«Սա առաջին լուրջ հաղթանակն է. Քարագլուխ բարձունքը ՊԲ վերահսկողության տակ է». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ ի սկզբանե պարզ էր, որ գործող իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, և միամիտ պետք է լինել՝ Արմեն Գրիգորյանի հայտարարությունից անակնկալի գալու համար: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե Հայաստանն ամբողջովին դուրս է հանում իր զորքերն Արցախից:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում  նա նշեց, որ եթե իրադարձությունները զարգանան միմիայն իշխանությունների հայեցողությամբ, ապա հայկական կողմը շուտով նաև Սյունիքից էլ կհանի զորքերը կամ առհասարակ զորք չի ունենա. «Այս մարդկանց ընկալումներում բանակ պետք չի, Արցախ չկա, կա միջանցք, Սյունիքն էլ կտան, ամեն ինչ էլ կտան: Հիմա մեր աչքի առաջ տեսնում ենք, թե վաղը ինչպես ենք Երևանը կորցնելու, ու զարմանում ենք, թե ինչպես հանկարծ այնպես եղավ, որ նման բան ասաց ծագումով արցախցի այդ թյուրիմացությունը: Այս իշխանության պարագայում այլ բան մի սպասեք, ուղղակի տեսնենք, թե ամռան վերջին և աշնան սկզբին իրադարձություններն ինչպիսի ընթացք կընդունեն, և եթե ամեն ինչ սահուն ու հարթ գնա, մենք այնտեղից ոչ թե զորքերը կհանենք, այլ կպատրաստվենք ամեն ինչ պաշտպանելուն և ետ վերադարձնելուն: Եթե մենք դա չանենք, քարտեզի վրայից շատ շուտով կանհետանանք»:

Ռազմական փորձագետի խոսքով՝ Արցախում մարդիկ վաղուց են սթափվել, և այլևս չկա այն պատրանքը, թե Նիկոլ Փաշինյանը փրկիչ է. «Արցախն ապրում է իր առօրյայով, իր մեջքը շտկում է, Արցախում կա կյանք, կա զարգացում, Արցախը ոտքի է կանգնում և այսօր ավելի մեծ սուբյեկտայնություն ունի, քան այդ նույն արմենգրիգորյանների ղեկավարման տակ գտնվող ՀՀ-ն, Արցախն ունի իր դիվանագիտությունը, իր ուժային կառույցների ընդհանրականությունը, որի շնորհիվ շատ ու շատ խարդավանքներ կանխվում են: Մենք հավուր պատշաճի պետք է գնահատենք ՊԲ-ի և Արցախի անվտանգային համակարգի թեպետ փոքրիկ, բայց շատ կարևոր հաջողությունը Քարագլխում՝ բարձունքը մերն է, Քարագլուխ բարձունքը ՊԲ վերահսկողության տակ է, սա առաջին, թեպետ՝ փոքրիկ, բայց լուրջ հաղթանակն էր»:

Հարցին՝ այսինքն՝ ադբեջանցիները ե՞տ են քաշվել, նա պատասխանեց. «Գյուղը չէ, Փառուխը չէ, այլ Քարագլուխ բարձունքը, որն ունի լուրջ մարտավարական նշանակություն: Բարձունքը փորձել են գրավել, կիրառել են ԱԹՍ-ներ, բայց չեն կարողացել»:

Դավիթ Ջամալյանի դիտարկմամբ՝ Արցախի սուբյեկտայնությունը ձեռնտու է նաև դաշնակից Ռուսաստանին. «Կա արտաքին քաղաքական նպաստավոր իրողություն՝ թե՛ դաշնակից ՌԴ-ին, թե՛ բարեկամ Իրանին ձեռնտու է այս ռեգիոնում տեսնել սուբյեկտայնություն ունեցող Հայաստան, և եթե գոնե Հայաստանի հիմնական հատվածում այդ սուբյեկտայնությունը զրոյացված է, գոնե առնվազն սուբյեկտայնություն ունեցող Արցախ, և այնտեղ արցախահայության և դաշնակիցների ու բարեկամների շահերը համընկնում են, և ես տեսնում եմ Արցախի սուբյեկտայնության դանդաղ վերականգնում: Դա ես տեսնում եմ և՛ արցախյան դիվանագիտության առաջ քաշած թեզերի մեջ, և՛ Արցախի ԱԺ բավականին համարձակ նախաձեռնությունների մեջ, և՛ գործով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս