուկ ընդգծեց Իրանի շահերը ռեգիոնում: Թե որքան կկարողանա Իրանը պահել իր դիրքորոշումները, այլ հարց է, բայց Իրանի հստակ դիրքորոշումը, որը հնարավոր չէ հաշվի չառնել, Իրանի ազդեցությունը հարավկովկասյան օրակարգերում ավելացնում է և հնարավորություն տալիս նաև Հայաստանին այս շահերի տիրույթում աշխատել Իրանի հետ: Իսկ Թուրքիան, իր դիվանագիտության ավանդույթներին համապատասխան, երկար մանևրում է, սպասում, ճկունություն ցուցաբերում, բայց շատ քիչ է պատահում, երբ հրաժարվի իր դիրքորոշումներից»,- ասաց վերլուծաբանը:

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում Թուրքիայի քաղաքականությանը, նա նշեց, որ այդ ռեգիոնում ևս Թուրքիան բազմապլան «խաղ» է իրականացնում Իրանի, Ռուսաստանի և Արևմուտքի հետ: «Առաջին իսկ հնարավորության դեպքում նա կիրականացնի Սիրիայի հյուսիսի իր ծրագիրը՝ թեկուզ ԱՄՆ-ի հետ ժամանակավոր սրացման գնով, այդ հարցում գտնելով դաշնակիցներ Իրանի ու Ռուսաստանի դեպքում: Թուրքիային հաջողվում է տարբեր կողմերի շահերն ու դիրքորոշումները տարբեր փուլերում օգտագործել»,- նկատեց նա:

Մալաշենկոն նաև նշեց, որ «Աստանայի եռյակը», բնականաբար, հակված կլինի ընդլայնել այս ձևաչափի աշխատանքը Հարավային Կովկասում, կատարելով ԵՄ-ի, ԱՄՆ-ի դերը:

«Երբ դա տեղի ունենա, երեք երկրների միջև կսկսվեն ի հայտ գալ տարաձայնություններն ու շահերի համընկնումները: Սակայն այս պահին Ռուսաստանի ու Իրանի շահերը համընկնում են, ինչ-որ հարցերում նաև Թուրքիայի շահերն են համընկնում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս