«Ցավոք, այսօր ՀՀ իշխանությունները վստահելի չեն ո՛չ ՌԴ-ի համար, ո՛չ էլ մեր մյուս գործընկերների համար». Արտակ Զաքարյան
«ՀՀ-ի համար ՌԴ դերակատարությունն էականորեն մեծացել է, հատկապես Արցախյան պատերազմի խայտառակ և ցավալի պարտությունից հետո: Այսօր, եթե կա որևէ արտաքին ուժ, որը Հայաստանին ինչ-որ իրական բան կարող է տալ, դա միայն Ռուսաստանի Դաշնությունն է»,- «Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկմանը նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով, հայ-ռուսական հարաբերությունները պետք է ավելի խորանան, ընդլայնվեն, ռազմավարական կամ տարածաշրջանային նշանակության համատեղ ծրագրերը պետք է միս ու արյուն ստանան: Առաջիկայում Ռուսաստանը շատ հանգամանալից և խորը զբաղվելու է Հարավային Կովկասով:
«3+3 ձևաչափը, անկախ Հայաստանի ու Վրաստանի դիրքորոշումներից, կարևորվում է: ՌԴ-ի հետ մեր բոլոր բազմակողմ ձևաչափերում պետք է կարողանանք ունենալ լիակատար ներդաշնակ համագործակցություն և լինենք հասկանալի ու վստահելի: Ցավոք, այսօր Հայաստանի իշխանությունը վստահելի չէ ո՛չ ՌԴ-ի համար, ո՛չ էլ մեր մյուս գործընկերների համար: Ռուսաստանի հետ համագործակցությունը մեզ համար ռազմավարական առանցքային կարևորություն ունի: Որքան Հայաստանի կարողությունը, ուժը, ինքնիշխանությունը թուլանում է, այնքան Հայաստանի համար մեծանում է ՌԴ-ի հետ համագործակցության կարևորությունը: Այլընտրանքը Թուրքիան է: Եթե Թուրքիայի հետ գտնելու ենք խաղաղ համակեցության և գոյակցության նորմերը, որտեղ հայ ժողովուրդը շարունակելու է իր պատմական հայրենիքում՝ Հայկական բարձրավանդակում գոյատևել, ուրեմն ինձ համոզեք, որ Թուրքիան փոխել է իր նպատակները: Այդպես չի»,- արձանագրեց Արտակ Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում