«Ցավում եմ Տիգրան Սիմոնյանի համար, որ ինքն իջել է այդ աստիճան». Սերգեյ Մարաբյան

Երեկ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվում էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի վերաբերյալ կարգապահական վարույթը:

Նախորդ նիստը հունիսի 17-ին էր, սակայն դատավորը միջնորդել էր հետաձգել նիստը՝ այն հիմքով, որ գործի քննության համար կարևոր փաստաթղթեր պետք է ներկայացնի:

Հիշեցնենք, որ վարույթը հարուցել է Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի դիմումի հիման վրա:

Երեկվա դատական նիստին ներկայացել էին Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ Սերգեյ Մարաբյանն ու Հարություն Հարությունյանը, իսկ ինքը՝ դատավորը, ներկա չէր իր վերաբերյալ քննվող վարույթին:

Կարդացեք նաև

Խորհուրդը վարույթին մասնակցում էր Չիչոյան, Մակյան, Խաչատուրյան, Մխիթարյան, Բեքմեզյան, Միքայելյան կազմով:

ԲԴԽ նախագահի ԺՊ Սերգեյ Չիչոյանը մինչև քննարկմանն անցնելը տեղեկացրեց, որ թե հեռախոսով են խոսել դատավոր Տիգրան Սիմոնյանի հետ, թե պատշաճ ծանուցել են, բայց այսօր ԲԴԽ աշխատակիցը հեռախոսազրույց է ունեցել Սիմոնյանի հետ, և վերջինս ասել է՝ չնայած ստացել է ծանուցագիր, սակայն չի կարող ներկայանալ իր վերաբերյալ քննվող վարույթին, քանի որ ունի նշանակված նիստեր, ծանրաբեռնված է: Տիգրան Սիմոնյանը, սակայն, նիստը հետաձգելու միջնորդություն չէր ներկայացրել: Սերգեյ Մարաբյանն ասաց՝ այս պահին որևէ խոչընդոտ չի տեսնում, որ նիստը շարունակվի: Խորհուրդը նույնպես գտավ, որ նիստը պետք է շարունակվի:

Հաջորդիվ Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը ներկայացնող անդամ Սերգեյ Մարաբյանն իրենց միջնորդության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ:

«Լրացուցիչ փաստաթղթերի անհրաժեշտությունը պարոն Սիմոնյանը պայմանավորել է այն հանգամանքով, որ Հանձնաժողովը թիրախավորել է իրեն՝ քաղաքական նպատակներով խմբային շահերից ելնելով, և դրա համար է հետապնդում իրականացնում նրա նկատմամբ: Միևնույն ժամանակ նշում է, որ անհրաժեշտ է վեթինգ իրականացնել, ու դա սկսել դատավոր անդամներից: Կոնկրետ նշում է հանձնաժողովի մեկ անդամի, չեմ կարող ասել՝ ում: Ես կարող եմ վերագրել ինձ: Եվ ինքն ըստ էության ոչ թե հերքում է խախտման փաստը, այլ ընտրել է «կեղտոտ» մարտավարություն՝ զրպարտելով հանձնաժողովի անդամին: Ցավում եմ իր համար, որ ինքն իջել է այդ աստիճան»,- ասաց Սերգեյ Մարաբյանը:

Դատավորը նշեց նաև, որ փոխանակ օգտվի իրեն ընձեռած հնարավորությունից ու հանդես գա կոնկրետ հակափաստարկներով, դատավոր Սիմոնյանն ընտրել է ծանրաբեռնվածությամբ փաթեթավորված պատասխանատվությունից խուսափելու տարբերակը:

«Իրականում ես՝ որպես Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, շատ լավ տեղյակ եմ դատավորների ծանրաբեռնվածությունից, բայց Տիգրան Սիմոնյանը որևէ հիմնավորում չի ներկայացրել գործերի քանակի վերաբերյալ: Բացի դրանից, պարոն Սիմոնյանը տեղյակ չէ, որ Հանձնաժողովը Վերաքննիչ դատարանի այլ դատավորների վերաբերյալ էլ է նյութեր նախապատրաստել, որից հետո հարգարժան դատավորները ներկայացրել են բացատրություններ, նյութեր, որից հետո Հանձնաժողովը 3 դատավորի վերաբերյալ վարույթ է կարճել: Բայց պարոն Սիմոնյանը, տեղյակ չլինելով դրանից, նշում է, որ հենց ինքն է դարձել թիրախ»,- ասաց Սերգեյ Մարաբյանը:

Վերջինս, անդրադառնալով կարգապահական վարույթի խնդրո առարկա ակտի ուշացմանը, նշեց, որ բոլոր դատավորներն էլ ունենում են ուշացած ակտեր, և իրենց միջնորդությունը դրա մասին չէ, այլ նրա, որ անձը կալանքի վերցվել է բանավոր, առանց որոշման, և 28 օր մարդը չի իմացել՝ ինչ հիմքերի առկայության պարագայում է ինքը վերցվել կալանքի: Ընդ որում, փաստաբանը երկու անգամ դիմել է դատավորին, խնդրել որոշում, որ իր վստահորդին պարզաբանի խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պատճառները:

«Ասեմ, որ եզակի դեպքեր են եղել, երբ դատավորի կողմից ոչ թե որոշում, այլ քաղվածք է տրվել, այն էլ հաջորդ օրն անմիջապես տրվել է որոշում: Երբևէ որևէ դատավոր քաղվածքի հիման վրա անձին կալանքի չի վերցրել մեկ ամիս»,- ասաց Սերգեյ Մարաբյանը:

Ըստ նրա՝ դատավորը չի ժխտում, որ խախտում է թույլատրել, այլ ասել է՝ քանի որ բոլորն են խախտում թույլ տալիս, ես էլ պիտի թույլ տամ ու դրա համար չպատժվեմ:

«Գումարած դրան՝ ինքը նաև հանձնաժողովին պարզաբանումներ չի տալիս, հնարավորություն չի տալիս քննարկել՝ միգուցե իր ծանրաբեռնությունը հաշվի առնելով՝ չդիմեինք ԲԴԽ: Ինքը նաև մեզ է զրկել հստակ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից»,- ասաց Սերգեյ Մարաբյանը:

ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը հարցրեց՝ ձեռնարկե՞լ է արդյոք Հանձնաժողովը որևէ գործողություն, որպեսզի փարատի դատավոր Սիմոնյանի մտահոգությունը: Սերգեյ Մարաբյանը պատասխանեց՝ իրենք չեն իմացել, որ Սիմոնյանը միջնորդել է հանել բոլոր դատավորների վերաբերյալ վիճակագրությունը, հետևաբար՝ այս փուլում իրենք այլևս որևէ լիազորություն չեն ունեցել ուսումնասիրություն անելու:

«Բացի դրանից, անձի իրավունքի պաշտպանության տեսանկյունից բացարձակ նշանակություն չունի՝ այլ դատավորներ դատական ակտերն ո՞ւշ են տրամադրում, թե՞ ոչ: Եթե անձին 28 օր զրկում են ազատությունից, ու ինքը չգիտի՝ ինչ հիմքերով ու պատճառաբանությամբ են դա անում, որևէ նշանակություն չունի, որ Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավոր նույնպես խախտում է անում ու որոշումը մեկ օր անց է տրամադրում: Ես զրուցել եմ այլ դատավորների հետ: Բացի Տիգրան Սիմոնյանից, որևէ մեկը քաղվածքի հիման վրա կալանքի որոշում չի կայացրել»,- ասաց Սերգեյ Մարաբյանը, ապա ներկայացրեց Հանձնաժողովի միջնորդությունը՝ նշելով, որ «քաղվածք» քրեադատավարական հասկացություն առհասարակ գոյություն չունի:

ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը միջնորդեց խնդրո առարկայի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն ստանալ Հանձնաժողովից, Քրեակատարողական ծառայությունից և Դատական դեպարտամենտից:

ԲԴԽ-ն որոշեց բավարարել Անի Մխիթարյանի միջնորդությունը: Կողմին որոշվեց տրամադրել երկշաբաթյա ժամկետ: Հաջորդ դատական  նիստի օրվա մասին կծանուցվի լրացուցիչ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս